Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Այսօր Կարեն Դեմիրճյանը կդառնար ութսուն տարեկան

Ապրիլ 17,2012 13:35

Նա մեզանից հեռացավ առանց մեղքի զգացման եւ մաքուր ձեռքերով

Հասարակության ու ժողովրդի պահանջին անսալով, հայրենիքի առաջ ծառացած հսկայական խնդիրները խորապես ընկալելով եւ տասը տարվա լռությունից հետո Կարեն Դեմիրճյանը 1998-ին առաջադրեց իր թեկնածությունը: Հայաստանցիները պիտի ընտրություն կատարեին տասներկու թեկնածուների միջեւ, որոնցից տասը, նրանց թվում նաեւ նախագահի պաշտոնակատարը, պայքարում էին մեկի դեմ (բացառությունը Դավիթ Շահնազարյանն էր): Պայքարում էր պետական ապարատի մի ստվար մասը, լրատվամիջոցները, պետական քարոզչության մեքենան: Եթերից ստալինյան ժամանակների ոճով գռեհիկ ապատեղեկատվություն էր հաղորդվում, ցուցադրվող վարկաբեկիչ ու ցածրաճաշակ մուլտիկներում հրեշավոր մեղադրանքներ էին հնչում, որոնք մեկ-մեկ «բարի» ընդմիջումներ էին ունենում՝ «կլիզմայի անեկտոդների» տեսքով: Չնայած այս ամենին՝ Կարեն Դեմիրճյանը հաղթեց, հաղթեց հենց առաջին փուլում, բայց նշանակվեց երկրորդ փուլ, եւ կրկին, այս անգամ արդեն մասսայական՝ անհավանական ծավալի լցոնումներով, այնուամենայնիվ, նախագահական աթոռը բռնազավթվեց:

Հասարակությունը փոթորկված էր, մարդիկ պահանջում էին դուրս գալ փողոց, մարդիկ ուզում էին տեր կանգնել իրենց քվեներին…իսկ Կարեն Սերոբիչը գլուխն առած ափերի մեջ՝ նստած էր… մինչեւ այսօր ականջներիս մեջ են Մեծ ազգասերի խոսքերը… Ժողովուրդը երեխայի նման հավատավոր է, եթե նրան փողոց ես դուրս բերում, նախ ասելիք պիտի ունենաս, եթե խոստում ես տալիս, պիտի հաստատ իմանաս, որ կկատարես, այլապես նա կդառնա անկառավարելի ամբոխ… Իսկ իշխանության գալու համար նույնիսկ մեկ հայ մարդու մեկ կաթիլ արյունը չի կարելի թափել…

Իր սիրելի հայրենիքի հողում նա ցանում էր ժողովրդասիրության ու փոխըմբռնման աստվածածին սերմերը…

Շատ շատերն ընդվզեցին, նույնիսկ մեղադրեցին…միայն տարիներ հետո պարզ դարձավ, որ նա բոլորիցս լավ էր հասկանում ու զգում իր մրցակցի ատելության ողջ ուժը՝ իշխանատենչության աստիճանը:

1998-ի հենց այդ օրերին հայոց հողի մեջ նետվեցին նաեւ ժողովրդատյացության ու ղարաբաղցի-հայաստանցի հակամարտության վիշապածին սերմերը…

Ցնցումներից, արյունից խուսափելու համար հմուտ առաջնորդը պայքարի այլ մարտավարություն էր նախորոշել. եւ մի տարի անց արդեն «Միասնություն» դաշինքը կազմեց հենց այն ուժի հետ, որ ընտրությունների ժամանակ իր անհաշտ հակառակորդն էր: Այո, այդպիսի ձգողականության ուժ ուներ նրա նվիրումը ազգին ու պետությանը: Շատ չանցած՝ փորձառու քաղաքական գործիչն արդեն Ազգային ժողովի պատգամավորն ու նախագահն էր…

Իսկ մի քանի ամիս հետո հոկտեմբերի 27-ն էր… երանի թե օրացույցից ջնջված լիներ այդ ամսաթիվը, եւ մենք այսօր ազգովի նշեինք Կարեն Սերոբի Դեմիրճյանի ութսունամյա հոբելյանը:

Անսահման եմ ցավում, որ նույնիսկ նրա նման իմաստուն մարդն ընդունակ չեղավ լիովին ընկալելու վիշապածին սերմերի զորությունն ու կանխելու այդ մեծ աղետն ու խայտառակությունը, չհասցրեց զգուշացնել, որ նոր չարիքներ են գալու:

