Վերջերս ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները տարբեր առիթներով հայտարարում են, որ իրենք դարձել են ընդդիմություն: Փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող է մեծամասնությունը դառնալ ընդդիմություն: Անգամ դասագրքերից հայտնի է, որ ամեն անգամ խորհրդարանական ընտրության արդյունքում խորհրդարանում ձեւավորվում է մեծամասնություն եւ փոքրամասնություն: Մեծամասնությունը, բնականաբար, դառնում է օրենսդիր իշխանություն, փոքրամասնությունը՝ ընդդիմություն: Այժմ, մեր պարագայում այդ իշխանությունը իրեն հայտարարում է ընդդիմություն, բայց ընդդիմությունը փոքրամասնությունն է, եւ եթե դա փոքրամասնություն է, ապա այն չի կարող լինել իշխանություն: Այլ կերպ ասած՝ ստեղծվում է պարադոքսային իրավիճակ՝ հին հունական հայտնի պարադոքսի նմանությամբ:
Ստիպված եմ հիշեցնել՝ մի կրետացի ասում է, որ բոլոր կրետացիները ստախոս են: Հարց. ճի՞շտ է ասում նա. իհարկե՝ «ո՛չ», եւ միաժամանակ, իհարկե՝ «այո՛», քանզի ինքն էլ է կրետացի, հետեւաբար իր ասածը ճիշտ չէ, եթե ճիշտ չէ, ուրեմն կրետացիները ճշտախոս են, եթե ճշտախոս են, ուրեմն ինքն էլ է ճշտախոս, հետեւաբար բոլոր կրետացիները ճշտախոս են: Ստացվում է, որ տրամաբանական երկու՝ միմյանց հակասող դրույթ ճիշտ են, ինչն, իհարկե, հնարավոր չէ: Այդ անհնարինությունը ներկայումս ցանկանում են կյանքի կոչել նորօրյա տրամաբանները: Այդպես չի լինում եւ չի կարող լինել: Բանական մոտեցումը պահանջում է շատ պարզ լուծում, հրաժարական, ինչին կարող է հետեւել նոր խորհրդարանական ընտրությունը, ինչն էլ կհանգուցալուծի իրավիճակը: Սակայն, այսօր, փոքրամեծամասնությունը հայտարարում է, որ պատրաստվում են 2022թ. ընտրությանը, այսինքն՝ մոտ ապագայում ընտրություն չեն ուզում կազմակերպել, եւ եթե խորհրդարանում իրենք մեծամասնություն են կազմում, ուրեմն կարող են այն իրագործել, այնինչ ապրիլի 23-ից անմիջապես հետո գտնում էին, որ հարկավոր է նոր, արտահերթ խորհրդարանական ընտրություն, ինչպես դա կատարվում է ժողովրդավարական պետություններում:
Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի մետաֆորիզմը (այլակերպությունը): Ակնհայտ է, որ աստիճանաբար դուրս գալով ապրիլքսաներեքյա շոկից, այժմ մտմտում են իշխանությունը պահպանելու հնարավորությունը, դրա համար օգտագործելով իրենց օրենսդիր իշխանությունը, ելնելով այն բանից, որ ժամանակի ընթացքում ժողովրդական շարժումը աստիճանաբար կմարի, իսկ դրա հետ մեկտեղ նոր իշխանավորները չեն դիմանա իշխանության փորձությանը եւ գայթակղությանը, կդառնան իրենց նման, որի արդյունքում հեռու ապագայում իրականացվող ընտրության ժամանակ էլ կավելանան իրենց շանսերը, մանավանդ որ իրենք դեռեւս ունեն ֆինանսական, վարչական լուրջ միջոցներ: Կարճ ասած, պատրաստվում են ռեւանշի: Այս ամենի արդյունքում ներկայումս ստեղծվել է երկիշխանություն, իսկ դա երկիրը կործանելու լավագույն միջոցն է, որովհետեւ դա նշանակում է պայքար, բախում, առանց որի չի կարող լինել հանգուցալուծում:
Ինչպես տեսնում ենք, ստեղծվել է անհեթեթ (absurd) իրավիճակ: Ի դեպ, անհեթեթությունը քաղաքագիտական կատեգորիաներից է, որն, ըստ քաղաքագիտական բառարանների, բնորոշվում է հետեւյալ կերպ. «առանձին քաղաքական կուսակցությունների, քաղաքական գործիչների չմտածված, անլուրջ, ակնհայտ փուչ, անիմաստ հայտարարություն, երբեմն կոնկրետ գործողություններ, որոնք նպաստում են երկրում առկա սոցիալական, քաղաքական կայունության խաթարմանը»:
Այս անհեթեթ վիճակը աստիճանաբար կարող է փոխակերպվել գորդյան հանգույցի, որն ինչպես հայտնի է քանդեց Ալեքսանդր Մակեդոնացին՝ սրով կտրելով այդ հանգույցը: Այնինչ, այս հանգույցը կարելի է քանդել շատ ավելի բանական եւ տրամաբանական քայլով, եթե այդ իրավիճակի հեղինակները, գիտակցելով այլ լուծումների հույժ վտանգավոր բնույթը, հրաժարվեն իրենց ամբիցիաներից ու հավակնություններից: Այդ վտանգից խուսափելու քաղաքակիրթ ձեւը հրաժարականն է, մանավանդ նկատի ունենալով հայկական տարածքները հակառակորդին հանձնելու փաստը: Այդ արժանապատիվ քայլը ձեզ միայն պատիվ կբերի, վկայելով քաղաքական կայունությունը երկրում ապահովելու ձեր ձգտումը եւ կդառնա ձեր հետագա գործունեության, հաջողության գրավականը:
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
ՀՀ քաղաքացի
«Առավոտ»
05.06.2018


















































