Եթե ես վերլուծություն գրեմ, ասենք, աստղագիտությունից եւ սկսեմ այն պնդումից, թե Արեւը պտտվում է Երկրագնդի շուրջը, ապա, ենթադրում եմ, իմ մնացած եզրահանգումներն ու գնահատականները կասկածելի կթվան ընթերցողներին: Բայց դա աստղագիտությունն է, որը պիտի հիմնված լինի փաստերի վրա, իսկ ահա «քաղաքագիտությունը», «հրապարակախոսությունը» կամ «լրագրությունը», հավանաբար, փաստերի վրա չպիտի հիմնվեն, եւ այդ պատճառով հնարավոր է «սղացնել» ամեն մի հիմարություն: Իհարկե, ես այդպես չեմ կարծում, եւ դրա համար եմ այդ մասնագիտությունների անունները գրել չակերտներում:
Տվյալ դեպքում նկատի ունեմ ռուսաստանյան եւ ՌԴ որոշ ուժերից ուղղորդվող ոչ հայաստանյան «վերլուծաբաններին»: Երբ նրանցից մեկը գրում է, որ Փաշինյանը ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատել է «ռուսամետ» Յուրի Խաչատուրովին, ես ինձ իրավունք եմ վերապահում մնացած «վերլուծությունը» չկարդալու, որովհետեւ «վերլուծաբանը» չի տիրապետում նյութին: Մինչդեռ դժվար չէր երեք րոպե ծախսել, բացել թեկուզ «վիքիպեդիան» եւ կարդալ, որ 2016 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի (այսինքն՝ Սերժ Սարգսյանի) հրամանագրով Խաչատուրովը նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: Պարզ է, որ «վերլուծության» նպատակն է ցույց տալ ներկայիս կառավարության իբր «հակառուսական» բնույթը, բայց այդ կեղծիքը տարածելուց առաջ գոնե արժեր մի թեթեւ ծանոթանալ փաստերին:
Մեկ այլ վերլուծաբան նախ՝ չգիտի ԱՄՆ-ում հայկական լոբբիստական կազմակերպությունների անունները, իսկ հետո այնպիսի մի ենթադրություն է անում, որ միայն հիվանդ ուղեղում կարող էր ծնվել: «Պարզվում է»՝ Սիրիան ճանաչեց Աբխազիան եւ Հարավային Օսիան… Ռուսաստանում «հայկական լոբբիի» ճնշմամբ: Բայց նախ՝ ՌԴ-ում եւ ցանկացած այլ՝ ոչ դեմոկրատական երկրում լոբբիստական կազմակերպություններ չկան: Իսկ եթե նույնիսկ լինեին, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ նրանց պետք է հուզեին Աբխազիան եւ Հարավային Օսիան՝ ռուսահայերն ուրիշ դարդուցավ չունե՞ն: Այս դեպքում էլ նպատակը մեզ եւ վրացիներին կռվացնելն է՝ «վերլուծությունն» արվել էր Հայաստանի վարչապետի՝ Վրաստան այցից առաջ: Բայց դարձյալ՝ թեկուզ «կացնային» քարոզչության համար ցանկալի է փոքր-ինչ խորանալ թեմայի մեջ: Թե չէ ստացվում է, որ տգետ հեղինակն աշխատում է տգետ լսարանի համար:
Մեկ այլ պատմություն է «Սորոսը»: Ոչ թե ամերիկացի մեծահարուստը եւ նրա հիմնադրամը, այլ մի հավաքական կերպար այն ամենի, ինչ դուր չի գալիս ռուսաստանյան որոշակի շրջանակներին: Ներկայիս կառավարությանը նույնպես փորձում են կպցնել «սորոս» պիտակը, ինչը դարձյալ չի խոսում «կպցնողների» բարձր ինտելեկտի եւ գիտելիքների մասին:
Տեսնես՝ երբ մենք ենք գրում այլ երկրի իրադարձությունների մասին, նո՞ւյնպես նման «կիքսեր» ենք թույլ տալիս:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































Սա ցոյց կու տայ որ պետութեան մը հողային ընդարձակութիւնը կամ զինուորական
գերհզօրութիւն գրաւական մը չէ անոր արդար վերաբերմունքին իր ՛՛ դաշնակիցներուն՛՛
հանդէպ.; Ցաւօք Գայլին և գառնուկին պատմութիւնն է որ կը կրկնուի դարերու ըբթացքին;
