Տնտեսագետ Վարդան Բոստանջյանի համեմատությունը՝
ՓՄՁ-ից փաստաթղթեր ներկայացնելու պահանջի վերաբերյալ
Չնայած կառավարությունը խոստացել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի պահանջներից մեկը՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը, հետաձգել մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը, ու սա դեռ Ազգային ժողովն էլ պետք է ընդունի, իսկ օրենքից դժգոհ հանրությունն էլ կարծես թե հանդարտվել է, սակայն օրենքի մասին քննարկումները տարբեր հարթակներում շարունակվում են:
Ըստ էության, օրենքը պետք է որ ձեռնտու լիներ առեւտրով զբաղվող հարկ վճարողներին, քանի որ իրենց շրջանառության 3.5% հարկը նվազեցվել է 1%-ի: «Սրանի՞ց էլ լավ բան»,- ասում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, բայց փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին դեռ չփոփոխված օրենքը չի գոհացնում. նրանք պնդում են, որ չեն կարող ձեռք բերված ապրանքների փաստաթղթավորումը ցույց տալ:
Գուցե սովո՞ր են իրական եկամտի չափը գաղտնի պահել՝ մեր այս դիտարկմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանն ասում է, որ շատ են այնպիսի առեւտրականները, որոնք կարող է եւ մեր հետամնացությունից ուզում են «թաքնվել», հարկ չտալ: «Բայց խնդիրն այլ է. եթե կառավարությունը չբարձրաձայներ, որ խոշորներին է ուզում ստվերից հանել ու հարկային դաշտ բերել՝ ուրիշ բան, իսկ այդպիսի պատճառաբանությունը ծիծաղելի է: Դուք պատկերացրեք՝ մժեղներին հավաքում են ջունգլիներում՝ ուղարկում փղերին դաստիարակելու»,- այսպիսի համեմատություն է անում տնտեսագետը օրենքի հիմնավորման մասին:
Կարդացեք նաև
Վարդան Բոստանջյանը նաեւ նկատում է, որ եթե իրոք խոշորներին են ուզում ստվերից հանել, ապա դրանց թիվն այնքան մեծ չէ, որ չկարողանային բացահայտել, ու հարկ է եղել ՓՄՁ-ի միջոցով նրանց գտնել:
«Բոլորն էլ հասկանում են, որ ձեր հովանավորությամբ է խոշորն աշխատում, էդ խոշորներին մատների վրա՝ 1, 2, 3…… հաշվելի են, ու էդ բոլորը գելի կամ առյուծի սիրտ չեն կերել, որ իրենք ուզենան թաքնվել»,- ասում է տնտեսագետը:
Բայց նաեւ չի բացառվում, որ խոշորներ կան, որոնք անկառավարելի են դարձել, ու կառավարությունն իսկապես չի կարողանում նրանց ստվերից հանել՝ մեր այս դիտարկմանն էլ տնտեսագետն ասում է. «Այո, հնարավոր է, ու հենց դրա համար էլ ծիծաղելի է, որ «մժեղներին ուղարկում են փղերի դեմ»: Այսինքն՝ դու որոշում ես մի բան՝ իմանալով, որ նա չի կարողանալու անել»: Ապա պարոն Բոստանջյանը հիշեցնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ ժամանակին բերած օրինակը. «Նիկոլն ասեց, չեմ ասում՝ ընդունեցի որպես հեղինակություն, բայց դա ակնհայտ էր. ենթադրենք, սպառվել է 10 կամ 20 հազար տոննա շաքարավազ, պարզվում է, որ Հայաստան է ներկրվել 3 հազար տոննա, պարզվում է՝ այդ ներկրողը ոչ թե գելի սիրտ է կերել, այլ իրեն ասել են՝ գրանցի 3 հազարը, էդ 3 հազարը, որ գրանցել է, կարող է 3 հազարի թուղթ տալ, իսկ էն մնացած 17 հազարը, եթե ասի՝ թուղթ տուր, սա կասի՝ ի՞նչ թուղթ, արա: Էդ 17 հազարը հո մեծ բիզնես չեն անում, ասենք՝ 100 միավորով վերցնում են՝ 103 միավորով վաճառում: Նրանք ընդամենը սոցիալական հարց են լուծում»:
Ն. Բ.
«Առավոտ» օրաթերթ
09.10.2014


















































