Լրահոս
Օրվա լրահոսը

«Սհաթի» հարցով կոնսենսուս կա

Սեպտեմբեր 09,2013 11:23 Share

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, գործող նախագահ Սերժ Սարգսյանը եվրաինտեգրման գործընթացը սկսելուց առաջ պետք է գնար Պուտինի մոտ (ի դեպ, ո՞վ ասաց, որ չի գնացել) եւ հարցներ՝ «Ահա այսպիսի բան եմ ուզում անել, ի՞նչ կասես»: Եվ եթե Պուտինը պատասխաներ՝ «Վայ, ոչ մի դեպքում մի արա, ես քեզ դրա փոխարեն լիքը կոնֆետներ կտամ», մենք այս գործընթացում կընտրեինք չարիքներից փոքրագույնը: Բայց քանի որ, ՀԱԿ-ի առաջնորդի կարծիքով, ներկայիս նախագահը դա չէր արել, ապա Մոսկվայից եկավ «ծեծված-նվաստացած»՝ Պուտինը նրան սպառնաց՝ «Թարգի այդ քո Եվրոպա-Մեվրոպաները, թե չէ երկիրդ կհասցնեմ տնտեսական կոլափսի,  Ղարաբաղն էլ կտամ ադրբեջանցիներին»:

Չգիտեմ, գուցե այդ ամենը հենց այդպես էլ կա, եւ առաջին նախագահը իրավացի է, ու Ռուսաստանի հետ արժեր ավելի ճիշտ «բազար անել»: Բայց, խոստովանեմ, դրանք ինձ համար դետալներ են, քաղաքականության երանգներ: Իսկ առավել կարեւորն այն է, որ մեր հիմնական, «ոչ մարգինալ» քաղաքական ուժերի  գլխավոր վեկտորը նույնն է, եւ առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահները համոզված են, որ Ռուսաստանից պրծում չկա եւ, ի վերջո, լավ կամ վատ «բազարով», պետք է անել այն, ինչ այդ երկիրը մեզ կպարտադրի: Քաղաքական ուժերը եւ նախագահները դեռ ոչինչ՝ այդպես է կարծում նաեւ մեր բնակչության մեծամասնությունը՝ «դարերով ռուսի շվաքի տակ ապրել ենք ու այդպես էլ կապրենք»: Ինչպես կասեր «Կովկասի ազատագրմանը» մասնակցած հանճարեղ ռուս բանաստեղծը՝ «под сенью дружеских штыков»:

Իմ տպավորությամբ, հայաստանցիներն ամենեւին սուգ չեն անում Մաքսային միության կամ «նվաստանալու-ծեծվելու» առիթով: Մարդիկ, որոնք հետաքրքրվում են այդ խնդիրներով, ամեն ինչ ընկալում են որպես բնականոն գործընթաց, իսկ մնացածները խորապես թքած ունեն:

Ես, ինչպես եւ, հավանաբար, Հայաստանում ապրող եւս մի քանի հարյուր հոգի, այդ ճակատագրապաշտական կողմնորոշման հետ համաձայն չեմ, եւ «շվաքի» ու «սհաթի» գաղափարները ինձ հոգեհարազատ չեն: Ինձ թվում է, որ մնալով Ռուսաստանի բարեկամը, պահպանելով եւ զարգացնելով այդ երկրի հետ ռազմական, տնտեսական ու մշակութային կապերը, հնարավոր է ընտրել սեփական քաղաքակրթական ճանապարհը, որը ոչ թե կհակադրի, այլ կհամատեղի Ռուսաստանի եւ Եվրոպայի, Արեւմուտքի եւ Արեւելքի լավագույն  նվաճումները, համենայնդեպս  չի փոխառի պուտինյան ներկայիս ռեժիմի ամենահոռի դրսեւորումները՝ ավտորիտարիզմը, կոռուպցիան, չինովնիկների ամենաթողություն եւ այլն: Կարծեմ, իմ այս տեսակետը այնքան էլ մարգինալ չէ:

