Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր «փարավոնի» վրա է կարելի հույս դնել

Մայիս 07,2026 13:30 Share

Դաշնակից ձեռք բերելու համար պետք է ներքին համերաշխության հասնել

«Զուր տեղը ջանք կթափե՞ն մի ժողովրդի համար, որից ո՛չ շահ, ո՛չ էլ օժանդակություն ու օգուտ է լինելու իրենց», – Եսայի մարգարեի գրքում նման հռետորական հարց է հնչում՝ ուղղված հրեաներին, որոնք, առանց որեւէ հիմք ունենալու, հույսը դրել էին Եգիպտոսի փարավոնի աջակցության վրա (Եսայի, 30:5):

Մարգարեն առաջարկում էր հույս չդնել ոչ մեկի վրա՝ բացի Աստծուց: Դա գուցե կարող է ընկալվել որպես կոչ՝ նստել ձեռքերը ծալած եւ սպասել Աստծո շնորհին: Բայց խոսքն այլ բանի մասին է՝ պետք է գործել, բայց որոշակի սկզբունքներից (հավատից) ելնելով, ոչ թե դրանց հակառակ:

Առնվազն երկու տասնամյակ Հայաստանն անվտանգության առումով հույսը կապում էր Ռուսաստանի հետ, եւ մեր հաշվարկն, ի վերջո, սխալ դուրս եկավ: Հիմա, նեղացած երեխայի պես, մենք նետվեցինք ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի մոտ՝ խնդրելով նրանց փոխարինել Ռուսաստանին: ԵՄ-ն իր զինված ուժերն, ըստ էության, չունի, նոր սկսում է դրա մասին մտածել, եւ եթե այսօր լուրջ բանակաշինություն սկսի, այդ պրոցեսի առաջին փուլը կավարտվի ամենաշուտը 5 տարուց: ԱՄՆ ռազմական հզորությունն, իհարկե, անվիճելի է, բայց Հայաստանի անվտանգության առումով Թրամփի whatsapp-ի վրա հույս դնել, հավանաբար, չարժե: Մարդը, որը հաճախ օրը երեք անգամ իրար հակասող պնդումներ է անում, դժվար թե ամեն ինչ թողնի եւ վազի Հայաստանին փրկելու՝ մի երկիր, որի ոչ միայն տեղը, այլեւ անունը լավ չգիտի: Այդ հարցին, թերեւս, իմաստ կունենա անդրադառնալ 2028 թվականին, երբ ԱՄՆ-ը կունենա նոր նախագահ:

Բայց մինչ այդ Ադրբեջանի նոր հարձակումը (տանկերով, թե մեքենաներով) եւ էթնիկ զտումը ամենեւին բացառված չէ: Հիմա ո՞ր «փարավոնին» մենք պետք է ապավինենք: Կարծում եմ՝ ոչ մեկին: Իհարկե, քաղաքական եւ ռազմական դաշնակիցներ պետք է ունենալ: Իրական դաշնակիցներ, ոչ թե մարդկանց, որոնք կգան եւ այստեղ պաթոսային ճառեր կարտասանեն:

Բայց դաշնակիցն ու «պապան» տարբեր բաներ են: Վստահ եմ, որ իրական դաշնակից, գործընկեր կարելի է գտնել այն դեպքում, երբ երկրի ներսում խաղաղություն, համերաշխություն է հաստատված: Երբ իշխանությունն ամեն ինչ անում է պառակտման համար, երբ արտասահմանյան «պապաներին» նրանք աղաչում են՝ փրկեք ինձ դրսի ու ներսի «հիբրիդայիններից», օգնեք մեզ՝ սոսնձվել մեր աթոռներին, որ մենք ձեզ օգտակար լինենք… այդ պարագայում, եթե նույնիսկ իշխանությանը օգնեն, պետությանը չեն օգնի:

Փաշինյանն այլ կերպ, այսինքն՝ առանց պետությանը վնաս տալու, չի կարող իշխանության մնալ: Բայց Փաշինյանից հետո նոր իշխանության հիմնական խնդիրը պետք է լինի ներքին համերաշխությունը: Եվ, եկեք չվախենանք այդ բառից՝ ժողովրդավարությունը:

20-րդ դարի առաջին տասնամյակներից սկսած ժողովրդավարությունը սկսում է կորցնել իր արժեքային նշանակությունը եւ դառնում է զուտ տեխնիկական ընթացակարգ: Այդպես է ստացվում, որ եվրոպական մի պաշտոնյա ասում է՝ մենք կօգնենք Փաշինյանին ավելի ուժեղ ժողովրդավարություն կառուցելու: Ինչը թարգմանաբար նշանակում է՝ մենք սատարում ենք Փաշինյանի քաղաքականությանը, որը ճնշում է իր ընդդիմախոսներին, քանի որ նրանք ժողովրդավար չեն:

Իսկ ինձ համար ժողովրդավարությունն արժեքային եւ կոնկրետ՝ քրիստոնեական իմաստ ունի: Փրկիչը մահացել է բոլորի համար, նրա համար նշանակություն չուներ ոչ պաշտոնը, ոչ ազգությունը, ոչ սոցիալական կարգավիճակը: Հոգատար, ջերմ վերաբերմունքը, որը մենք դրսեւորում ենք մեր մերձավորի նկատմամբ, իրականում վերաբերմունք է Աստծո հանդեպ, քանի որ մենք տեսնում ենք Նրան ցանկացած մերձավորի մեջ:

Սա է, իմ կարծիքով, ժողովրդավարության հիմքը: Եվ այն պետք է դրսեւորվի ընտանիքում, համայնքում, աշխատավայրում: Այդ դեպքում է միայն հնարավոր հարգել ցանկացած դիրքորոշում, լսել ցանկացած մարդու, չընկալել քեզ հետ չհամաձայնողներին որպես թշնամի:

Ժողովրդավարական օրակարգը բարձր չի հնչում այս նախընտրական շրջանում: Իշխանությունը դրա մասին խոսում է, ինչպես արդեն ասացի՝ օգտագործելու համար որպես մահակ ընդդիմախոսների դեմ. «Այնպիսի ժողովրդավարություն կհաստատենք, որ բոլոր հակաժողովրդավարները կնստեն բանտերում»: Ընդդիմադիրներին էլ ժողովրդավարության թեման առանձնապես չի հետաքրքրում:

Պետք է անկեղծ լինենք ու արձանագրենք, որ մեր հասարակության մեծամասնությանը նույնպես ժողովրդավարությունը չի հուզում: «Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ մարգարեացեք, այլ խոսեցե՛ք մեզ հետ ու մեզ պատմեցե՛ք մի այլ մոլորության մասին»: (Եսայի, 30:10):

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2026

Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031