Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլը

Սեպտեմբեր 10,2018 22:25

Ես վախենում եմ աքայացիներից, նույնիսկ եթե նրանք ընծաներ են բերում:

Վերգիլիոս, Էնեական

 

Սիրո եւ համերաշխության հեղափոխության հաղթանակի հետ կապված մի շարք առեղծվածներ կան, եւ ստիպված ենք վերհիշել դրանցից ամենաառեղծվածայինը,  տեսնելով, թե Պուտինը ինչպես է հիմա պաշտպանում Հայաստանի իր գործակալներին։ Մինչդեռ, երբ ապրիլ-մայիսին Ռուսաստանը որեւէ փորձ չարեցին դրածոներին Հայաստանում օժանդակելու համար, իսկ Պուտինը առաջին իսկ պահին շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, մենք այս ամենը վերագրեցինք մեր հպարտությանը եւ համազգային շարժման հզորությանը։

Սերժ Սարգսյանը հավատարիմ ծառայել է Պուտինին, չի եղել դեպք, որ նա մերժի Ռուսաստանի հրահանգները։ Սակայն վերջին 2-3 տարիներին Պուտինը համառորեն ուզում էր նրան գործից հանել։ Սկզբում Հայաստանում կազմակերպվեց Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունը, որն ակնհայտորեն իշխանափոխության նպատակ ուներ։ Այնուհետեւ Երեւանի վրա հարձակվեցին Սասնա Ծռերը, մի քանի ոստիկանի սպանեցին, գրավեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ շուրջ 2000 միավոր զենք կար, նպատակ ունեին այդ զենքը բաժանել ժողովրդին եւ Երեւանում առաջացնել քաոս, եւ ի վերջո՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը։ Այս փորձը նույնպես չհաջողվեց։

Այն համառությունից, որ անգամ այս փորձերից հետո Պուտինը շարունակում էր Սերժ Սարգսյանի դեմ դավադրությունները, պարզ էր դառնում, թե նա Հայաստանի համար մի այնպիսի առաջադրանք ունի, որը չի կարող Սերժին վստահել։ Ոչ թե նրա համար, որ նա չի կատարի, այլ հենց նույն պատճառով, որի համար էլ Սերժ Սարգսյանը պաշտոնանկվեց՝ ցածր լեգիտիմության։ Եթե Հայաստանի ոչ լեգիտիմ նախագահը կատարեր այդ ծանր առաջադրանքը, ապա կամ մյուս օրը նրան կքշեր-կտաներ որեւէ հեղափոխություն, կամ էլ հաջորդ կառավարությունը կհրաժարվեր ձեռք բերված պայմանավորվածություններից, դրանք համարելով անօրինակ իշխանավորների գործարք։ Իսկ այդպիսի առաջադրանք կարող էր լինել ինչպես հողեր հանձնելը, այնպես էլ ռուսական զորքին Ղարաբաղ հրավիրելը, կամ, ասենք հայկական զորքը Սիրիա ուղարկելու նման խայտառակ, բայց ավելի մասշտաբային գործողություն, կամ այս բոլորը միասին։

Նման առաջադրանքների համար Հայաստանին պետք է բացարձակ լեգիտիմ, ժողովրդի վստահությունը վայելող, եւ իր ցանկացած գործողության համար ժողովրդի աջակցությունն ունեցող ղեկավար։ Եւ այս տարվա մայիսին տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում Սերժ Սարգսյանը պաշտոնանկվեց, իսկ նրա տեղը զբաղեցրեց Նիկոլ Փաշինյանը։ Առավել կարեւոր էր այն, որ առաջին անգամ մենք ունեցանք այնպիսի լիդեր, որի լեգիտիմության մեջ Ռուսաստանը մաս չուներ։ Ակնհայտ է, որ հեղափոխության առաջնորդին ամբողջովին վստահում են հասարակության լայն շերտերը, եւ նա կարող է հանրությանը որպես ազգափրկիչ մատուցել ցանկացած գործողություն՝ անկախ դրա իրավական հիմնավորումից կամ քաղաքական բովանդակությունից։

Մինչդեռ, հեղափոխությունը նաեւ լուրջ վտանգներ էր պարունակում պուտինյան պլանների համար։ Մեր պատմության ողջ ընթացքում եզակի շանս էր առաջացել Հայաստանը հանելու ռուսական գաղութատիրական շրջանակից, կամ գոնե թուլացնել ռուսական ազդեցությունը՝ ստեղծելով նրան ալտերնատիվ քաղաքական դիսկուրսներ։ Եթե հեղափոխությունը շարունակ չկրկներ «հայաստանակենտրոն» լինելու մասին բովանդակազուրկ մանթրան եւ փորձեր առաջին իսկ օրից գնալ Հայաստանի միջազգային վարկի բարձրացման ու բազմավեկտոր քաղաքականություն ստեղծելու ուղղությամբ, ապա Հայաստանը կստանար տարածաշրջանում իրական առաջընթացի խթան։