2003-ին կրկին նախագահական ընտրություններ էին… Թեկնածուների մեջ կրկին Դեմիրճյան ազգանունն էր: Բայց կեղծարարների «թիմն» արդեն լուրջ փորձ էր ձեռք բերել, ու զինանոցն ավելի քան հարուստ էր… Իշխանությունը կրկին բռնազավթվեց…Ապացուցված բազում կեղծիքները եւ մեկ միլիոն լրացուցիչ քվեաթերթիկի տպագրության փաստը Սահմանադրական դատարանին պարտադրեցին «Վստահության հանրաքվե» անցկացնելու որոշում կայացնել … Ու նորից սկսվեցին վարկաբեկման հզոր ալիքը եւ մասսայական բռնությունները…

Սասունցի Դավիթի հայրենակիցների համբերության բաժակը լցվեց, արդարությունը որպես դրոշ պարզած՝ մարդիկ ապրիլի 12-ին դուրս հորդացին տներից՝ պահանջելով Վստահության հանրաքվեի կայացումը: Բողոքի խաղաղ ցույցի դուրս եկածներին դիմավորեցին էլի հայերը, բայց հրաման կատարող հայերը՝ գործի դրվեցին մահակները, էլեկտրաշոկերը, կանանց մազերից բռնած քարշ էին տալիս Բաղրամյան պողոտայով…

Մի քանի տասնյակ «ազգային», «ժողովրդավար» կուսակցություններից եւ ոչ մեկը որեւէ ձայն չհանեց… Սկսվեց համազգային լռության, տնտեսական «հաջողությունների», նոր աշխատատեղերի «բացման»… ժապավենների կտրման ու հոկտեմբերի 27-ի բացահայտման իմիտացիաների հնգամյակը… որ բերեց, բերեց ու մեզ ազգովի հասցրեց մի անդառնալի շեմի՝ մարտի 1-ին…

Ուրվագծեցի մեր երիտասարդ հանրապետության երեք նախագահական ընտրությունները, եւ ինչպես տեսաք հստակ երեւում է դաժանության առումով նույն, բայց կատարելագործվող ձեռագիրը… Այսօր ինչ-որ շատ է խոսվում երկրորդ նախագահի մեծ քաղաքականություն վերադարձի մասին, քննարկվում են Հայաստանում կամ արտերկրներում զբաղեցնելիք պաշտոնները, նրա բիզնեսի ծավալները, ներգործությունն այս կամ այն քաղաքական ուժի վրա… եւ այլն, եւ այլն… Է՜, եթե կարող է, թող վերադառնա, գուցե՞ այս անգամ նրան հաջողվի բացահայտել հոկտեմբերի 27-ի պատվիրատուներին, ի վերջո այդքան մեծ ջանքեր է թափել, կամ գուցե՞ մարտի 1-ին «ծառերի ետեւից կրակողներին» է կարողանում գտնել:

Մի՞թե անպայման պիտի տասնմեկ անմեղ մարդու արյուն հեղվեր Հայոց հողի վրա, որ հրաման կատարողները սկսեին խոսել իրենց հայրենակիցների հետ, կամ գուցե ուղղակի հրաման տվողներն են փոխվել… Այսօր մեր երկրի քաղաքական դաշտում երկխոսությունների միտում է նկատվում, որ նախկինում պատկերացնելն անգամ հնարավոր չէր… ղարաբաղցի-հայաստանցի հակամարտությունը կարծես սկսում է իրեն սպառել … մի տեսակ ավելի հանդուրժող ենք դարձել, եւ այլակարծությունն այլեւս դադարել է մահացու մեղք կամ պետական դավաճանություն լինելուց…

Այսօր Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանը կդառնար ութսուն տարեկան… Անժամանակ ու ցավալի ձեւով լքեց նա մեզ… Հոկտեմբերի 27-ը անջնջելի խարան է մեր նորանկախ պատմության ճակատին, բայց Կարեն Դեմիրճյանն, ի տարբերություն խառնակ ժամանակների բազմաթիվ իշխանավորների, մեզանից հեռացավ առանց մեղքի զգացման եւ մաքուր ձեռքերով… ես համոզված եմ, որ, այնուամենայնիվ, նրա ցանած սերմերն են, որ սկսել են ծլարձակել մեր բարեբեր հողի վրա…

Ուզում եմ հավատալ, որ մենք իսկապես փոխվում ենք…

ԷՄՄԱ ԽՈՒԴԱԲԱՇՅԱՆ
ԱԺ նախկին պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30