Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակունքը» Աղավնատուն հասավ

Հոկտեմբեր 10,2013 12:20 Share

Մեր ժողովրդի համար մշակույթը, հատկապես երգն ու պարը միշտ էլ ունեն կարեւոր դեր: Այս առումով հաճելի է, որ հաճախ տարբեր երաժշտական խմբեր, անհատ կատարողներ համերգով հանդես են եկել Բերձորում, Կովսականում: Սակայն այլ է, երբ ճանաչված երգիչներ եւ համույթներ իրենց արվեստը հրամցնում են հեռավոր, այսպես ասած՝ աշխարհից կտրված գյուղերում: Վերջերս Քաշաթաղի շրջանի Աղավնատուն համայնքի բնակչությանը մոտ մեկ ժամ հաճելի անակնկալ մատուցեց մեր ժողովրդի լավագույն երգի ու պարի ազգագրական համույթներից «Ակունքը»: ԱԺ պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանի կազմակերպմամբ «Ակունքը»,  ճանաչված երգիչներ Դավիթ Ամալյանի եւ Մկրտիչ Մկրտչյանի հետ, Մարտակերտում իրենց նվերն են մատուցել շրջանի ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Երեւան վերադառնալիս «Ակունքի» երգիչները, չնայած անձրեւային եղանակին եւ ճանապարհի դժվարությանը, համաձայնեցին հասնել Աղավնատուն: Ճանապարհին զրուցեցի համույթի գեղարվեստական ղեկավար Սարգիս Ալավերդյանի հետ: Համույթն ստեղծվել է հայ ժողովրդական ու ազգագրական երգի նվիրյալ Հայրիկ Մուրադյանի դստեր՝ Մարո Մուրադյանի ջանքերով, 37 տարի առաջ: Արցախում առաջին անգամ հանդես է եկել 1988 թվականին, այնուհետեւ համերգներ են տվել զորամասերում՝ 1993, 1998, 1999 թվականներին: Համույթի հիմնադիրներից՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Բաղդասարյանը   պատմեց, թե ինչպես 1975 թվականից սկսած՝ 3-4 տարիների ընթացքում  ինչ ջանքերով ու դժվարությամբ է կայացել խումբը՝ Երեւանի Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Այս հարցում իրենց մեծ օգնությունն են ցուցաբերել Հայրիկ Մուրադյանը, ճարտարապետ Վարազդատ Հարությունյանը, արվեստի ու մշակույթի, այլ բնագավառների ներկայացուցիչներ:

«Այդ ժամանակ Հայրիկ Մուրադյանն արդեն ձայնապնակ էր թողարկել, ստեղծել էր «Հայ մշակույթի ակումբ»-ը, եւ  հաճախ ներկա էր լինում մեր՝ կազմավորվող խմբի փորձերին, խորհուրդներ տալիս: Նրա միջոցով ծանոթացանք նաեւ դստեր՝ Մարոյի հետ, եւ  ձեւավորվեց  ազգագրական խումբը:  Կատարում էինք Մշո, Տարոնի, Տուրուբերանի, Վանի, Սասնո, Ալաշկերտի, Շիրակի եւ Հայոց այլ տարածքների ժողովրդական ու ազգագրական երգերն ու պարերը: Առաջին անգամ համերգով հանդես եկանք Մատենադարանի մոտ, սակայն որպես պաշտոնական համերգ՝ այն տվել ենք Երեւանի պետական համալսարանում, 1977 թվականի նոյեմբերին: 1981-ին խումբը կոչվեց «Ակունք»: Մինչ այդ Տալլինում մասնակցեցինք ազգագրական փառատոնի. արձագանքը շատ մեծ էր. մեզ նկատեցին եւ հրավիրեցին հանդես գալ  Կիեւում: 1981 թվականին Հեռուստառադիո  պետկոմի նախագահ Ստեփան  Պողոսյանը մեզ հրավիրեց հեռուստատեսություն՝ ելույթի: Նույն թվականի նոյեմբերին եղանք Արեւմտյան Գերմանիայում: Խորհրդային երկրից առաջին ազգագրական խումբն էր, որ հանդես եկավ կապիտալիստական Գերմանիայում: Դրանից հետո սկսվեց մեր հաղթարշավը»,- այսպես ներկայացրեց իրենց անցած ուղին վաստակավոր արտիստը:

Այսօր էլ շատ բեմերում հնչում են  մեր ժողովրդի գոհարները «Ակունքի» միջոցով: Ինչ վերաբերում է Աղավնատուն համայնքին, այն գտնվում է Բերձորից 35 կմ հարավ՝ Հակարի գետի ձախափնյա լանջերին: Կազմված է 3 բնակավայրերից՝ Աղավնատուն (9 ընտանիք), Հարար (14) եւ Խաչգետիկ (15): Համայնքի ղեկավար Նազիկ Մելքոնյանը տեղեկացրեց, որ համայնքում կա 38 ընտանիք՝ 137 բնակչով, որից 50-ը երեխաներ են: Դպրոցում կա 24 աշակերտ եւ 9 ուսուցիչ՝ 6 դասարան-կոմպլեկտով: Առաջին դասարանում սովորում է 2 աշակերտ, 12-րդում՝ 1:  Դպրոցում էլ կայացավ համերգը, որին ներկա էր համայնքի գրեթե ողջ բնակչությունը: Ելույթից առաջ Սարգիս Բաղդասարյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ այստեղ համերգ տալը մեծ պատիվ է իրենց համար, քանի որ եկել են ուրախացնելու արյունով ազատագրված հայոց պատմական հողը շենացնողներին՝ նորօրյա հերոսներին:

«Նայում եմ ձեր աչքերին, եւ հուզմունքը խեղդում է ինձ. այն լուսավոր կետն եք, որ 3 գյուղեր համախմբվել եք այս փոքր դպրոցում, որը, սակայն, մեզ համար ամենամեծ դահլիճն է, այս հատակը՝ ամենամեծ բեմը: Հավատում եմ, որ կգա օրը, եւ կմեծանա համայնքը, յուրաքանչյուր բնակավայր կունենա իր մեծ դպրոցը: Շնորհակալ եմ, որ դուք այստեղ եք. հաղթանակը կլինի կատարյալ, եթե ազատագրված հողում հայը բնակվի, բնակավայրը շենանա»,- եզրափակեց խոսքը ճանաչված երգիչը:

Ողջ օրը բնակիչներն սպասել էին այս համերգին եւ  չէին ուզում, որ այն ավարտվի, թեկուզ օրը մթնել էր: Համույթի ղեկավար Սարգիս Ալավերդյանը պատմեց, որ 1993-ին համերգով հանդես են եկել ազատամարտիկների մոտ, ու Մոնթեն երգիչներին մեկական փամփուշտ է նվիրել՝ ասելով՝ կներեք, որ ծաղիկներ չունենք:

«Վերադառնալիս փամփուշտները տվեցինք զինվորներին, քանի որ դրանք նրանց էին պետք»,- հիշեց Սարգիս Ալավերդյանը:

ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ

Բերձոր-Աղավնատուն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031