Միջազգային քաղաքականության այբուբենն անգամ ասում է, որ Ռուսաստանի հետ ակտիվ քաղաքականություն վարելու համար պետք է ցույց տաս մի կողմից քո արժեքը, մյուս կողմից ստեղծես ալտերնատիվներ, որպեսզի Ռուսաստանը հասկանա, որ քո հետ պետք է սիրաշահել, եւ ոչ արհամարհել։

Դրա փոխարեն հայտարարվեց, թե հեղափոխությունը չի վերանայելու Հին Հայաստանի արտաքին քաղաքականությունը, ենթադրելով, թե Ռուսաստանը այդքանով կբավարարվի եւ չի փորձի խառնվել մեր ներքին քաղաքականության մեջ։ Այս ամենին զուգահեռ, քաղաքականության արեւմտյան ուղղության մեջ գրանցվեցին այնպիսի խայտառակ բացթողումներ, ինչպես փոխվարչապետների բովանդակազուրկ վոյաժներն էին Միացյալ Նահանգներ, կամ վարչապետի սկանդալային բանակցությունները եվրոպաշտոնյաների հետ Բրյուսելում։

Նիկոլ Փաշինյանը անվտանգության ու արտաքին քաղաքականության փոխարեն այլ նախապատվություններ էր տեսնում։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նա սկսեց պաշտոնյաների ձերբակալություններ, նա մտածում էր ավելի հնչեղ ու ավելի բարձր պաշտոնյաների ձերբակալության մասին, այդ հարցերում փորձում էր նաեւ արտասահմանադրական մեխանիզմներ գտնել։ Նա մտածում է Երեւանի քաղաքապետի ընտրության մասին, ընտրական օրենսգրքի, ԱԺ արտահերթ ընտրությունների հնարավորություն ստանալու։ Մի խոսքով, արտաքին քաղաքականությունը եւ մանավանդ Ղարաբաղի հարցը նետվել են հետին պլան։

Մինչդեռ Ղարաբաղում պատերազմ է, որը պահանջում է ամենօրյա պայքար։ Ալիեւը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի հայտարարած time out-ը, նա չի սպասում, մինչեւ Նիկոլ Փաշինյանը տեղավորվի իր կաբինետներում եւ կառավարություն ձեւավորի, ընտրություններ անցկացնի, եւ այլն։ Մինչ Նիկոլ Փաշինյանը վայելում է ղարաբաղյան հարցում իր time out-ը, Ադրբեջանը հարձակվում է դիվանագիտական բոլոր ճակատներով։ Ղարաբաղի հարցից չես կարող ազատվել, հայտարարելով, թե դա ղարաբաղցիների գործն է։ Իսկ ապագա պատերազմի հարցում Նիկոլ Փաշինյանը շատ հարմար լուծում գտավ, ասելով, թե դա Պուտինի խնդիրն է, մինչդեռ ակնհայտ է, որ Պուտինն այդպես չի կարծում եւ զուտ հայկական հեղափոխության այդ կարծիքի համար չի կանգնեցնի պատերազմը։

Ռուսաստանը աստիճանաբար սպասում էր, թե հեղափոխությունն ինչպես էր տեղավորվում իշխանության մեջ, վայելում փափուկ օթյակներն ու լիմուզինները։ Իսկ երբ հեղափոխությունը հասավ ամենաթողության այն աստիճանին, որ սկսեց խոսել արտասահմանադրական արդարադատության մասին եւ առաջին տիկնոջ վարսահարդարին նշանակել վարչապետի օգնական, Ռուսաստանը հասկացավ, որ «клиент созрел», եւ անցավ կոշտ հակազդման եւ կլիենտին իր պայմանները թելադրելուն։ Այս ընթացքում Պուտինը Հայաստանին ներքաշեց «ավելի ռուսամետության» ծուղակի մեջ, եւ հիմա ակնհայտորեն արդեն մեզ անգամ ներքաղաքական լուծումներ է պարտադրում։ Չեմ հավատում Շանթի հայտարարությանը, թե Նիկոլը КГБ-ի գործակալ է, իրականում աստիճանաբար նա հայտնվել է մի վիճակում, որտեղից ետդարձի դեպքում նա կարող է իր դեմքը կորցնել, եւ ստիպված է հանձնվել հոսանքին, որը գալիս է Կրեմլից։

Առայժմ Կրեմլը Հայաստանին պարզապես ցույց է տալիս իր տեղը՝ մերժելով արտահանձնել Միքայել Հարությունյանին, կամ Լավրովի բերանով անպատվելով։ Իսկ Հայաստանի համար չափազանց վտանգավոր արկածախնդրությունը, երբ մեր զորքերը ռուսական դրոշի տակ պետք է ծառայեն Սիրիայում, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի հրապարակին ներկայացնում է որպես հայ-ռուսական հումանիտար գործընկերության լավագույն ապացույց, եւ հրապարակը ողջունում է դա, ցույց է տալիս, որ նրա լեգիտիմությունն արդեն վտանգավոր երանգներ է ընդունում։

Մեծ առաջադրանքները դեռ առջեւում են։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Artur says:

