Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարը՝ ռեկտորին. «Էդքան ուտել չի լինի, ինչքա՞ն վարձ է պետք, որ փորդ լցնես» (ֆոտոշարք)

Օգոստոս 08,2013 13:59 Share

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա պետք է անեին ուսանողները՝ ուսման վարձերի թանկացման դեմ: Բայց ուսանողների փոխարեն ոտքի էին ելել նրանց տատիկները եւ մի քանի երիտասարդ, որոնք այլեւս ուսանող չէին: Ակցիայի կազմակերպիչներն ուսանողների կողմից այդ պասիվությունը բացատրում էին արձակուրդներով եւ վստահեցնում, որ սեպտեմբերին ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանա, երբ պարտադրեն մինչեւ ամսի 6-ը վճարել բոլոր վարձերը:

Տատիկներից մեկի՝ Մանուշ Հախինյանի խոսքերով՝ «Վարձավճարները առանց այն էլ շատ բարձր են եւ անընդհատ բարձրացնում են: 80-200 հազար դրամ ավելացնելը մեղմ ասած սրիկայություն է: 4-5 հոգանոց ընտանիքում  1 հոգին է աշխատում, երկու ուսանող են պահում: Ստիպված պետք է այդքան վարձավճարներ տան, դա արդեն բոլորովին մարդկային չի, էլի: Երկու թոռս ավարտել են անցյալ տարի, փառք Աստծո, փրկվեցին էդ աղետից, բայց երկուսն այս տարի են ընդունվել պետհամալսարան եւ պիտի սովորեն: Տանը կռիվ է ընկել, երկու ուսանողից պետք է մեկին ուղարկեն: Հիմա վիճում են, թե որը դուրս կմնա»:

Տատիկը բացատրեց, որ թոռնիկները հիմա հանգստանալու են մեկնել, դրա համար չեն եկել բողոքի ակցիային: Շատ զայրացած էր. «Երեկ Պոլիտեխնիկի ռեկտորի նկարը տեսա, զարմացա էդ մարդու լայնքից: Ինչքա՞ն ավել վարձավճար է պետք, որ էդ մարդն իր փորը լցնի: Բայց չէ՞ որ ուսանողն էլ է ուզում  ուտի»:

ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը երեկ լրագրողների մոտ նեղսրտել էր, թե ինչո՞ւ է ձեզ թվում, որ դուք ավելի շատ եք մտածում ուսանողների համար, քան ես: Այս առնչությամբ, ցուցարարի դիտարկմամբ՝ «Դա ցինիզմի վերջին տեսակի դրսեւորում է: Չի կարելի: Գոնե թույլ չտար, որ իր նկարը տեսնեին մարդիկ:  Չի կարելի, էդքան ուտել չի լինի»:

Ինչ վերաբերում է կրթության որակի բարձրացման, նորմալ պայմաններ ստեղծելու խոստումներին՝ ըստ ցուցարարների, բոլորը սուտ խոստումներ են. «Ինչպես գազելների թանկացումն էր սուտ պատճառաբանություն, համոզված եղեք, ինչպես կար, այդպիսին էլ մնալու է: Հայաստանում ինչը թանկանում է, երբեք այլեւս չի էժանանում, ինչը խոստանում են, երբեք չի կատարվում: Այնպես որ, ես ոչ մի հույս չունեմ»:

Մեկ այլ ուսանողի տատիկի՝ Մանյա Հայրապետյանի խոսքերով՝ «Թոռս բանակից եկել է, չի կարող ուսանող լինել՝ վարձի պատճառով: Պահանջում ենք կասեցնել այդ թանկացումները: Թե ով կկասեցնի՝ մեզ համար միեւնույն է»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ուսանողությունը ոտքի չի կանգնել, մեկ-երկու հոգի եք այստեղ հավաքված, պահանջն ինչքանո՞վ տեղ կհասնի՝ նա պատասխանեց. «Այստեղ քանակը կարեւոր չի, որակն է կարեւոր: Երկրորդն էլ, շատերը քաղաքում չեն, տեղեկացված չեն: Դեռ պայքարի առաջին օրն է, կգան»:

PrevPhoto
NextPhoto


Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Զարմանում եմ, որ այս մեծ փորի, հաստ վզի ու կարճ ուղեղի տեր մարդը կարող է իրեն թույլ տալ արտահայտվել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսորի մասին: Կասկածում եմ, որ այս տիկինն, ընդհանրապես, կրթության մասին որեւէ բան գիտի, եթե հիմա նոր է տեսել Ա. Ավետիսյանին, ով 20 տարի շարունակ կրթության ու գիտության ոլորտում սրտացավ մարդու անուն է վաստակել: Համոզված եմ, որ թոռների ընդունված բուհը եւ մասնագիտությունը չիմացող տատիկը տարրական կրթություն էլ չունի: Ուղղակի ամոթ է, որ ակցիային նման մարդկանց են ընդգրկել՝ գլխաքանակ ապահովելու համար:

  2. Maxim says:

    Հարգելի Կարինե, խոսքս այս տիկնոջ մեկնաբանության մասին չէ: Բայց պետք է խոստովանել, որ Հայաստանում ստացած դիպլոմները, սահմանից դուրս հավասարվում են կռունկավարի կամ մեկ այլ
    նմանատիպ փաստաթղթի: Ահա թե՛ ինչի մասին պետք է առաջին հերթին մտահոգվել: Իսկ երբ տվյալ
    երկրում են ուսումը շարունակում, ապա կարճ ժամանակում դառնում են լավ մասնագետներ:

  3. Լուսինե says:

    Այսինքն եթե խնդիրը բարձրացվեր սլացիկ իրանով, արագիլի վզով ու ակնոցներով ուղեղի տպավորուն թողող արտաքինով մեկի կողմից ավելի արժանահավատ կլինե՞ր:

Պատասխանել Maxim

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031