Վերջերս մասնակցեցի մի հանդիպման, որտեղ լրատվամիջոցների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն էին հայտնում այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն նոր Ընտրական օրենսգրքի՝ մեզ վերաբերող կետերը: Հնչած մտահոգություններից մեկն այն էր, որ ընտրությունների ժամանակ հայտնվում են «կեղծ» կայքեր եւ «կեղծ» լրագրողներ, որոնք ստեղծվում են հենց այդ կարճ ժամանակահատվածի համար: «Կեղծ» կայքերը զբաղվում են իրենց հովանավորող քաղաքական ուժի քարոզչությամբ, իսկ «կեղծ» լրագրողները գնում են ընտրական տեղամասեր ոչ թե լուսաբանելու, այլ «ակտիվիզմով» զբաղվելու համար:
Գործընկերներիս մտահոգությունը, ինչ խոսք, տեղին է: Բայց ես ինձ թույլ տամ ասելու մի բան, որը, հավանաբար, կհակասի մեծամասնության տեսակետին՝ նման հարցերում կարգավորումներ առաջարկելն այս պահին անիմաստ է: Փաստարկներս երկուսն են: Առաջին. ինչի՞ համար է պետք կարգավորել գետի միջով անցնող խողովակը, երբ մի հսկայական գետ է հոսում առանց որեւէ կարգավորման: Նկատի ունեմ, բնականաբար, ֆեյսբուքն ու յութուբը: Այս կամ այն գրառման կամ տեսագրության դիտումները կարող են մի քանի անգամ գերազանցել ցանկացած կայքի հրապարակման եւ ցանկացած հեռուստատեսության հաղորդման դիտողների թիվը: Եվ այստեղ խոսել պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական կամ մարդկային էթիկայի մասին` պարզապես ավելորդ է: Ցանկացած թեկնածու, ընտրող, դիտորդ, վստահված անձ կարող է կատարել տեղեկատվություն, մեկնաբանություն պարունակող գրառում կամ դնել տեսագրություն, եւ այսպիսով «կեղծ-անկեղծ», «լրատվամիջոց-ոչ լրատվամիջոց» բաժանումը պարզապես վերանում է: Ես չեմ ասում, որ «սոցցանցերի գետը» միայն բացասական երեւույթ է՝ ինչպես ցանկացած գետ, այն կարող է բերել թե՛ կեղտոտ եւ թե՛ մաքուր ջրեր: Նույնիսկ չեմ պնդում, որ այդ գետի վրա հնարավոր չէ որոշակի «զտիչներ» դնել: Պարզապես մի քանի ամսվա ընթացքում եւ առաջիկա արտահերթ ընտրությունների համատեքստում դրա վրա ժամանակ եւ ջանքեր ծախսելն է անիմաստ:
Երկրորդ փաստարկս ավելի ընդհանրական է: Կարելի է լինել մասնագիտությամբ լրագրող, աշխատել տարիների պատմություն ունեցող լրատվամիջոցում, բայց զբաղվել կուսակցական քարոզչությամբ, «ակտիվիզմով» եւ տարածել կեղծ լուրեր: Կան լրատվամիջոցներ, լրագրողներ կամ պարզապես մարդիկ, որոնք մտածում են իրենց հեղինակության մասին, կան՝ որ չեն մտածում: Եվ հեղինակություն ձեռք բերելու միջոցները, ինչպես նաեւ հեղինակություն հայցելու թիրախ սոցիալական շերտերը նույնպես տարբեր են: Այս երկու տասնամյակների ընթացքում ինձ հետ, օրինակ, բավականին հաճախ է պատահում, որ մարդիկ կանգնեցնում են փողոցում եւ ասում՝ «Աբրահամյան ջան, լավ ես խոսում, բայց մի քիչ ավելի շատ հուպ տուր»: Ժպտում եմ, ձեռքը սեղմում եմ եւ անցնում: «Հուպ տվողները» շատ են: Մանավանդ` հիմա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ



















































երկրի այժմու ճգնաժամային վիճակին մէջ, լրագրողների մեծամասնութիւնը շատ լաւ, որակաւոր, տպաւորիչ գործ են կատարում (թերեւս մի քիչ «յանցաւո՞ր» զգալով արդեօք, որ նախապէս տեւական սխալներ գործեցին, որոնց հետեւանքով հասանք այս քաոսային վիճակին… ինչեւե… ). այս պահին, Պետութեան միակ կայուն եւ լուրջի առնուելիք իշխանութիւնը, Չորրորդն է…
սակայն ի՞նչ է վնասը կարգաւորումի… «ժամանակ եւ ջանքեր ծախսել» տեսայ վերեւ միայն որպէս պատճառ, ոչ մի բան չփոխելու համար այս ոլորտում… ներողութիւն, այդքան զբաղա՞ծ է համայն լրագրողական համայնքը… երբ որ ամբողջ երկիրը յանկարծ reboot եղաւ… կարելի է առարկել որ շատ ուրիշ բաներ ալ կային որոնք կարիքը չունէին կարգաւորման, սակայն ամէն բան տակն ու վրայ դարձած է այս պահին. ինչո՞ւ միայն լրագրողները մնան ինչպէս որ են… դա, անցեալի վերաբերող կատարեալ անթերիութեան վարկած մը կը ստեղծէ, որ… վիճելի է
կարգաւորման գործընթացը ստանձնողները հաւանաբար իրենք կարիքը չունենան այդ կարգաւորման, սակայն անօգուտ չէ դա, որպէսզի դարձեալ սայթաքումներ տեղի չունենան, գոնէ ընտրութիւնների ժամանակ.