Լրահոս
Օրվա լրահոսը

«Փախշահավետ գործակցություն» ի վնաս քաղաքացու. «Հայոց Աշխարհ»

Հունվար 27,2017 11:24

Փոքր կամ, ինչպես մեզանում ընդունված է ասել, մարդ-կուսակցությունները վերջապես հասկացել են, որ սեփական խաղը խաղալով՝ հեռու չեն գնա եւ փորձում են միանալ «մեծերին»` իրենց առաջ դրած կարճաժամկետ խնդիրները լուծելու ակնկալիքով։ Առավել եւս, որ խորհրդարանական կառավարման պայմաններում քաղաքական կոալիցիաները՝ նախընտրական կամ հետընտրական դաշինքների տեսքով, դառնում են օբյեկտիվ, եթե չասենք՝ անխուսափելի անհրաժեշտություն։

Բայց այն, ինչ ընտրություններին ընդառաջ տեղի է ունենում հայրենի քաղաքական դաշտում, որեւէ կերպ չի տեղավորվում ոչ միայն քաղաքական եւ քաղաքագիտական, այլեւ մարդկային պարզ տրամաբանության մեջ։ Սկզբունքներին եւ գաղափարական արժեքներին հավատարիմ մնալու մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է։ «Բոլորը բոլորի հետ» բանակցությունների խելագար շրջապտույտում այդ մասին վաղուց արդեն մոռացել են։

Անգամ գտնվել է դրա «քաղաքագիտական» հիմնավորումը. գաղափարների եւ ծրագրերի, աջերի ու ձախերի մրցակցությունն այլեւս «մոդա» չէ՝ դրանք հնացած կարծրատիպ են, որ արդիական չեն նույնիսկ Արեւմուտքում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում եւ Հին աշխարհի մյուս երկրներում։ Մեկ է՝ բոլորը նույն մեխին են խփում, ծրագրային նույն թեզերը մատուցելով հանրությանը՝ գրեթե նույն փաթեթավորմամբ։

Եվ ուրեմն, ի՞նչ իմաստ ունի ընկնել «մանրուքների» հետեւից, եթե կարելի է կցվել ֆինանսական եւ էլեկտորալ մեծ ռեսուրսներ ունեցող որեւէ «հզոր» անհատի ու լուծել ապագա խորհրդարանում եւս 5 տարի տաքուկ տեղ զբաղեցնելու գերխնդիրը։ Առաջին հայացքից «պրագմատիկ» այս տրամաբանությամբ են առաջնորդվում հայաստանյան ընդդիմադիր դաշտի մեծ ու փոքր խաղացողները դաշինքային ձեւաչափերի անվերջանալի թվացող որոնումներում՝ ջանալով առավելագույնը քաղել ընտրական այս մարաթոնից։
«Մեծերի» հաշվարկն այն է, որ իրենց շուրջ լայն համախմբում կամ համախմբման պատրանք ստեղծելով՝ հնարավորինս մեծ մասնաբաժին կապահովեն ապագա խորհրդարանում։ «Փոքրերն» էլ պարզապես այնտեղ լինել-չլինելու երկընտրանքն են փորձում լուծել։ Ստացվում է «փոխշահավետ» գործարք։

Դաշնակիցների տենդագին փնտրտուքում մոռացվում է ամենակարեւորը՝ որ կարճաժամկետ խնդիրներ լուծելու նկատառումով ձեւավորված դաշինքները ավազի վրա կառուցված տնակների պես փլվելու «գեշ» սովորություն ունեն եւ շատ արագ փոշիանում են՝ աղճատելով խորհրդարանական առանց այն էլ լղոզված, կցկտուր խճանկարը։
Եվ ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ նախընտրական վերադասավորումների այս փուլում զարմանալիորեն առավել «պահանջված են» հենց այն քաղաքական ուժերը եւ գործիչները, որոնք ամենամեծ լուման են ունեցել դաշինքների գաղափարը փչացնելու հարցում։
Օրինակ՝ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանը, որի անունը համառորեն շրջանառվում է «Ծառուկյան» դաշինքով խորհրդարան գնալու ամենահեռանկարային թեկնածուների շարքում։ 2008թ. նախագահական ընտրություններում Ա.Արզումանյանը, կարելի է ասել, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջ ձեռքն էր, մինչ այդ՝ նրա զինակիցը եւ գաղափարակիցը Ղարաբաղի «փուլային հանձնման» ադրբեջանական սցենարով արցախյան թնջուկը «լուծելու» եւ Ցեղասպանության ճանաչման գործընթացը սառեցնելու հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բարիդրացիություն անելու հարցում։
Հետո հընթացս հեռացավ Տեր-Պետրոսյանի շրջապատից, ի դեմս «Ազատ դեմոկրատների»՝ դաշինք կազմեց Ցեղասպանության եւ ԼՂՀ անկախության անհապաղ ճանաչման առաջամարտիկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ եւ նրա հեղինակության հաշվին սահուն մտավ խորհրդարան։

 

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031