Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահելի աղբյուր` Վենետիկից

Մարտ 03,2016 10:07

Հանրությունից երկար ժամանակ թաքցվող Ընտրական օրենսգրքի նախագիծը ի վերջո ի հայտ եկավ: Բայց մեզ` հայաստանցիներիս վերաբերող փաստաթուղթը սկզբում հայտնվել է ոչ թե Ազգային ժողովի, կառավարության կամ որեւէ պետական գերատեսչության կայքում, ոչ էլ նույնիսկ որեւէ հայաստանյան լրատվամիջոցում, այլ… Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կայքէջում՝ անգլերեն: Եվ հետո միայն «պարզվեց», որ այդ եւ հարակից օրենքների նախագծերը ոչ միայն պատրաստ են, այլեւ ընդգրկվել են կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Մինչ այդ դրա մասին գիտեին միայն մի քանի ընտրյալներ եւ Վենետիկի հանձնաժողովը:

Առաջին հայացքից ընդդիմության մտահոգությունները, որոնք հայտնվում էին Ընտրական օրենսգրքի կապակցությամբ, կարծես թե, տեղին են: Բայց դրա մասին դեռ հնարավորություն կլինի խոսելու: Այս պահին առավել էական է, որ մի փաստաթուղթ, որին Հայաստանի հանրությունը ծանոթ չէ, որը չի քննարկվել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, թեկուզ ամենանախնական ձեւով սկզբում ներկայացվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովին, որն այն այնքան «ոչ նախնական» է համարել, որ որոշել է հրապարակել: Ստացվում է, որ մեր օրենքների նախագծերի մասին մենք առաջին հերթին իմանում ենք միջազգային կազմակերպության ստորաբաժանումներից մեկի կայքից:

Ասել, որ վերջին տարիներին ոչինչ չի արվում հասարակական կարծիքի հետ հաշվի նստելու առումով, իհարկե՝ արդար չէր լինի: Բայց ընդհանուր խնդիրը մնում է 25 տարի` բազմաթիվ հարցերով հասարակությունը սպասում է իշխանության բացատրություններին եւ չի ստանում: Օրինակ՝ ՏԿ եւ ԱԻՆ նախարարությունների բաժանումը զուտ «քաղաքական պայմանավորվածություններով» բացատրելը բավարար չէ: Հարկային եւ մաքսային ծառայությունների դուրսբերումը ֆինանսների նախարարությունից (որն, ի դեպ, իմ կարծիքով, ճիշտ է) որեւէ ձեւով պաշտոնապես չի մեկնաբանվում: Ինչո՞ւ էիք միացրել, որ հիմա բաժանեք: Այսքանից հետո պետք չէ զարմանալ, որ լրատվամիջոցներից շատերն ամեն ինչ մեկնաբանում են անձնական խարդավանքների մակարդակով:

…Մի քիչ Վենետիկի հանձնաժողովի կայքը փորփրենք, գուցե այնտեղից տեղեկատվություն քաղենք, թե ինչ է պատրաստվում անել Լեւոն Յոլյանը էներգետիկայի նախարարի պաշտոնում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Տեսնես էդ ո՞վ է գող կատվի նման, չէ, ավելի ճիշտ Շուրա Բալագանովի բնազդներով առաջնորդվելով (մթության քողի տակ…) փորձել մեր Նոր սահմանադրության պսակը՝ Ընտրական օրենսգիրքը արտասահմաններում լույս ընծայել, հը՞…, դրանք ի՞նչ է, առյուծի սիրտ ե՞ն կերել…
    Բա որ Սերժը իմանա, չգիտե՞ն ինչ կանի. աչքերը կհանի, ականջները կկտրի, դեռ կարող է նույնիսկ գլուխը պոկել:
    Բայց մյուս կողմից, երբ որ հարցին փիլիսոփայորեն ենք նայում՝ ախր դրանք էլ մեղավոր չեն, այդ մե՛նք ենք մեղավոր, որ թույլ ենք տվել մեզ հետ այդպես վարվել:
    Մենք ասելով նկատի ունեմ նախ ՛՛Առավոտ՛՛-ի հոդվածագիրներին, որ անհրաժեշտ քանակի ջանք չեն թափել մեզ մշակելիս, ապա և մեզ՝ որ մակերեսորեն ենք ընթերցել մեզ բաժին ընկած հոդվածները՝ մնալով հում ու անմշակ, գրեթե՝ քյալ…
    Էստեղ են ասել. մենք քիչ ենք, բայց մեզ էս էլ ա շատ…

  2. Կարո Մելիքյան says:

    Մեզ, հասարակ մահկանացուներիս մոտ,առաջին միտքը,որ ծագում է,.հավանաբար սրանց արդեն առել էն, ու միանգամից կփակեն բոլորի բերանը եւ վերջ…

  3. Հ.Շ. says:

    մի անգամից ընտրութիւնների որոշված արդիւնքներն ալ թող բացայայտեն, որպէսզի ժողովուրդը աւելորդ ժամանակ չկորսնցնէ, զուր յուզումների չենթարկվի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031