Բաց նամակ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների կողմից 30.05.2018թ.-ին «Առավոտ» օրաթերթում լույս տեսած «Որտե՞ղ է Ցոլակ Դարբինյանը» վերնագրով հողվածին ի պատասխան:
«Առավոտ» օրաթերթի մայիսի 25֊ի համարում «4-րդ անգամ անցկացվեցին գերմանա-հայկական վարպետության դասընթացներ» վերնագրով հոդվածում, անդրադառնալով 20.05.2018 թ.-ի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) համերգին, գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի մասին գրված է. «Ինչ խոսք, հիանալի ելույթ էր, բայց չգիտես ինչու, համերգը կայացավ առանց կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանի»։ Նվագախմբի երաժիշտներս լուրջ չվերաբերվեցինք այդ մակերեսային արտահայտությանը։ Սակայն սրանից հինգ օր անց, սույն թվականի մայիսի 30-ին լույս տեսած հոդվածի մասին լռել չենք կարող։ Հոդվածի սկզբում կրկին նշվում է, որ Վահան Մարտիրոսյանը մայիսի 20-ի համերգը չի ղեկավարել։ Խորհրդակցելով Վահան Մարտիրոսյանի եւ «ՀՊԿՆ մասնաճյուղի» ղեկավար Նորայր Նազարյանի հետ, մենք ուզում ենք պարզաբանել, որ այդ համերգը, որի մասին նշվում է հոդվածում, նվագախմբի համերգների ցանկում ընդգրկված չի եղել։ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանը դիմել է Վահան Մարտիրոսյանին մեկ լրացուցիչ համերգ նշանակելու խնդրանքով, քանի որ որպես մենակատարներ ելույթ էին ունենալու ինքը, ալտահար Վաչե Հովեյանը, ջութակահարուհիներ Անի Աղաբեկյանը եւ Մարիա-Էլիզաբեթ Լոթը։ Վահան Մարտիրոսյանը Վաչե Հովեյանի խնդրանքին տվել է իր համաձայնությունը, նշելով, որ ինքն անձամբ չի կարող ղեկավարել համերգը, որովհետեւ այդ ժամանակահատվածում ունի արդեն նշանակված համերգներ Եվրոպայում։
Համերգների ցանկի որոշման կարգը հետեւյալն է՝ ՀՊԿՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորը մասնաճյուղի ղեկավարի հետ կազմում են առաջիկա 6 ամիսների համերգների ծրագիրը, որտեղ նշվում են յուրաքանչյուր համերգում ընդգրկված հրավիրյալ դիրիժորները եւ մենակատարները։ Ընդ որում, Վահան Մարտիրոսյանի դիրքորոշումն այն է, որ նվագախումբը պետք է ունենա հրավիրյալ դիրիժորներ, իսկ համապատասխան ծրագրից ելնելով, նվագախումբը կարող է հանդես գալ նաեւ առանց դիրիժորի։ Հոդվածից տեղեկացանք, որ հիշյալ համերգի մասին քննադատական արձագանք է հնչել նաեւ անվանի կոմպոզիտորների եւ այլոց կողմից, որոնք ցանկություն են հայտնել չնշել իրենց անունները։
Սա պարզապես նման է բամբասանքի, քանի որ այդ կոմպոզիտորները եւ երաժիշտները, ունենալով կոնկրետ դիրքորոշում եւ բարի կամք, սկզբունքորեն պարտավոր էին նշել իրենց անունները:
