Զոհվելուց առաջ ընկերներին այսպես է հրաժեշտ տվել Մեխանիկ Գոռը
«Ասում են` 250 զինվոր մինչեւ մահ ու գերեզման պարտական են Գոռին: Թե ինչի՞ համար` չեն ասում: Չգիտեմ: Բայց ես մի բան հաստատ գիտեմ` Գոռն ինչ արել է, գիտակցաբար է արել»,- ասում է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հայրը` Կարապետը: Գոռը զոհվեց 2016-ի ապրիլի 5-ին՝ զորացրվելուց 97 օր առաջ:
Կարապետը եւ կինը` Գայանեն, մեզ հետ զրույցում դժվարանում էին որդու մանկական «քյալագյոզություններից» հիշել: Գայանեն ասում է` շատ լուրջ, ծանրակշիռ, ինքնուրույն երեխա էր: Դպրոցում առաջադիմությամբ աչքի չէր ընկնում, բայց սիրած մասնագիտություն ուներ, հորեղբոր հետքով էր գնում` ավտոէլեկտրիկ էր: Դա էր պատճառը, որ բանակ զորակոչվելիս արդեն տիրապետում էր մասնագիտությանն ու ծառայության ժամանակ ծառայակից ընկերները Գոռին կնքեցին «մեխանիկ» անունով:
Գոռն ընտանիքի փոքր որդին է: Ծնողները պատմում են, որ Գոռն ու իր մեծ եղբայրը բնավորությամբ շատ տարբեր են: 2014 թվականին եղբայրը զորացրվել էր, մեկ ամիս հետո Գոռը մեկնեց ծառայության: Ասում են նաեւ՝ սիրած մասնագիտության պատճառով հորեղբոր հետ է շատ կապված եղել: «Գոռն իմ բաժինն է»,- միշտ այսպես է ասել հորեղբայրը:
Հայրն էլ պատմում է, որ ինքն ու որդին ընկերներ են եղել. «Կես խոսքից իրար հասկանում էինք, ոչ մի անգամ լեզու չի դարձրել: Ես էլ իրեն շատ վստահում էի: Գիտեի, որ ոչ մի անշնորք բան չի անի»:
«Առավոտյան 7-ն էր զանգեցի, ասաց` մամ, սուրճ ենք խմում, հրավիրեց սուրճ խմելու: Ժամը 11:30-ին է եղել դեպքը: Վերջին անգամ 10:30-ին եմ հետը խոսել, խոստացավ մեկ ժամից գալ ու զանգել, դիրքեր պիտի գնար… Խոստացած ժամին չզանգեց, ես զգում էի, որ մի բան այն չէ: Բայց չէի զանգում: Ասացի` դիրքեր են, չզբաղեցնեմ: Հետո զանգեցի, բայց Գոռն արդեն չպատասխանեց, անհասանելի էր: Ես զգացի, որ իր հետ…օրը 6-7 անգամ խոսում էի: Երգում էր, ծիծաղում էր: Ինձ համար շատ անհասկանալի էր իր էդ պահվածքը, քանի որ շատ լուրջ էր միշտ: Ասում էի` Գոռ, էդ ի՞նչ ձայն ա: Ասում էր, մամ, ավտոյի դուռը փակեցի… Դիրքեր էր, կրակոցներ էին, ուզում էր էնպես աներ, որ ես չզգայի»,- չարաբաստիկ օրերի խրոնիկան է հիշում Գայանեն:
Զորամասում՝ Գոռի հուշաքարի տեղադրման ժամանակ, զինվորներից մեկը Գոռի հոր` Կարապետի հետ զրույցում է պատմել. «Այդ օրը մեքենան բարձեց` զենք էր, հաց էր, չգիտենք: Եկավ, բոլորիս փաթաթվեց, հրաժեշտ տվեց, ասաց` մեկ էլ իրար չենք տեսնի»: Կես ժամ անց ընդհատվել է Գոռի երկրային կյանքը` Մատաղիսում, թշնամու անօդաչու սարքն է խոցել մեքենան:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար ընկան Արամ Աբրահամյանը, Սաշա Գալստյանը, Գոռ Կիրակոսյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Արամայիս Միքայելյանը, Բորիս Օզմանյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ»
03.04.2018





















































