Հունվարի 26-ին Գագիկ Պողոսյանի ծննդյան օրն էր:
Այդ կապակցությամբ այցելեցի Արցախյան օրերի վավերագիրներից մեկին:
Զրուցակիցս՝ լուսանկարիչ Գագիկ Պողոսյանն ասում է, որ մինչ Ղարաբաղյան շարժումն աշխատում էր Սովետաշենի տրիկոտաժի ֆաբրիկայում, որպես քաղպաշտպանության շտաբի պետ:
«Փետրվարն էր: Օպերայի հրապարակում սկսվել էին հանրահավաքները: Առաջին-երկու հանրահավաքներից հետո չէի պատկերացնում, թե ինձ հետ ինչ կլինի: Այդ ժամանակ ես առանց ֆոտոխցիկի էի: Հիշում եմ՝ հարթակին մեր մտավորականներն էին, որոնք կոչ էին անում միանալ Արցախում սկսվող անկախության շարժմանը»,- պատմում է լուսանկարիչը, որն այդ ժամանակ 36 տարեկան էր:

Նա պատմում է, որ չորրորդ հանրահավաքին գնացել է՝ իր հետ վերցնելով իր առաջին «ՂնԺ-2» ֆոտոխցիկը: Հետագայում պետք է փոխվեին ֆոտոխցիկները, եւ դառնային տասներկու ընկեր՝ շարժումը վավերագրելու համար:
Հիշում է, թե ինչպես է հանրահավաքներից մեկից հետո հանդիպում Սովետաշենի դպրոցի աշակերտներից մեկին՝ Պարույր Հայրիկյանն էր, որը Գագիկին հորդորում է. «Աշխատիր բոլոր պլակատները նկարել: Դրանք շատ են պետք գալու»:


Գագիկը հիշում է 1988 թվականի փետրվարի 26- 27-ը. «Թատերական հրապարակում հարթակին Կարեն Դեմիրճյանն ու Դոլգիխն էին: Թումանյանի արձանի մոտ բարձրացվեց առաջին պլակատը՝ «Պարտիա-Լենին-Գորբաչով», բայց երբ բարձրացվեց «Ստալին-Բերիա-Լիգաչյով», ասես պայթյուն տեղի ունեցավ, հրապարակն աշխուժացավ»:
Սումգայիթում սկսվել էին հայերի զանգվածային ջարդերը: Դժվար չէ՞ր լուսանկարելը, թողնո՞ւմ էին հարթակին մոտենալ, հարցին պատասխանում է՝ իհարկե, դժվար էր, ժողովուրդը շատ էր, իսկ նկարում էր միայն իր համար:

Հետագայում ծանոթանում է ռազմական լուսանկարիչ, «Ավանգարդ» երիտասարդական թերթի լուսանկարիչ, երջանկահիշատակ Հովհաննես Արմենակյանի հետ, որն էլ ուղղություն է ցույց տալիս, թե ինչպես նկարել, ինչպես աշխատել թերթերի հետ:
«Ծանոթացա «Ուրբաթ» թերթի գլխավոր խմբագրի՝ Սամվել Խաչատրյանի հետ, բավական երկար աշխատեցի նրանց հետ, կատարում էի բոլոր առաջադրանքները: Հետո հրդեհեցին խմբագրությունը: «Ուրբաթից» հետո հանդիպեցի Ռուզան Մինասյանի հետ (տողերիս հեղինակի), որն այդ ժամանակ «Հայ աշխարհ» անկախ շաբաթաթերթի գլխավոր խմբագիրն էր: Մինչ թերթի փակվելը նկարում էի թերթի համար»: Հետագայում Գագիկի լուսանկարները տեղ գտան Մհեր Դավոյանի խմբագրած «Մունետիկ», ԱԻՄ-ի «Անկախություն», Ալվարդ Պետրոսյանի խմբագրած «Առագաստ» թերթերում, «Հայ զինվոր» թերթում, որի արտահաստիքային լուսանկարիչն է մինչ օրս:

Գագիկը մտերմանում է «Գարեգին Նժդեհ» կամավորական ջոկատի հրամանատար Արարատ Խրիմյանի հետ, լինում մարտական դիրքերում: Այս ջոկատը հինգ զոհ էր տվել: Նա հիշում է 1992 թվականը, երբ հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կոչ արեց հանձնել զենքը, կանոնավոր բանակ ձեւավորելու համար դիմեց բոլոր ջոկատներին:
Լուսանկարներից թանկն, ըստ նրա, Վազգեն Սարգսյանի լուսանկարի հետեւում նրա իսկ ձեռքով լուսանկարչին գրված «շնորհակալություն» բառն է: Գեղազնիկ Միքայելյանի եւ Վիտյա Այվազյանի թաղման օրն էր, երբ Գագիկը նրան հանձնել էր նրա լուսանկարներից մեկը:
Գագիկը մինչ օրս որեւէ մրցանակ, որեւէ շնորհակալագիր չունի, նրա համար ամենամեծ շնորհակալագիրը Վազգեն Սարգսյանի այդ մի բառի մեջ է ամփոփված:
Գագիկը եղել է նաեւ «Մոսկվա» հյուրանոցում, ուր հացադուլ են այդ ժամանակ հայտարարել մեր մտավորականները՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներ Սոս Սարգսյանը, Վիկտոր Համբարձումյանը, Զորի Բալայանը:
«Մի օր մեկը մեր տուն էր եկել եւ երբ պատին տեսավ լուսանկարներս, հարցրեց՝ էս մեռածների նկարներն ինչո՞ւ ես պահում: Ես վիրավորված ասացի՝ մեռածը դու ես ու եթե նրանց մասին խոսում են, ուրեմն նրանք ապրում են»,- ավարտելով զրույցը՝ ասում է Գագիկ Պողոսյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
01.02.2018























