    Վերլուծությունն կարելի է ասել հեղինակի երևակայության կամ միգուցե, ով գիտի ինչ նպատակների, կամ հրահանգների արդյունք է: Բացարձակապես անընդունելի հրապարակում է, նաև վտանգավոր… Առավոտ թերթին խորհուրդ կտայի տպագրել մի քիչ լուրջ քաղաքագետի վերլուծություն, գոնե այնպիսի մեկի, որն ունի որոշակի պատրաստվածություն…

  2. Քաղաքացի says:

    Բոլորովին համաձայն չեմ հեղինակի հետ և ոչ մի հարցում: Հարկ չեմ համարում նույնիսկ վերլուծել: Եթե հիմնվենք հոդվածում բերված հետևություններին, ապա ամեն ինչ սխալ էր: Սա կամ միտումնավոր վարկաբեկում էր, կամ լավագույն դեպքում, կարճատեսության և արհեստավարժության ճչացող օրինակ: Ոչ օբյեկտիվ, ոչ կարուցողական և նույնիսկ, ինչպես նշեց Արթուրը, վտանգավոր: Ի դեպ, հարգելի խմբագրություն, հետաքրքիր է, թե ի՞նչ սկբունքով է ընտրվում տպագրությանը արժանի նյութը:

  3. SV says:

    Հարգելի պարոն Ենոքյան
    Կար մի գործող համակարգ, որը հիմնված էր ստի, կեղծիքի, թալանի, աչքակապության, անսահման ցինիզմի, անբարոյականության վրա: Ձեր կողմից նշված ոլորտները և այդ ոլորտների հետ կապված խնդիրները միայն պարզ թվարկումից արդեն իսկ գլխապտույտ են առաջացնում: Եվ Դուք ուզում եք, որ 100 օրվա մեջ այդ համակարգի գործունեության հետևանքները շտկվե՞ն: Դուք չ՞եք գիտակցում, որ համակարգը, ըստ էության դեռ իր տեղում է և վարչապետը, ասած ռուսին, «по ногам и рукам» կապկըպված է Ձեր ազգային ժողովով, Ձեր արատավոր և հանցագործ դատաիրավական համակարգով, Ձեր վերից վար կոռումպացված թալանչի վերնախավով և նրանց շահերով, Հայաստանը, փաստացի, իր բոլոր շահերով և ռեսուրսներով Ռուսաստանին հանձնված կարգավիճակով: Եվ Դուք այսօր այդ ամենի պատասխանը ուզում եք ստանալ նոր կառավարությունի՞ց: Ձեռքը որտեղ չի գցում Փաշինյանը ամեն տեղ ճգնաժամ է: Եվ այսօր, Դուք բարոյական իրավունք ունեք հեգնանքով խոսել Փաշինյանի time-out-ների՞ց: Որպես ՀՀ քաղաքացի փաստում եմ, գործնականում ոչ մի ոլորտ, ոչ մի կառույց չի աշխատում: Միայն մի քանի գերատեսչություն արտաքին աշխարհի հետ շփվելու համար և մի քանի գրագետ չինովնիկ այս համակարգին արտաքին աշխարհում պատշաչ ներկայացնելու և ներսի բարոյազուրկ վիճակը թաքցնելու համար: Այսօր Դուք մատնանշում եք նոր կառավարության «փոխվարչապետների բովանդակազուրկ վոյաժները»: Ես, որպես պետական կառույցի ծառայող գիտեմ, թե ինչպիսի ահռելի բովանդակազուրկ գումարներ են ծախսվել տասնամյակներ շարունակ և ծախսվում (այո) մինչ օրս, որովհետև համակարգը իր բոլոր կապերով դեռ իր տեղում է: Եվ Դուք համարում եք, որ այժմ ճիշտ ժամանակն է դրա մասին խոսե՞լ: Այդքան մտահոգ էիք, բարձրաձայնեիք 100 օր առաջ: Իսկ նոր կառավարության փոխվարչապետների առաջին այցը կարող էր լինել զուտ ճանաչողական և դա նորմալ է: Ձեր նմանների մեկնաբանությունների պատճառով է, որ երեկ վարչապետի կինը հրապարակյավ ներկայացրեց Փարիզում ձեռք բերված իր երեխաների համար մի քանի խաղալիքը: Ես որպես քաղաքացի, ինչպես ասում են, գետինը մտա: Իսկ Դու՞ք: Այսօր Ձեր աչքին նոր կառավարության լիմուզինն է երևում, իսկ ես, չլինելով քաղաքագետ և մեկնաբան, մտածում եմ, ոնց պիտի մեր վարչապետը մեն-մենակ (իր մի քանի թիմակիցներով) այսքան բանի տակից դուրս գա: Այս ամենը քիչ է, Պուտինն էլ գլխից: Դալայ Լաման այսպիսի մի միտք է արտահայտել. «Նախքան մեկին քննադատելը, հագիր նրա կոշիկները և անցիր նրա ճանապարհը»: Ձեր այս հոդվածը որակում եմ որպես շատ կողմնակալ և հակապետական:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930