Մենք ամեն տարի նորանոր հույսերով ու սպասելիքներով ենք ոտք դնում նոր տարվա շեմ, բայց նոր տարին հենց առաջին իսկ օրերից նորանոր խնդիրներ է դնում մեր առաջ: Համենայնդեպս, Հայաստանի անկախացումից հետո միշտ այդպես է եղել:
Մենք մեր Ջերմուկին ապավինելով՝ ինքներս մեզ ոսկե սարեր էինք խոստանում, բայց կյանքը ցույց տվեց, որ իրական անկախությունը հիմնականում հոգսերից ու խնդիրներից է բաղկացած: Մեր անկախությունը բացառություն չէր. ավելին՝ մեր հոգսերին ու խնդիրներին գումարվեց պատերազմը:
Փառք Աստծո եւ փառք մեր հերոսներին, որ պատերազմից փառքով ու հաղթանակով դուրս եկանք: Բոլորս: Փառք բոլորիս, որովհետեւ բոլորս էինք պատերազմի մասնակից, եւ նույնիսկ ցուրտ ու մութ տարիների թեմայով նվնվացողներն ու էդ թեմայի սիրահարներն էին պատերազմի մասնակից:
Մի խոսքով՝ հաղթանակը բոլորինս էր, բայց հաղթանակի պտուղները քչերն են վայելում: Այդ քչերը շարունակում են վայելել, բայց դա վայելք անվանելն էլ ճիշտ չէ, որովհետեւ նորմալ մարդը, նորմալ հայն ու նորմալ քաղաքացին չի կարող վայելել մի բան, որից իր համաքաղաքացիներն ու համերկրացիները զուրկ են: Եվ, դրանից էլ բացի՝ անհնարին է վայելել պտուղները մի հաղթանակի, որը վերջնական չէ:
Կարդացեք նաև
Այսինքն՝ պատերազմը շարունակվում է՝ տեղ-տեղ սառը, եւ տեղ-տեղ՝ չափազանց տաք: Եվ բոլորս այս շարունակվող եւ տաքուպաղ պատերազմի մեջ ենք: Վայելողներն ու չվայելողները՝ հավասարապես:
Այսուհանդերձ, դարերով երազած մեր անկախությունը փաստ է: Փաստ է նաեւ, որ մենք ամենեւին էլ անկախ չենք: Անկախանալով՝ տեսանք ու հասկացանք, որ աշխարհում բացարձակ անկախ երկիր գոյություն չունի: Նույնիսկ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու մյուս մեծերը անկախ չեն:
Եվ հատկապես փոքր ու աղքատ երկրներն անկախ չեն կարող լինել:
Որ մենք տարածքով փոքր երկիր եւ քանակությամբ փոքր ժողովուրդ ենք՝ առաջ էլ գիտեինք: Անկախությունից հետո հասկացանք նաեւ, որ տնտեսապես էլ առանձնապես հարուստ չենք: Եվ մեր Ջերմուկն էլ մեզ առանձնապես չի փրկում եւ չի կարող փրկել:
Բայց, այսուհանդերձ, մեզնով հետաքրքրվում են: Ընդ որում՝ աշխարհի մեծերն ու հզորները: Արեւմուտքն ու Ռուսաստանը: Կնշանակի՝ մեզնից, այնուամենայնիվ, ինչ-որ բան ներկայացնում ենք:
Բայց ի՞նչ ենք ներկայացնում: Ասել ու ասում ենք, որ համաշխարհային ազգ ենք, բայց չենք ասում, թե՝ ինչո՞վ եւ ինչո՞ւ ենք համաշխարհային:
Ասել ու ասում ենք, որ մեր ձախորդությունների ու դժբախտությունների պատճառը մեր աշխարհագրական դիրքն է, եւ երբեւէ չենք մտածել ու առավել եւս բարձրաձայնել, որ մենք առաջին հերթին հենց մեր աշխարհագրական դիրքի շնորհիվ ենք համաշխարհային ազգ ու երկիր, եւ հենց մեր աշխարհագրական դիրքի շնորհիվ ենք աշխարհին ու հատկապես աշխարհի հզորներին հետաքրքրում:
Եվ քանի որ մենք մեր աշխարհագրական դիրքի աննպաստությունն ենք գիտակցել, այլ ոչ թե նպաստավորությունը, առ էսօր ի վիճակի չենք եղել օգտվել էդ նպաստավորությունից, մինչդեռ օտարները մեր աշխարհագրական դիրքից օգտվել ու օգտվելու են, որովհետեւ, ի տարբերություն մեզ, գիտակցում են, որ Հայաստանը, տարածքով պստիկ ու չնչին լինելով, աշխարհի կարեւորագույն խաչմերուկներից մեկում կարեւորագույն տեղ է գրավում:
Եվ եթե մենք այս ուղղությամբ մի քիչ ավելի շատ մտածենք, միգուցե վերջապես մեր հիմնական արժանիքներն էլ հասկանանք ու գնահատենք՝ ինքներս մեզ համար հայտնաբերելով, թե մենք ուրիշ ինչով կարող ենք աշխարհի համար հետաքրքրություն առաջացնել:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
31.01.2015


















