Այդ փափուկ ուժ կոչվածի թիկունքում շատ կոշտ ուժեր են կանգնած, այստեղ է, որ ասում են՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է, խնդիրն այն չէ, թե փափուկ ուժը լավ բան է թե վատ, իմ պատկերացմամբ շատ լավ ու արդյունավետ միջոց է, խնդիրն այն է, թե այդ ուժերը որքանո՞վ են իսկական հայ ու հայամետ՝ եթե իսկական հայ չեն, այսօր կարող են լինել հայամետ, բայց դա չի նշանակում, որ միշտ են լինելու հայամետ: Միտքս հետեւյալն է՝ փափուկ ուժը ռազմավարական նշանակության զենք է եւ այն պետք է լինի իսկական հայ հարուստների ու վստահելի կառավարության պետական անվտանգության հսկողության տակ: Մենք պետք է ստեղծենք ու օգտագործենք մեր ոչ առևտրային կազմակերպությունները որպես դաստիարակման հզոր միջոց՝ դարավոր կախյալ ժողովրդի հոգեբանությունից դեպի պետականություն արարող հայ ազգի քաղաքացու հոգեբանություն: Եվ վերջապես, ե՞րբ ենք հայ կոչվելու՝ անհրաժեշտ բայց ոչ բավարար պայմանը, մեր եկամտի տասը տոկոսը վճարելու մեր պետականության ու ազգի զարգացման ու հզորացման համար, առանց, գոնե դրամական, զոհաբերության աստվածահաճո գործ չի լինում:
Դե,դա մեր արևելյա ,,հարևանի,,՝միջնադարյան մտածողության մակարդակի լրատվության արդյունքն է՝նպատակ ունենալով գժտեցնել մեր դաշնակցի և հարևանի հետ…:Որքան նեղմիտ են եղել հազար տարի առաջ Կասպից ծովի արևելյան ափից արևմտյան գալուց,այնպես էլ մնացել են…
Ես չեմ հաւատար որ Սորոսը ուղղակի որեւէ կապ ունի Հայաստանում կատարուածին հետ, ոչ ել ուրեմն այժմու կառավարութեան հետ:
Սակայն իսկապէս միամտութիւն – կամ ինքնախաբէութիւն – պիտի ըլլայ մտածելը թէ նրա կազմակերպութիւնը ո՛չ մի ձեւով քաղաքականօրէն չշահագործեց «թաւշեայ յեղափոխութեան» անսպասելի առիթը:
Սորոսը իր գաղափարաբանութիւնը երբեք չի կիրարկեր ուղղակի կապերով որեւէ իշխանութեան հետ, այլ զայն կը սրսկէ այլ մակարդակների վրայ, իր «Բաց Հասարակության Հիմնադրամներ»ու միջոցաւ, որ բաւականին տարածուած եւ աշխոյժ է Հայաստանում – որ յատկապէս պարարտ հողը իրեն համար – :
Ամէն դէպքում, ինքը չէ յանցաւորը, այլ անոնք որոնք կ’իյնան այդ ծանօթ ու բացայայտ ծուղակը: Կամ կարգին կուրութեամբ, կամ ել գիտակցաբար սակայն բարի միտումներով:
Իսկ թէ ինչ է նրա – անսահման փողի ուժով՝ այլազան ժողովուրդներու սրսկուող – գաղափարաբանութիւնը, ամփոփելու համար՝ ծայրայեղ ազատականութիւն, երկիրներու միջեւ սահմաններու/ժողովուրդներու միջեւ որեւէ տարբերութեան ջնջում, ազգային ինքնութեան անհետացում:
Անգամ մը եւս՝ արգիլուած չէ որ մարդը իր փողը գործածէ այդպիսի գաղափարաբանութիւն տարածելու համար, որքան որ կարող է: Խնդիրը այն է թէ, նամանաւանդ մեր վիճակի մէջ գտնուող ազգի մը համար, այդ գաղափարաբանութիւնը համազօր է անէացման: Սակայն ինքնաանէացումն ալ արգիլուած չէ… Արդէն 1960-ական թուականներու վերջաւորութենէն ի վեր, ոչ մի բան արգիլուած է, բացի միմիայն մի բան՝ որեւէ բան որեւէ ձեւով արգիլելը: Ինչ լա՜ւ…
>> Պարզ է, որ «վերլուծության» նպատակն է ցույց տալ ներկայիս կառավարության իբր «հակառուսական» բնույթը, բայց այդ կեղծիքը տարածելուց առաջ գոնե արժեր մի թեթեւ ծանոթանալ փաստերին:
Մի մոռացեք որ խոսքը ռուսական «վերլուծաբանների» մասին է, որոնց ՃՆՇՈՂ մեծամասնությունը մասնագիտական-կողմնորոշում ու ցմահ-պատվեր-ու-ռոճիկ ստանում են հատուկ ծառայություններից: ԵՒ նրանց խնդիրը ՈՉ ԹԵ իրերի օբյեկտիվ լուսաբանումն է, այլ հասարակական կարծիքի մանիպուլյացիան, ինչի համար ‘փոքր փաստերի խեղաթյուրումները’ (թիրախային լսարանի, որի մեջ դուք չկաք, միջին սպառողի համար անորսալի), «սորոս»-ատիպ պիտակները հրաշալի աշխատող գործիքներ են եւ գործածվում են միանգամայն գիտակցված վարպետությամբ:
Հետեւաբար, նման ‘կամպանիաներ’ դիտարկելուց պետք է ոչ թե փնովել նրանց ‘ցածր մակարդակը’ (ինչը իրականությանը ՉԻ համապատասխանում), այլ մտածել, թե ինչ հետին նպատակներով են դրանք աշխատում իրենց հասարակությանը որոշակի պատկերացումներ ներշնչել:
Երբ որ կանգնեք Մասիս (մասն ընդ իս) սարի գագաթին, կհամոզվեք, որ Արեւը պտտվում է Հայոց Աշխարհի շուրջը:
Երեւան կգա Հայ հոգին, Հայի էությունը, Հայկական քաղաքակրթությունը…