Հոդվածում գրված է նաեւ, որ իր բացակայությամբ, Վ. Մարտիրոսյանը արհամարհել է նվագախմբի երաժիշտներին, կոմպոզիտոր Վարդ Մանուկյանին (որի Կոնցերտը կատարվեց համերգին) եւ նրա որդի Վաչե Հովեյանին։ Հայտնում ենք, որ նվագախմբի անունից նման հայտարարություն վերագրելը, մեղմ ասած, ազնիվ չէ։ Իսկ այն արտահայտությունը, որ «Վահան Մարտիրոսյանը բարձրակարգ դաշնակահար է, բայց ոչ դիրիժոր», պարզապես ծիծաղելի է։ Վ. Մարտիրոսյանի դիրիժորական արվեստի բարձր մակարդակի մասին վկայում է այն, որ մաեստրոն, նախքան 2011թ.-ին հրավիրվելը մեր նվագախումբը ղեկավարելու, արդեն իսկ Ֆրանսիայի Կաեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորն էր։
Բացի այդ, Վ. Մարտիրոսյանը պարբերաբար ղեկավարում է բազմաթիվ նվագախմբեր, այդ թվում նաեւ Պրահայի ռադիոյի սիմֆոնիկ, Տոկիոյի ֆիլհարմոնիկ, Պրահայի ֆիլհարմոնիկ, NHK սիմֆոնիկ, Ճապոնիայի ֆիլհարմոնիկ, Nordwestdeutsche Philhgrmonie, Կանսայիի ֆիլհարմոնիկ, Սեւիլիայի Real Orquestra Sinfonjca Pays de Loire ազգային, Հայաստանի ֆիլհարմոնիկ, «Ամալգամ», Չեխիայի մենակատարների կամերային, Լիբանանի ֆիլհարմոնիկ, Դուեի եւ Կաննի, Թուլոնի օպերայի, Նովոսիբիրսկի կամերային նվագախմբերը եւ այլն։
Այս ամենից պարզ է դառնում, որ եթե Վ. Մարտիրոսյանը դիրիժոր չլիներ, այն էլ պրոֆեսիոնալ դիրիժոր, չէր կարող հրավիրվել եւ աշխատել այդ նվագախմբերի հետ։ Հոդվածում նշվում է նաեւ, որ, իբր, նվագախմբի երկացանկում բարոկկո երաժշտությունը գրեթե բացակայում է։ Հետաքրքրվողները կարող են ծանոթանալ 2017թ.֊ին նվագախմբի կողմից իրականացված համերգների ծրագրերին եւ համոզվել, որ ի թիվս այլ գործերի, կատարվել են նաեւ բարոկկո ժամանակաշրջանի բազմաթիվ ստեղծագործություններ։
Իսկ ինչ վերաբերում է Վ. Մարտիրոսյանի արտասահմանյան հյուրախաղերին, ապա դրանք խթանում են նվագախմբի առաջխաղացմանը, քանի որ այդ ընթացքում մաեստրոն հանդիպում է բազում դիրիժորների, մենակատարների հետ, որոնք նույնպես համագործակցում են մեր նվագախմբի հետ, ինչը նպաստում է հայ մշակույթի տարածմանը աշխարհով մեկ։
Մեր կարծիքով, այն մարդիկ, ովքեր փորձում են ցեխ շպրտել Մաեստրոյի վրա, իրենք են ցեխոտվում եւ հայտնվում են, առնվազն, ծիծաղելի վիճակում։
Վերջում ուզում ենք հավելել, որ մեզ համար մեծ պատիվ է եւ մեծ երջանկություն աշխատել եւ ստեղծագործել Մաեստրոյի նման բարձրակարգ ԵՐԱԺՇՏԻ, ԴԱՇՆԱԿԱՀԱՐ եւ ԴԻՐԻԺՈՐԻ հետ։
Ստորագրել է նվագախմբի 18 երաժիշտ



















































Ես երբ կարդացի նախորդ հոտվածը, ինձ մեծ զարմանք պատճառեց այն, բայց քանի որ ես այդ
իրականությունից հազարավոր կիլոմետր հեռու եմ գտնվում,ուրեմն ինձ իրավունք չտվի
միջամտելու, հույս ունենալով,որ նման հոտված անպատասխան չի մնա,քանի որ,
իրականությունը ուրիշ է:
Ես ուզում եմ շնորհավորել այս կոլեկտիվին, իրենց ցուցաբերած նվիրումի համար հանտեպ իրենց
ղեկավարին:
Սա նշանակում է, թե նրանք իսկապես գնահատում եմ Մաեստրոի նվաիրական աշխատանքը,
հանդեպ Հայ Երաչշտական գործող միջավայրի զարգացման ու տարածման գործին իր բերած մեծ
նպաստը:
ՄԵԿԸ ԲՈԼՈՐԻ, ԲՈԼՐԸ ՄԵԿԻ ՆՇԱՆԱԲԱՆՈՎ, ինչպես գործել են “մուսկիտորները ”
Ապրեք