Եթե հարցնենք միջին վիճակագրական մարդու՝ «ո՞վ ես դու», նա կա՛մ կտա իր անունը, կա՛մ կասի, թե որտեղ է աշխատում: Շատ մարդկանց պատկերացումը սեփական հաջողության, սեփական ընդունակությունների ու սեփական գրավչության մասին ձեւավորվում է ոչ թե ինքնաճանաչման, այլ ուրիշների հետ համեմատության վրա:
Սակայն մարդկության զարգացման հիմքում ընկած է ոչ թե մրցակցությունը, այլ ստեղծելու, արարելու ունակությունը: Ամբողջ աշխարհում չկա եւ չի կարող լինել քեզ նման երկրորդ անձնավորություն: Եվ մի՞թե հիմարություն չէ հետեւել ինչ-որ մեկի չափանիշներին՝ այդպիսով ոչնչացնելով քո մեջ Աստծո անկրկնելի ստեղծագործությունը: Չմտածեք ձեր աշխատանքի կամ սոցիալական կարգավիճակի «հեղինակավոր» լինելու մասին՝ անսասան եղեք ձեր անհատականության մեջ:
Ժամանակակից մարդու գիտակցության մեջ չկա հստակ սահմանագիծ` մրցակցության եւ արարելու ունակության մեջ: Մինչդեռ դրանք հեռու են իրարից, ինչպես սեւն ու սպիտակը կամ ինչպես երկու բեւեռները: Մրցակցությունը ենթադրում է չափորոշիչներ, արարելու ունակությունը՝ բացառիկություն: Մրցակցությունը մարդուն դարձնում է ընդհանուր զանգվածի մաս, արարելու ունակությունը դարձնում է նրան անհատականություն:
Կողմնորոշվելով մրցակցությամբ` դուք ցանկանում եք ունենալ տուն, մեքենա կամ աշխատանք, որոնք ավելի լավը կլինեն, քան ինչ-որ մեկինը: Այդպիսով, ձեր իրական ցանկություններն ընկնում են թակարդի մեջ, չէ՞ որ դուք ոչ թե ձերն եք ուզում, այլ ուրիշինը, միայն թե ավելի լավը: Դուք ենթարկվում եք այն արժեքային համակարգին, որն ուրիշի կողմից է ձեւավորվել:
Արարելու ունակությունը մարդու առջեւ սեփական աշխարհը ստեղծելու հնարավորություն է բացում: Եթե դուք վերցնեք վրձինը, ներկերը եւ կտավ ստեղծեք, ապա կարեւոր չէ՝ ինչը եւ ինչպես է ձեզ մոտ ստացվել՝ դա կլինի ձեր սեփական ստեղծագործությունը: Եվ նույնիսկ ամենահմուտ նկարիչը չի կարողանա ստեղծել ճիշտ կրկնօրինակը: Արդյոք դա ձեր բացառիկության բավարար ապացույցը չի՞: Ինքնանույնականացումը, որը կողմնորոշվում է ընդհանուր ստանդարտներով, եւ մրցակցությունը ոգու վախճանի նախանշաններն են: Արարելու ունակությունը եւ անհատականությունը տանում են դեպի անսահման գիտելիք:
ՅՈՒԵԼ ԱՆԴԴԵՐՍՈՆ, ամերիկացի գրող (1917-1986)
«Ենթագիտակցության բանալին»
Ազատ թարգմանություն ռուսերենից



















































Արարել մրցակցությամբ․ Դրանք 2 միասին պետք է լինեն որպեսզի մարդը չալարի արարել եվ արարի չերերալով այլ կերպ ասած ունենա անհրաժեշտը արարելու համար․