Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ՌԴ-ն պահո՞ւմ է ռազմական հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ

Փետրվար 02,2018 12:00 Share

Սկիզբը՝ այստեղ

«Բաքուն ռուսական զենքը կիրառել է խաղաղ բնակիչների դեմ»

Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի ռուսական զենքի վաճառքի պայմանագրերը, ռուս եւ ադրբեջանցի՝ ոլորտի պատասխանատուների հաճախակի հանդիպումները, վերջին մի քանի տարիներին Ադրբեջանի կողմից շփման գիծը լարված պահելու բացահայտ քաղաքականությունը եւ ի վերջո՝ 2016թ. ապրիլյան պատերազմը առիթ դարձան, որպեսզի Հայաստանի իշխանությունները եւս մտահոգություն հայտնեն Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ:

Դեռեւս 2014թ. հուլիսին պաշտոնական այցով Արգենտինա մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց էր տվել արգենտինական La Nacion պարբերականին, որում նշեց հետեւյալը. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, եւ մեր ժողովուրդը շատ է մտահոգված, որ մեր ռազմավարական գործընկերը զենք է վաճառում Ադրբեջանին։ Սակայն ես վստահ եմ, որ Հայաստանն այնքան ուժ եւ ունակություն ունի, որ կարողանա պաշտպանել իր սահմանը։ Չնայած նրան, որ Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, չեմ կասկածում, որ մեզ համար դժվար իրավիճակում Ռուսաստանը կկատարի ստանձնած պարտավորությունները»։

2016թ. ապրիլի 7-ին՝ ապրիլյան պատերազմից օրեր անց, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում էր, եւ այս հանդիպմանը Սերժ Սարգսյանը հրապարակային խոսեց ռուսական զենքի վաճառքի թեմայով: «Ադրբեջանը հերթական անգամ փորձեց լուծել Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով: Ձեռնարկվեց լայնամասշտաբ օպերացիա՝ Ադրբեջանի զինանոցում եղած սպառազինության ամբողջ սպեկտրի կիրառմամբ: Ցավալի է, բայց այդ զենքը կիրառվել է նաեւ խաղաղ բնակչության նկատմամբ, զոհվել են երեխաներ, տարեց մարդիկ, սակայն, շնորհիվ Պաշտպանության բանակի զինվորների եւ հրամանատարների պրոֆեսիոնալ գործողությունների, այդ փորձը կասեցվեց: Վստահ եմ՝ գիտեք, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, որ ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում Ռուսաստանից: Դա հասկանալի է, քանի որ Հայաստանում ժողովրդական մակարդակով Ռուսաստանին համարում են մերձավոր դաշնակից եւ բարեկամ»,- Մեդվեդեւի հետ հանդիպմանը մասնավորապես ասել է Սարգսյանը:

Ապրիլյան պատերազմից ընդամենը մի քանի օր անց ՌԴ վարչապետը, սակայն, ոչ միայն խուսափեց Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի թեմային անդրադառնալուց, այլեւ ձեռնպահ մնաց Ադրբեջանի գործողությունները քննադատելուց՝ նշելով. «Մենք համարում ենք, որ դա մեր պարտականությունն է՝ որպես Հայաստանի գործընկեր, ստանալ տեղեկատվություն, ինչպես ասում են, առաջին ձեռքից: Հասկանալ, թե ինչ է կատարվում եւ, իհարկե, անել մեզնից կախված ամեն ինչ՝ որպես գործընկեր, դաշնակից, որպես Մինսկի խմբի մասնակից, որպեսզի իրադարձությունները զարգանան հանգիստ սցենարով»։
Այդ շրջանում, ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանին տրամադրել էր 200 միլիոն դոլարի չափով վարկ՝ սպառազինության ձեռք բերման նպատակով: Մեդվեդեւի հետ հանդիպմանը Հայաստանի այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը դժգոհել էր, որ գործընթացը դանդաղել է. «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին պետական արտահանման վարկի տրամադրման համար, որն ուղղվելու է Հայաստանի կարիքների համար նախատեսված ռազմական նշանակության ապրանքների մատակարարման ֆինանսավորմանը: Սակայն համաձայնագրի դրույթների իրականացման գործընթացը որոշակիորեն դանդաղել է, ուստի ցանկանում եմ խնդրել ձեզ հրահանգել Рособоронэкспорт-ին հնարավորինս արագացնել պայմանագրերի կնքումը»:

