Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն կարճատեւ PR-ի չի կարելի չարաշահել արտաքին ռեսուրսները»

Սեպտեմբեր 21,2018 14:00

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը

– Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: ՌԴ-ից տարբեր ազդակներ հնչեցին, նաեւ Ձեր կուսակից ընկերներն են հետընթաց գնահատում այդ հարաբերություններում, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ եւ խութեր չկան:

– Այսօր հայ-ռուսական հարաբերություններում, իմ պատկերացմամբ, առաջ են եկել մի շարք հարցականներ: Բնականաբար, Նիկոլ Փաշինյանը շահագրգիռ պետք է լինի այդ հարաբերությունների մեջ: Փորձելու է ամեն բան անել, որպեսզի դրանք գոնե նոմինալ կերպով պահպանվեն: Սակայն դատելով ռուսական քաղաքական եւ փորձագիտական շրջանակների հայտարարություններից՝ իշխանափոխությունը նոր մտահոգություններ է բերել ռուսական կողմի համար: Ամենակարեւոր հանգամանքը փոխադարձ վստահության, հավասարակշռված հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա դիրքորոշումների եւ, իհարկե, կառավարման արժեհամակարգի մեջ է: ՌԴ-ն շահագրգիռ է պահպանելու հայ-ռուսական բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը, սակայն այն պետք է կառուցված լինի նախեւառաջ երկարատեւ շահերի եւ փոխադարձ վստահության վրա: Իմ կարծիքով՝ ՌԴ-ն, վերլուծելով Փաշինյանի եւ իր թիմի նախկին եւ ներկա դիրքորոշումներն ու դրանցից բխող ներքին ու արտաքին գործողությունները, դեռեւս առկախված է պահում լիարժեք գործընկերային հարաբերությունների շարունակման հեռանկարները: Մեզ պետք են մեր երկրի կենսական շահերի վրա հենված ամուր հարաբերություններ ՌԴ-ի հետ՝ ե՛ւ սոցիալ-տնտեսական ոլորտում, ե՛ւ ռազմաքաղաքական ոլորտում, ե՛ւ տարածաշրջանային անվտանգության հարցերում: Այսօր Փաշինյանի կառավարության գլխավոր խնդիրն է այդ շահերը ճիշտ ձեւակերպելն ու ներկայացնելը: Պոպուլիզմն ու հրապարակային մանյովրները արտաքին քաղաքականության համար այսօր չեն ողջունվում ոչ մի գործընկերոջ կողմից: Նույն իրավիճակն է նաեւ մյուս մեր գործընկեր պետությունների հետ հարաբերություններում: Բոլորն էլ ցանկանում են հասկանալ՝ ի՞նչ է ուզում Հայաստանը, եւ ո՞ւր է գնում երկիրն առաջիկայի համար:

– Ուշագրավ էր դրվագը, երբ վարչապետը ՌԴ ԱԳ նախարարին խորհուրդ էր տվել «ադապտացվել նոր իրողություններին»: Շատերը գնահատում են ՀՀ նոր իշխանությունների համարձակությունը ՌԴ պաշտոնյաների հետ հավասարը հավասարի հարաբերվելու դրսեւորումներով: Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ն այս հարթությունում տանուլ տվեց:

– ՀՀԿ-ի արտաքին քաղաքականությունը գնահատելու համար պետք է համեմատություններ անեք: Այսօր մենք դեռ համեմատելու ոչինչ չունենք: Գործնականում ՌԴ-ի հետ հարաբերություններում դեռեւս որեւէ նոր ձեռքբերում կամ շոշափելի առաջընթաց տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարություններին, ապա դրանք եւս գին ունեն եւ անհետեւանք լինել չեն կարող: Դրանք միանշանակ պետք է ծառայեն ՀՀ շահերին, ոչ թե առաջ բերեն լրացուցիչ լարվածություն հարաբերություններում: Մեր կուսակցության կառավարման տարիներին հարաբերություններում հավասարության ու փոխադարձության սկզբունքը դրսեւորվել է բոլոր հարթակներում առկա հարաբերություններում: Եթե Փաշինյանը ցանկանում է աչքի ընկնել նաեւ հրապարակային հայտարարություններով, ապա պետք է, ինչպես դուք եք ասում, համարձակություն ցուցաբերելուց բացի՝ ունենա նաեւ այլընտրանքային լուծումներ:

– ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ եւ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Հայաստանի հետագա պաշտոնավարման շուրջ տեղի ունեցող զարգացումները ի՞նչ վտանգներ են պարունակում: Բելառուսի նախագահի հիշեցումը, որ ժամանակին այդ պաշտոնը զբաղեցնելու համար իր առաջարկն անտեսվեց, ի՞նչ կարող է նշանակել, ըստ Ձեզ, այդ հրապարակային քննարկումներն ինչո՞վ կարող են ավարտվել:

– Մի առիթով արդեն ասել եմ, որ մենք հեշտությամբ չենք հասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կարգավիճակում Հայաստանի ներկայացուցիչ ունենալուն, եւ այն կարեւոր հանգույց է ՀԱՊԿ համակարգում: ՀԱՊԿ-ը, որպես ռազմաքաղաքական համագործակցության արտաքին ձեւաչափ, մեր գլխավոր հարթակն է, եւ ինչպես բոլոր բազմակողմ հարաբերություններում, այդտեղ եւս հեշտությամբ չեն ձեռք բերվում համաձայնությունները ցանկացած հարցի շուրջ: Քաղաքականությունը չի սիրում չհիմնավորված պոպուլիզմ: Ներքին լսարանին «կերակրելը» արտաքին քաղաքականության հաշվին կարող է վատ հետեւանքներ ունենալ երկրի համար: Գործող իշխանությունները պետք է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համար ոչ թե պրոբլեմներ ստեղծեին (այն էլ՝ առ այսօր չհիմնավորված), այլ ընդհակառակը՝ փորձեին անցումային այս փուլում առավել արդյունավետ կապող օղակ դիտարկել նրա հնարավորությունները ռազմաքաղաքական հարաբերությունների ռեստարտի համար: Փաշինյանը մի կողմից՝ խոսում է ՀԱՊԿ-ի դերի վերաարժեւորման ու անդամ պետությունների պարտավորությունների հստակեցման մասին, իսկ մյուս կողմից՝ խնդիրներ է ստեղծում հենց այդ կազմակերպության համար:
Կարծում եմ, որ ապագայում՝ կապված աշխարհաքաղաքական զարգացումների հետ, մեծանալու է ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական միավորի դերակատարումը: Այն գնալով դառնալու է ավելի գրավիչ եւ կարող է տարբեր տրանսֆորմացիաների ենթարկվել: Հետեւաբար գործող իշխանությունները պետք է ՀԱՊԿ-ի նկատմամբ առավելապես շահագրգիռ լինեն:

– Հայ-ռուսական հարաբերություններում սրացումներն ինչպե՞ս կանդրադառնան Ղարաբաղյան հակամարտության վրա: Վերջերս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունները շատերը բավական իրատեսական են համարում:

– ՌԴ-ն բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ շահագրգիռ է Հարավային Կովկասում խաղաղ եւ կայուն զարգացումներում, եւ Արցախյան հիմնախնդիրն էլ պետք է լուծվի բացառապես բանակցային ճանապարհով: Լարվածությունը, որն առաջացել է Արցախի եւ Հայաստանի սահմաններին, այն ազդակներն են, որ Ադրբեջանը կարող է օգտվել Հայաստանի արտաքին քաղաքականության խոցելի կողմերից: Արտաքին քաղաքականության մեջ վակուումը միշտ էլ պատճառ է լինելու կոնֆլիկտայնության մակարդակի բարձրացմանը: Կոնֆլիկտի կարգավորման տարբեր էտապներում այն դրսեւորվել է նույն կերպ: Ցանկացած պահի բանակցային սեղանի շուրջ եղած կոնֆլիկտը կարող է տեղափոխվել պատերազմական հարթություն: Այդ իսկ պատճառով շատ կարեւոր է, որպեսզի լինի կենսական շահերի լիարժեք եւ հասկանալի դրսեւորում, առաջին հերթին՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ հարաբերություններում, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ԵՄ հարաբերությունները հետհեղափոխական շրջանում: Հայաստանը կկարողանա՞ խորացնել եվրոպական ուղղությամբ իր նկրտումները ՀՀ-ԵՄ համաձայնագրի շրջանակներում: Արդարացվա՞ծ էին Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի ժամանակ հնչեցրած կոշտ դիտարկումները, մասնավորաբար, որ միջազգայն հանրությունը պետք է գիտակցի, որ ՀՀ-ում իրավիճակ է փոխվել:

