Արդեն երեւի ոչ առաջին անգամ ստիպված ենք արձանագրել, որ Հայաստանի բնակչության բողոքավոր հատվածի` քվեարկությամբ արձանագրված բավական ստվար դժգոհությունը, կարելի է ասել, տեր չունի, անտեր է: Նախորդ` հիշողությունից դեռ չմաքրված անգամը դա տեղի ունեցավ նախագահական ընտրություններին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանն անտեր թողեց, չգեներացրեց շատ ստվար մի զանգվածի քվեն, հետո ԲՀԿ-ին տրված խորհրդարանական բարձր քվեի ընտրազանգվածը լքվեց` Ծառուկյանի «վնասազերծումով», այս անգամ սահմանադրական հանրաքվեի` 400 հազարից ավելի «ոչ» ձայներն են առայժմ անտեր, չնայած դրանք հասցեատեր ունեն` «ոչ»-ն ուղղված է ոչ թե Սահմանադրությանը, այլ իշխանություններին, որպես նրանց կառավարման գնահատական:
Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանում քվեարկությամբ հավանության արժանացավ Հայաստանի կառավարության ներկայացրած պստլիկ բյուջեն` 97 կողմ,12 դեմ, 3 ձեռնպահ ձայներով. մենակ այս թվերը ցույց են տալիս, որ դժգոհների ահռելի զանգվածը խորհրդարանում ներկայացված չէ: Որովհետեւ եթե Հայաստանի ընտրողների մեկ երրորդը ( սա` պաշտոնապես, իսկ ոչ պաշտոնական թվերով, նկատի առնելով այն տեխնոլոգիաները, որոնք մեզ մոտ սովորաբար կիրառվում են, դա կարող է հավասարվել Հայաստանի ընտրողների, այլ խոսքով`բնակչության կեսին) դժգոհ է եւ «ոչ» է ասում իշխանությանը, ապա հարկ է, որ այդ զանգվածը խորհրդարանում արտացոլված լինի: Ուրեմն` խորհրդարանը չի արտացոլում երկրում առկա տրամադրությունները, անկախ նրանից, թե որ կարգով է նա ընտրված:
Սա մի դիտարկում, որ հարակից է հիմնական իրողություններին, իսկ իրողություններից գլխավորը կիրակի օրն անցկացված հանրաքվեի ստեղծածՙ կարելի է անգամ ասել` վերջնականապես վավերացրած իրավիճակն է, երբ երկրի ընտրող բնակչության մոտ կես միլիոնը (դե լավ, մի քիչ պակաս) դեմ է ներկա իշխանության կուրսին: Սա կարող էր ոչինչ չնշանակել բազմամիլիոնանոց երկրի համար, սակայն ընդամենը երեք միլիոնի հասնող կամ չհասնող Հայաստանում սա ահռելի ցուցիչ է:
Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում:


















