…Համբարձում Գալստյանի «Չուղարկված նամակներ» գրքում, որտեղ ինչպես հայտնի է, ամփոփված են, «Ղարաբաղ» կոմիտեի անդամի նամակները, որոնք գրվել են 1989 թվականի սկզբին ձերբակալվելուց անմիջապես առաջ, ինչպես նաեւ Բուտիրկա բանտից, երկու անգամ  մեջբերում է կատարվում է Ա.Հերցենի «Ռուսաստանում հեղափոխական գաղափարների զարգացումը» աշխատությունից. «Ռուսաստանը ստրուկ է եւ այն պատճառով, որ պոեզիա է տեսնում նյութական ուժի եւ փառք՝ ժողովուրդներին սարսափեցնող խրտվիլակ լինելու մեջ»: Համատեքստից պարզ է, որ հայ քաղաքական գործիչը անվերապահորեն համաձայն էր այդ մեջբերման հետ: Հերցենի մոտ խոսքը, բնականաբար, ռուսական, ոչ թե խորհրդային կայսրության մասին է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Samvel says:

    Ինձ թվում է, որ մնալով Ռուսաստանի բարեկամը, պահպանելով եւ զարգացնելով այդ երկրի հետ ռազմական, տնտեսական ու մշակութային կապերը, հնարավոր է ընտրել սեփական քաղաքակրթական ճանապարհը, որը ոչ թե կհակադրի, այլ կհամատեղի Ռուսաստանի եւ Եվրոպայի, Արեւմուտքի եւ Արեւելքի լավագույն նվաճումները,

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/09/383464/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
    Իսկ դուք չեք կարծում,որ միայն ասելով ոչնչի չենք հասնի.համախմբվեք և ոչ թե ապրեք<>լոզունգով:Թե չէ կարծես այլ մոլորակայիններով ենք շրջափակված և սպասում ենք հրաշքի,լեզու ունենալը քիչ է ,գաղափար և ուղեղ է պետք:

  2. Տիգրան says:

    իսկ արդյոք՞ Մոսկվան համաձայն է Ձեև տարբերակին:Եվրոպան քսան տարի ժամանակ ուներ Հայաստանի պես երկրին օգնելու Եվրոմիության մեջ մցնելու համար:Բայց սպասեց այնքան մինչև Ռուսաստանը կուժեղանա այնքան ,մինչև ոչմեկին ոչինչ չի հարցնի:Հավանաբար մեր իշխանությունների համար միևնույնն է ,Թէ ինչ կլինի Հայաստանի հետ:Նրանք վաղուց իրենց դրսում ապահովել են:Եթե այպես չէ, ապա նրանք կարող էին այս ՝սան տարիների ընթացքում առաջ անցնել Եվրոմոնիտորնգից ու սեղծել իսկապես Լավ Հայաստան, որը որ չեղավ:

  3. Որևէ երկրում, որևէ տեղ քաղաքականությունը միայնակ չի կերտվում:Հիշեք Լևոնին,որ ասում էր,թե իրենք իշանու-
    -թյունը վերցրել են կոմունիստներից ու կզիջեն միայն կոմունիստներին:Մոտ 20 տարի հետո էլ զիջեցինք:Սրա մեջ
    օրինաչափություն կա:Բանն այն է, որ թե մեր քաղաքական ուժերը,թե արևմուտքը շոշափելի ոչինչ չարեցին նկատ-
    -վող հանգրվանից խույս տալու համար:Նույն բանը տեղիունեցավ 1920-ին:Մեծ քաղաքական տեսանկյունից կարևոր
    չէ,թե որտեղ է Արցախը,կարևորը ազդեցության ոլորտներ են:Մեղադրել ռուսներին մեր անշնորհքության մեջ արդար
    չէ:Առանց մեզ էլ նրանք բավական անշնորհք են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները:Հենց սա պետք է լինի դաշնակից պետությունների խնդիրը՝համատեղ ջանքերով կերտել սեփական ժողովրդի անվտանգ ու բարեկեցիկ ապագան:Միանշանակ սա ձեռնտու չէ արևմուտքին,որ ձգտում է հատկապես Ռուսաստանի հաշվին լուծել շատ խնդիռներ:Մեծ հաշվով տուժում է Եվրոպական քաղաքակրթությունը,որը շատ շուտով կզգան թե Եվրոպայում,թե Ռուսաստանում:Կարող էր Հայաստանը նպաստել հնդեվրոպական քաղաքակրթական տարածքի ձևավորմանը և ավելի կենսունակ տարածքի ստեղծմանը:Կարող էր և դեռ կարող է:Բայց նման խնդիր չի դրվել:

