Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ կլինի էդ Մեդվեդևին կամ Վլադիմիր Վլադիմիրովիչին ասես հայ ազգին լավ նայի»․ գյուղացին՝ վարչապետին (Տեսանյութ)

Մարտ 22,2017 00:00

Այսօր Շիրակի մարզի Նահապետավան գյուղում  վարչապետի հետ հանդիպելիս՝ մի տղամարդ, որն անընդհատ արտագնա աշխատանքի է գնում Ռուսաստանի Դաշնություն, նրան մի խնդրանք ներկայացրեց։ «Ես բազում տարիներ դուրս եմ գալիս Ռուսաստանի Դաշնություն», -այսպես սկսեց իր ասելիքը տղամարդը, որին վարչապետը ծիծաղելով արձագանքեց․«Թխի գա»։

Բոլոր հավաքվածները սկսեցին ծիծաղել։ Նահապետավանցի տղամարդը շարունակեց․«Ռուսաստանն էլ չի բավականացնում, աշխատավարձը, էնտեղ ապրելը, ստեղ ուղարկելը, ընտանիքը, քուր, ախպեր․․․Մենք, որ մտանք տամոժնի սայուզ, դուք հանդիպում ունեցաք Մեդվեդևի հետ Լենինգրադում, իմ խնդրանք է, եթե հաջորդ անգամ նման հանդիպում կլինի ՌԴ-ի․․․»։ Վարչապետը ընդհատեց նրան՝ ասելով․«Քո անունը տա՞մ»։ «Չէ»,- վարչապետի հումորին լուրջ տոնով պատասխանեց տղամարդը՝ շարունակելով․«Կարելի է մի ուրիշ սենյակ տանել ու ասել ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ կամ Մեդվեդև, մե քիչ հայ ազգին ավել լավ տեղ տվեք, մեր երիտասարդները ճիշտ է՝ արհեստավոր են, մեր հայկական նոր եկեղեցին, որ կառուցվեց, ռուսներն ապշել էին»։

Հարց բարձրացնող նահապետավանցին սկսեց ռուսերեն մեջբերում անել, վարչապետը  դարձյալ հումոր արեց, թե «ռուսերենդ շատ լավն է» ու վստահեցրեց, որ չկա այլ երկրի քաղաքացի, որին ՌԴ-ում ավելի լավ  վերաբերեն, քան ՀՀ քաղաքացիներին։

Ըստ Կարեն Կարապետյանի, եթե հայ ազգի ներկայացուցիչներին դեպորտ են խփում, պատճառն այն է, որ նրանք օրենք են խախտում։

«Պարոն Կարապետյան, տարրական բանի համար դեպորտ են խփո՞ւմ»,-զայրացան նահապետավանցիները։

Վարչապետն ասաց․«Ժողովուրդ ջան, օրինակի համար մեր մոտ Պարսկաստանից մարդիկ են գալիս, նարկոտիկի առևտրով են զբաղվում, եթե Պարսկաստանը վաղը մյուս դուրս գա մեզ վրա, առաջարկի, թե էս նարկոտիկի բիզնեսի հարցում թեթևացում արեք, որ մեր քաղաքացիները չբռնվեն, մենք կանե՞նք դա»։

«Մենք էդպիսի թեքում չունենք»,-բացականչեց վարչապետին խնդրանք ներկայացրած տղամարդը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031