Լրահոս
Օրվա լրահոսը

Քրմերի սպառնալիքները

Մայիս 08,2015 10:12

Այն, ինչ ես ինձնից ներկայացնում եմ՝ ֆիզիկական, հոգեւոր, մտավոր առումով, իմ սոցիալական կարգավիճակով, նյութական հնարավորություններով, անձնական կյանքով՝ այդ բոլորի պատասխանատուն ես եմ: Ես կարող եմ հազարավոր պատճառաբանություն բերել՝ փորձելով ապացուցել, թե ով է մեղավոր, որ ես չունեմ այն, ինչ ես ուզում եմ ունենալ, վկայակոչել իմ մերձավոր եւ հեռավոր շրջապատը, կառավարության վատ աշխատանքը, եղանակային պայմանները, աշխարհագրական դիրքը, ազգային առանձնահատկությունները եւ այլն: Այդ պատճառաբանությունները, սակայն, ինքնախաբեություն են, պատասխանատվությունից խուսափելու փորձ: Եթե ես դժգոհ եմ իմ նյութական վիճակից, ապա դրա մեղավորը միայն ես եմ: Եթե ես բավարարված եմ դրանով, ապա դա իմ շնորհքն է: Եվ այդպես է բոլոր, առանց բացառությունների բոլոր ոլորտներում:

Մարդկանց մեծամասնությունն այդպես չի մտածում: Հատկապես այն երկրներում, այն հասարակություններում, որտեղ ուժեղ են ամբողջատիրական կամ պատերնալիստական ավանդույթները: Մարդիկ հրաժարվում են ընդունել սեփական պատասխանատվությունը, գերադասում են «հանգամանքների զոհի» կարգավիճակը եւ սկսում են իրենք իրենց խղճալ՝ սեփական անհաջողությունների պատճառը փնտրելով արտաքին աշխարհում: Վերջինիս ուղղված մեղադրանքները ցանկացած քաղաքական դեմագոգիայի հիմքն են՝ դուք լավ կապրեք, սիրելի ժողովուրդ, եթե ներքին եւ արտաքին թշնամիները քեզ չխանգարեն: Թշնամիների փնտրտուքը՝ անհատական եւ ազգային մակարդակներով, բազմաթիվ հոգեկան հիվանդությունների հիմքն է: Ամերիկացի հոգեբույժ Թոմաս Շացը նույնիսկ գտնում էր, որ գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է հոգեկան հիվանդությունը, կան միայն անպատասխանատվության տարբեր աստիճաններ:

Պատասխանատվության բարձրագույն աստիճանը հավատն է, երբ դու քո վարքը համաձայնեցնում ես քո ձեւավորած սկզբունքների հետ: Պատասխանատվության գրեթե զրոյական աստիճանի դու կարող ես հասնել, երբ որեւէ քուրմ կամ շաման, աշխարհիկ թե եկեղեցական, փորձում է քեզ խցկել որեւէ խմբի մեջ՝ իր սահմանափակ պատկերացումներին համապատասխան: Իմ լրագրողական գործունեության ընթացքում ես հարյուրավոր անգամներ նման «շամաններից» լսել եմ հետեւյալ «սպառնալիքը»՝ «եթե դու այսպես գրես, ես կմտածեմ, որ դու այսպիսին ես»՝ մոռանալով, որ նրա «մտածելը» դեռ շատ քիչ է:

Հիմա էլ մի հոգեւորական որոշել է բոլոր հայերին «զգուշացնել»՝ ով քրիստոնյա չի, նա հայ չի՝ հաշվի չառնելով, որ դա ամեն մի անհատի պատասխանատվության խնդիրն է. եթե մարդն իրեն հայ է զգում, ապա ոչ ոք չի կարող նրան զրկել այդ զգացողությունից: Մարդը հայ է, երջանիկ է, հարուստ է, ուժեղ է կամ թույլ է ճիշտ այնքանով, որքանով նա իրեն այդպիսին է համարում: Ոչ ոք չի կարող «կողքից հուշել» մարդուն նրա զգացողությունները: Նույնիսկ արքեպիսկոպոսները:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Կրունական-դավանաբանական հարցերի մասին համաձայն եմ իհարելե: Պարզ ճշմարտություններ են- թվում է:
    Թվում է:
    Բայց մնացած մասով- չեք հոգնում նույն բանը կրկնելուց:
    նույն միտքը հազար անգամ գրել եք:
    Մարդը իր ա համար ա պատասխանատու-…….
    Հասկացանք:

  2. Մարդ says:

    “այդ բոլորի պատասխանատուն ես եմ” Համաձայն չեմ: Դա սուբժեկտիվ մտածելակերպ է: Մենք բոլորս էլ կապված ենք մեր շրջապատի պայմաններից: Նույն մարդը տարբեր պայմաններում տարբեր ձեվով է իրեն դրսեվորում. Դա այդպես է նայեվ տեխնիկական ոլորտում. Windows ի մեջ աշխատող ծրագիրը չի աշխատում Linux ի մեջ այսինքն տեխնիկական շրջապատը նույնը չէ եվ այդտեղ ծրագիրը ոչ մի մեղք չունի. Շատերին բրթում , հանում , բարցրացնում , մեշկ են կանգնում , այ դա շրջապատի բարենպաստ պայմաններն են , թե չե բոլորս էլ ՄիքելԱնջելո կլինեինք…..

    • Մարդ says:

      Հարգելի Արամ. Այդ կոչեցյալ հոգևորականը հայտարարեց, թե աթեիստը կամ աղանդավոր հայը, լիարժեք հայ չէ:
      Բայց եթե ուշի ուշով զննեք նրա արտաքին տեսքը , խիստ կասկածելի է թվում նրա հայ լինելը:
      Նույնիսկ հրապարակել են <> ցուցակը, որոնց թվում նշել են անվանի մտավորականների, արտիստների, երգիչների անունները:
      Կարծես տխրահրչակ ադրբեջանից են սովորել , որոնք ամենայն բարեխղժորեն Լեռնային Ղարաբաղ այցելած օտարերկրյա անվանի մարդկանց <> են կազմում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031