  4. Gagik says:

    20 տարվա ընթացքում մենք պետք է կարողանայինք տնտեսական վերելք ապրել, այդ դեպքում բոլորը մեզ՝ որպես հաջողված պետականություն ստեղծած ժողովրդի, հարգանքի տեսանկյունից կմոտենային; իսկ ինչ արեցինք մենք – ապախորհրդայնացման ժամանակ բնապահպանության պահպանման պատրվակով կազմալուծեցինք-վերացրինք Հայաստանում եղած արդյունաբերական ձեռնարկությունները, փոխանակ ըստ անհրաժեշտության դրանց մոդեռնիզացնելու։ Այդ տեսակետից պատերազմը մեզ այնքան չվնասեց, քան սկզբնական շրջանի ապաշնորհ ղեկավարները։ և ցավալին այն է, որ մինչև հիմա անցյալի սխալներից ճիշտ հետևություն չի արվում։ Եվրոպային և Ռուսաստանին ուժեղ տնտեսություն ունեցող Հայաստան պետք չէ։ Նայեք հարավային Կորեային, արդյոք նրանք որևէ միության կարիք ունեն, իրենք ներսի ճիշտ տնտեսավարմամբ այսօր ունեն այն, ինչ ունեն….

    • Կարինե says:

      Հարավային Կորեայի օրինակը հետաքրքիր է, բայց լրիվ ուրիշ բանի մասին է վկայում: Հարավային Կորեան ժամանակին տրվել է Արևմուտքին, Հյուսիսայինը՝ ՍՍՀՄ-ին, կարդա՝Ռուսաստանին: Այսինքն, Հարավայինը գտնվել է Արևմուտքի ազդեցության ոլորտում, Հյուսիսայինը՝ Ռուսաստանի: Եվ այսօր ունենք այն, ինչ որ ունենք….Ինչպես ասում են …. no comments()

      • ani says:

        Շատ լավ համեմատություն էր: Եվ իսկապես, Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրություն անելիս պետք է նայել միջազգային փորձը, ինչ զարգացում, կամ ավելի շուտ ինչ վախճան են ունեցել Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող և Ռուսաստանն ընտրած երկրները և ինչ զարգացում են ունեցել արևմուտքի կողմն անցածները: Ռուսաստանը փտած և ճահճացած մի բռնապետական կայսրություն է, որն անդունդն է գլորում բոլոր իր թևի տակ անցած երկրներին: Էն, որ մեր նման նվազ ու թույլ երկրները չեն կարող որևէ մի գերտերության ազդեցության տակ չլինել, ես լիովին համամիտ եմ և այս պարագայում ես հաստատ չէի ընտրի Ռուսաստանը:

  5. Կարինե says:

    Կան շատ բաներ աշխարհում, եղբայրը Հորացիո,, քան կարող են երազել է ձեր փիլիսոփայությունը (с)
    Ես բառեր չեմ գտնում միայն՝ Եվ դու Բրուտոս……(((((((((((

Պատասխանել Gagik

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30