Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Վիկտոր Դալլաքյանը 10 օր լռում

Փետրվար 14,2017 10:30

Ազատ Արշակյանի ակնարկները

«Ընդհակառակը՝ ամեն ինչ շատ լուրջ է: Լրջությունը հենց կայանում է նրանում, որ պայքար է գնում: Դեռ հայտը չներկայացրած՝ թիրախավորված է Սեյրան Օհանյան քաղաքական գործիչը: Որովհետեւ նա վտանգավոր է: Նա կգա ու կփոխի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր, «Միացյալ հայեր» միավորման անդամ Ազատ Արշակյանը: Պարոն Արշակյանը հակադարձում էր այն դիտարկմանը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող դաշինքը դեռ չձեւավորված՝ արդեն անլրջությամբ է պատվել: Հիշեցնենք, հունվարի 17-ին «Համախմբման», «Երրորդ հանրապետության» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահները հայտարարեցին համագործակցության հուշագրի ստորագրման մասին: Օրեր առաջ, այսինքն՝ հուշագրի ստորագրումից մեկ ամսից էլ քիչ անց, Դեմկուսի նախագահը հայտարարեց համագործակցությունը դադարեցնելու մասին, քանի որ նախնական պայմանավորվածություններն են խախտվել:

Դրանից էլ առաջ այդ մասին խոսել էր համագործակցությանն ավելի ուշ միացած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Երեկ էլ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց համագործակցությունից դուրս գալու մասին, քանի որ «ստվերային եւ կուլուարային» գործընթացներ են եղել` ի հեճուկս նախնական պայմանավորվածության: Ստվերային գործիչը, պարզվում է, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն է: Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Վիկտոր Դալլաքյանը բացահայտում արեց` փետրվարի 6-ին իրենց կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանն ու մի ցուցակ ներկայացրել: Այդ ցուցակը ներկայացվել է նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանին:

«Սամվել Բաբայանը «Համախմբման» անդամ է եւ նրանց լոբբինգն էր անում»,- ասաց Վիկտոր Դալլաքյանը` հավելելով, որ այդ ցուցակում եղել են առաջին տասնյակի անունները` Սեյրան Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան, Անդրանիկ Թեւանյան, Վահե Հովհաննիսյան, 7-րդ տեղում՝ Արմեն Մարտիրոսյան, «Համախմբման» անդամ Սուսան Մուրադյան, Երվանդ Բոզոյան, Ստեփան Մարգարյան. «10-ից 7-ը «Համախմբման» անդամներ են»: Դալլաքյանի հավաստմամբ՝ Սեյրան Օհանյանը նաեւ «ամբիցիոզ» առաջարկներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանին, երբ համագործակցության եզրեր գտնելու նպատակով հանդիպումներ են ունեցել: Վիկտոր Դալլաքյանը ներկա է եղել այդ հանդիպումներին` դրանք ինքն է կազմակերպել:
Այս ամենի արդյունքում երեկ համագործակցության հուշագիր ստորագրեցին Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Դաշինքը կկոչվի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»:

