Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհներին ցրտից կծկված կանայք եւ երեխաներ կային

Դեկտեմբեր 12,2015 15:30

Ինչով են զբաղված բազում նախարարներն ու մեծ եւ փոքր պաշտոնյաները

Սկանդինավյան ցրտաշատ հոսանքի Հայաստան մտնելը հիդրոօդերեւութաբաններն այս անգամ բավական ճշգրիտ էին կանխատեսել: Այդ օրերին գտնվում էի Գորիսում, որտեղ տեղի էին ունենում հայ արձակի մեծ վարպետ Սերո Խանզադյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները: Ցուրտ օդային եղանակը ներխուժեց Հայաստան եւ անակնկալի բերեց մարդկանց: Վատ եղանակի պատճառով երկու օր սպասեցի Գորիսում, ապա ճանապարհ ընկա: Չնայած արտակարգ իրավիճակների պատասխանատուների հավաստիացումներին, թե ենթակառուցվածքները կազմ ու պատրաստ են ձմռան գալուն, ամբարները տոննաներով լցված են աղ ու ավազով, այդուհանդերձ՝ Գորիսից մինչեւ Վայոց ձորի սահմանն ընկած երկար ճանապարհահատվածն առաջին ուժեղ ձյան տեղալուն պես անանցանելի էր: Այո, բառի բուն իմաստով՝ անանցանելի. սառույցի այն էլ ոչ ողորկ, այլ դարուփոսերով լեցուն ճանապարհով անցնելը նշանակում էր կանգնել կյանքի եւ մահվան սահմանագծին:

Ճանապարհը տեղումներից հետո երկրորդ օրն անգամ մաքրված չէր, իսկ աղն ու ավազը ցանված էին ոչ բավարար քանակությամբ: Ճանապարհի տարբեր հատվածներում երեւում էին խափանված, ձյան մեջ թաղված մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներ: Խափանված որոշ մեքենաների մոտ ցրտից կծկված կանայք եւ երեխաներ կային: Թե ով պիտի օգներ եւ ինչպես՝ խիստ անորոշ էր: Մինչդեռ նման անելանելի հանգամանքներում ծայրաստիճան անհրաժեշտություն էր, որ յուրաքանչյուր 15-20 կմ-ի վրա լինեին շրջիկ բուժօգնության, շտապօգնության բրիգադներ, որոնք ամեն ինչով պատրաստ պետք է օգնություն ցույց տային եղանակային վատ պայմաններում հայտնված ուղեւորներին: Մինչդեռ պետավտոտեսչության մեքենաներ գրեթե չկային: Այլ վայրերում եւ այլ հանգամանքներում նրանք բավական շատ են: Եվ եթե այդ օրերին սառցապատ ճանապարհներով՝ սառցե անապատով անցներ որեւէ օտարերկրացի, ապա հաստատապես պիտի զարմանար, թե ինքը ո՞ր երկրում է հայտնվել, ո՞ւր են այդ երկրի իշխանությունները, ինչո՞վ են զբաղված բազում նախարարներն ու մեծ եւ փոքր պաշտոնյաները:

Համենայնդեպս, օտարականը, հավանաբար, այն զգացողությունը պիտի ունենար, որ ինքն անցնում է անտեր ու անտիրական երկրի ճամփաներով, քանի որ իրեն զարգացող համարող երկրում գոնե այդպիսի կարեւոր նշանակության ճանապարհները պետք է որ մաքրված լինեին:

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031