Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմեացի զինվորները խիզախություն եւ ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով

Սեպտեմբեր 10,2015 11:30

Շրթնածաղկավորների ընտանիքին պատկանող ուրցը շատ ցածր կիսաթուփ է։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբերին։ Հանդիպում է մեր հանրապետության լեռնային, նախալեռնային շրջաններում, քարքարոտ բլուրների վրա, ալպյան մարգագետիններում, սոճուտներում, դաշտերում։
Բուժական նպատակով օգտագործվում է ուրցի վերգետնյա մասը։ Չոր հումքը հարկավոր է մանրացնել եւ պահել թղթե տոպրակների մեջ։

Բույսը պարունակում է եթերայուղ, սապոնիններ, ֆլավոնոիդներ, օրգանական թթուներ, խեժ, դաբաղանյութեր, միկրոտարրեր։

Դեղաբույսի բուժական ազդեցությունը պայմանավորված է նրա քիմիական արժեքավոր կազմով։ Ուրցի յուղի բաղադրատարրը թիմոլ բյուրեղանման նյութն է՝ յուրահատուկ հոտով եւ այրող համով, որն աչքի է ընկնում ուժեղ վարակազերծ հատկությամբ։ Այն վերացնում է աղեփքությունը, նվազեցնում նեխման գործընթացները, փափկացնում չոր հազը։ Բույսն ունի նաեւ դաբաղող, հանգստացնող, ստամոքսի հյութազատությունը բարձրացնող, աղիների կծկանքը վերացնող, ցավազրկող ազդեցություններ։

urc1

Ողողումների ձեւով ուրցը կիրառվում է բերանի լորձաթաղանթի, բկանցքի եւ կոկորդի բորբոքումների, սնկային հիվանդությունների ժամանակ։ Այն ներքին ընդունման ձեւով օգտակար է լուծի եւ աղեփքության դեպքում։ Ունի ճիճվաթափ հատկություն։ Կիրառվում է նաեւ բրոնխիտների, վերին շնչուղիների բորբոքումների, ցածր թթվայնությամբ ընթացող գաստրիտների, աղիների կծկանքի ժամանակ։ Նրա ցավազրկող ազդեցությունը հնարավորություն է տալիս այն օգտագործել արմատաբորբի, հոդերի բորբոքումների, նեւրիտների, միոզիտների դեպքում։ Այն օգտագործում էին դեռեւս Հին Հունաստանում, որը խորհրդանշում էր խիզախություն։ Հռոմեացի զինվորները խիզախություն եւ ուժ ավելացնելու համար լողանում էին ուրցի ջրով։

Դեղաբույսը բուժական առումով ունի կիրառման շատ հին պատմություն։ Հին եգիպտացիներն այն օգտագործում էին որպես մարսողությունը լավացնող միջոց։
10 գրամ (2 ճաշի գդալ) չոր հումքը լցնել էմալապատ ամանի մեջ եւ ավելացնել 200 միլիգրամ եռման ջուր, փակել կափարիչով եւ 15 րոպե տաքացնել եռացող ջրում: Սառեցնել սենյակային ջերմության պայմաններում՝ 45 րոպե, որից հետո քամել եւ ստացված ջրաթուրմի ծավալը հասցնել 200 միլիգրամի` ավելացնելով համապատասխան քանակությամբ եռացրած ջուր: Խմել մեկ ճաշի գդալ, օրական 2-3 անգամ՝ հազի ժամանակ:

Եփուկ պատրաստելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ հումքին ավելացնել 200 միլիգրամ եռման ջուր, տաքացնել ջրային բաղնիքում 30 րոպե, որից հետո թողնել եւ օգտագործել 1-2 ճաշի գդալ, օրական 3-5 անգամ:

Պետք է հիշել, որ ուրցը երբեմն կարող է թողնել անցանկալի կողմնակի ազդեցություններ, հատկապես այն ժամանակ, երբ չարաշահվում է դեղաբույսի օգտագործումը: Ուրցը հակացուցված է հղիության, սրտային անբավարարության, լյարդի եւ երիկամների հիվանդությունների դեպքում:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
09.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930