Ազատ Արշակյանը չի հասկանում Վիկտոր Դալլաքյանին, չի հասկանում, թե ինչո՞ւ է վերջինս նեղսրտել ստվերային քննարկումներից: «Բա չորոշվե՞ր: Խոհանոցը բերեին` սեղանին դնեի՞ն: Պետք է պայմանավորվեին: Դեռ պայմանավորվածությունների շրջանն է, եւ շատ բաներ, այդ թվում նաեւ՝ տակտիկական, պետք է ստվերում արվեն, մրցակիցներից գաղտնի պահվեն»,- ասաց մեր զրուցակիցը` ենթադրելով. «Հավանաբար, շահերն անհամատեղելի են եղել»: Ամեն դեպքում Ազատ Արշակյանը կարծում է, որ այս շարժումը ուշացած է սկսվել: Եթե այս գործընթացները ծավալվեին մեկ տարի առաջ կամ գոնե կես տարի առաջ, իրար հետ «ավելի նմանները» կհավաքվեին, եւ աղմուկն էլ այսքան մեծ չէր լինի. «Այս գործը պետք է ավելի շուտ արվեր, որպեսզի ե՛ւ գաղափար լիներ, ե՛ւ ծրագիր, ե՛ւ, ինչպես ասում է Վիկտոր Դալլաքյանը, մեթոդոլոգիա: Ուշացած է, դրա համար էլ մի քիչ խառն է: Հապճեպ, հընթացս է գործը գնում: Այո, դժվարություններ կլինեն, բայց կռիվը սկսվել է ու հարկավոր է հաղթել»: Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի գործունեությանը, Ազատ Արշակյանն ասում է` առերեւույթ Սամվել Բաբայանը դերակատարում չունի, իսկ նրա ստվերային գործունեությունից տեղյակ չէ:

«Դա Վիկտոր Դալլաքյանի հետ է եղել: Մեզ հետ էլ առանձին-առանձին ինչ-որ մարդիկ են հանդիպում` բանակային ընկերներ, ուսանողական ընկերներ, բանտային ընկերներ, դատավորներ»,- ակնարկներով խոսեց Ազատ Արշակյանը: Դիտարկմանն էլ, որ Սամվել Բաբայանն ու Վիկտոր Դալլաքյանը նախկինում ոչ բանակային, ոչ ուսանողական, ոչ էլ, առավել եւս, բանտային ընկերներ են եղել` հակադարձեց. «Չի կարող պատահել: Դալլաքյանը մեծ շրջապատ ունի, երկար տարիներ քաղաքական դաշտում է, երկար տարիներ բավական լուրջ պաշտոններ է զբաղեցրել. նրա շրջապատը շատ մեծ է, ու շատ հնարավոր է, որ նրանք մտերիմներ են»:

Թե հատկապես ի՞նչ հարցերի շուրջ չեն կարողացել պայմանավորվել Արամ Սարգսյանն ու Վիկտոր Դալլաքյանը, մեր զրուցակիցը չի ցանկանում մանրամասնել: Բայց ասում է՝ «ներքին խոհանոցային, ստվերային» խոսակցություններում իրենք էլ են եղել: Ինքը ցավում է, որ Արամ Սարգսյանն ու Վիկտոր Դալլաքյանը փոխշահավետության ընդհանուր եզրեր չեն գտել. «Չի կարող պատահել, որ միայն ստվերում գործողություն կատարելու համար մարդը հեռանա այնտեղից: Ուրեմն ստվերում նրանց շահերը ոտնահարվել են: Տեղերի խնդիր կա: Վիկտոր Դալլաքյանին ես ուշադիր լսեցի ու սրտի կսկիծով եմ ասում` ուրեմն, իր շահերը չեն պաշտպանվել»: Ազատ Արշակյանը չգիտի, թե ցուցակում որերորդն է Վիկտոր Դալլաքյանի անունը: Բայց վստահ է` անցողիկ տեղ կլինի: Համենայնդեպս, իր կարծիքով՝ բացի առաջին տեղից, քանի որ դա Սեյրան Օհանյանինն է, Դալլաքյանը կարող էր մնացյալ բոլոր տեղերին էլ հավակնել: Միաժամանակ նա տարակուսում է` եթե Սամվել Բաբայանը փետրվարի 6-ին էր այդ ցուցակը տվել Վիկտոր Դալլաքյանին, ապա ինչո՞ւ էր վերջինս մինչեւ օրս լռում:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

14,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Դալլաքյանն ասում էր, եթե ինձ մի բան պատահի, մեղավորը Սերժ Սարգսյանն է: Ուրեմն Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ Դալլաքյանը լռում է եւ չի հաջողում որեւէ ցուցակում հայտնվել:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728