– Միջազգային հանրությունը հազար ու մի պրոբլեմներ ունի, եւ եթե որեւէ մեկին թվում է, թե մեզ պետք է փայփայեն, մեջքներիս խփեն կամ գլուխներս շոյեն այն բանի համար, որ իշխանափոխություն է եղել, ապա դա ակնհայտ մոլորություն է: Դա բացառապես մեր երկրի խնդիրն է, եւ եթե Փաշինյանը գնացել էր Բրյուսել այդ առումով գովասանքի խոսքեր լսելու, ապա դա լավ բանի մասին չի խոսում: ԵՄ-ում եւս բացառապես սառը եւ ռացիոնալ հաշվարկներով են առաջնորդվում եւ ցանկանում են հասկանալ՝ ի՞նչ է փոխվել Հայաստանի՝ արեւելյան գործընկերության ծրագրերում: Երկիրն ունի ստորագրված, բայց դեռեւս ԵՄ-ում չվավերացված գործընկերության համաձայնագիր: Փաշինյանի կառավարությունը մեծ ու ծավալուն աշխատանք ունի անելու, բայց, ինչպես տեսնում ենք, կոռուպցիոն փնտրտուքները, ատելության ու թշնամանքի քարոզչությունը, անփորձ կադրային նշանակումները, քաղաքական վերադասավորումները ժամանակ չեն թողել էֆեկտիվ արտաքին քաղաքական օրակարգերի համար: Իսկ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում այդ օրակարգը առաջին հերթին հստակ ծրագրված բարեփոխումները պետք է լինեն: Ո՛չ կառավարության ծրագրում, ոչ էլ որեւէ այլ տեղ բարեփոխումների եւ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ գործընթաց առայժմ տեսանելի չէ:

– Հեղափոխությունից հետո նաեւ կտրուկ առաջընթաց չարձանագրվեց հայ-ամերիկյան հարաբերություններում: Համենայնդեպս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իրենք կսպասեն արտահերթ ընտրություններին եւ դրանց արդյունքում տեղի ունեցող զարգացումներին: Ինչո՞վ է պայմանավորված այս մոտեցումը, ինչո՞ւ միջազգային խաղացողները անվերապահորեն չաջակցեցին թավշյա հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած ուժին:

– ԱՄՆ-ի հետ գործընկերությունն ունի իր սպեցիֆիկան: Ինչպես, օրինակ, ՌԴ-ի հետ, ԵՄ-ի հետ կամ մյուս բոլոր երկրների հետ: Մինչեւ չձեւավորվի համատեղ հետաքրքրություն ներկայացնող եւ քննարկման ենթակա հարցերի օրակարգ, կարծում եմ՝ չեն լինի նաեւ ակտիվ եւ արդյունավետ հարաբերություններ: Մեր կառավարման տարիներին ԱՄՆ-ի հետ հարաբերությունների օրակարգը բովանդակային զարգացում էր ունենում: Սակայն ինչպես տեսնում ենք՝ իշխանափոխությունը այս հարցում եւս կորելացիայի կարիք ունի: Կարծում եմ՝ ԱՄՆ-ը ցանկանում է համոզվել, թե իրականում ինչի հետ է գործ ունենալու, ուստի եւ անցել են սպասողական ռեժիմի: Ընդհանրապես, արտաքին քաղաքականության մեջ հայտարարությունները պետք է անել, երբ նպատակն արդեն իրականություն է: Այլապես կառավարությունը ստիպված է լինելու պարբերաբար մեկնաբանել, թե ինչո՞ւ այս կամ այն հայտարարությունները կյանքի չկոչվեցին: Հանուն կարճատեւ PR-ի չի կարելի չարաշահել արտաքին ռեսուրսները:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ»

20.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930