2016-ին ՌԴ-ն շարունակեց հարձակողական սպառազինության մատակարարումն Ադրբեջանին

2017թ. հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն անցած տարի շարունակել է ծանր հարձակողական սպառազինության մատակարարումն Ադրբեջանին: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի համաձայն՝ 2016թ. Ռուսաստանը Ադրբեջանին մատակարարել է 6 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ 2016թ. Ռուսաստանը նաեւ Հայաստանին է սպառազինություն մատակարարել՝ 300 միավոր դյուրակիր զենիթահրթիռային համալիր: Իրողությունն այն է, որ անգամ ապրիլյան պատերազմի տարում Հայաստանի ռազմավարական դաշնակիցը շարունակել է զինել Երեւանի հետ պատերազմական վիճակում գտնվող Բաքվին:

Անցյալ տարի հուլիսին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար, իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մամլո ասուլիսում եւս անդրադարձավ նշյալ թեմային: «Ռուսական կողմի բացատրությունները՝ Ադրբեջանին սպառազինության շարունակվող մատակարարումների վերաբերյալ, քննադատության չեն դիմանում եւ համոզիչ չեն: Պաշտոնական եւ ոչ պաշտոնական շփումներում մեր ռուս գործընկերների հետ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի ամենակնճռոտ հարցը մնում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման շարունակականությունը»,- ասել էր Աշոտյանը՝ ընդգծելով, որ ռուսական կողմի հիմնավորումները, թե դա բացառապես տնտեսական գործարք է կամ հնարավորություն՝ վերահսկելու Ադրբեջանի ռազմատեխնիկական պոտենցիալն ու տարածաշրջանային կայունությունը, իհարկե «մեր տեսակետից քննադատության չեն դիմանում»:

2016թ. հունիս-հուլիս ամիսներին հայտնի դարձավ, որ Ռուսաստանն Ադրբեջանին է մատակարարել Хризантема-С հակատանկային հրթիռային համալիրներ եւ ТОС-1А Солнцепек ծանր հրանետի մոտ 200 հրթիռ: «Ռուսական կողմի հիմնավորումները մեր կողմից, իհարկե, քննարկումների առարկա են եւ համոզիչ չեն»,- նշել էր Աշոտյանը՝ հավելելով. «Մեր ռազմավարական գործընկերությունը, ռազմավարական դաշնակցային հարաբերությունները չեն ենթադրում մեր արտաքին քաղաքական օրակարգերի 100 տոկոսանոց համընկնում, սա խնդրում եմ ֆիքսեք: Եվ ոչ մի երկրի հետ, բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Հայաստանը չունի արտաքին քաղաքական օրակարգի բացարձակ համընկնում: Սա ակնհայտ ճշմարտություն է»:

«Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի»

Հունվարի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017թ. դիվանագիտական տարվա ամփոփիչ ասուլիսում անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ադրբեջան ռուսական սպառազինության շարունակական մատակարարմանը եւ տեղեկություններին, թե ռուսական զինատեսակը Ադրբեջանը լայնորեն կիրառել է 2016թ. ապրիլյան իրադարձությունների ժամանակ, պատասխանել էր. «Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին տրամադրվող սպառազինությանը, դրան հանրապետության նախագահը եւ արտգործնախարարը ոչ մեկ անգամ անդրադարձել են: Չեմ կարծում, որ կրկնելու կարիք կա, բայց նշեմ, որ նաեւ հայտնի է, թե ինչ պատճառներով է հատուկ շեշտադրումներով այս թեման շահարկվում Բաքվի քարոզչամեքենայի կողմից: Հայաստանն անում է հնարավորը, որպեսզի ռազմական հավասարակշռությունը պահպանվի՝ ներառյալ նաեւ օգտագործելով այն հնարավորությունները, որոնք բխում են Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերություններից, ավելի մատչելի գներով գնելով սպառազինություն: Հիշատակեմ նաեւ, որ 2010թ. ստորագրվեց 5-րդ արձանագրությունը՝ կից 1995թ. պայմանագրին, որը վերաբերում էր ռուսական բազայի ներկայությանը Հայաստանում:

Այդ արձանագրությամբ որոշ փոփոխություններ մտցվեցին հիմնական փաստաթղթի մեջ։ Դրանցով Ռուսաստանը պարտավորվում է ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման դերակատարությունը Հայաստանի Զինված ուժերի հետ միասին եւ նաեւ պարտավորություն վերցնում տրամադրել Հայաստանին ժամանակակից զենք, սպառազինություն` ի կատարումն հենց այն դրույթի, որ Ռուսաստանը Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ երաշխավորելու է Հայաստանի անվտանգությունը: Մի բան էլ ավելացնեմ. ակնհայտ է, որ Ռուսաստանը կարեւոր դերակատարություն ունի մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում ոչ միայն որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր, այլ նաեւ որպես այս տարածաշրջանում կարեւորագույն դերակատարություն ունեցող պետություն»:

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 01.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728