Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգեոներ երաժիշտը «հայկական» երազանք ունի

Փետրվար 02,2019 12:30 Share

Հին, բայց մեզ համար նոր տեսակի հարաբերություն է լեգեոներական սպորտը, իսկ վերջին ժամանակներում՝ նաեւ լեգեոներական արվեստը, որն առավել ցայտուն դրսեւորվում է մեծ կոլեկտիվներում՝ սիմֆոնիկ նվագախմբեր, օպերային եւ բալետային թատրոններ, երգչախմբեր, պարախմբեր եւ այլն: Ամեն երաժիշտ չէ, որ կարող է աշխատել, ասենք՝ Անգլիական Թագավորական նվագախմբերում, որտեղ մեծ վարձավճարներ են գործում, բայց միեւնույն ժամանակ՝ ամենաբարձր մասնագիտական պահանջներ են ներկայացվում: Կան երկրներ, որոնք երբեք չեն օգտվում մշակութային լեգեոներական ծառայություններից, օրինակ՝ Ճապոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, այն դեպքում, երբ նույն երկրի ֆուտբոլային ակումբները կառուցվում են լեգեոներական համակարգի վրա:

«Մշակութային լեգեոներ» երեւույթը առաջինը Հայաստանում տեղայնացրեց մեր ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, եթե չենք սխալվում՝ 2013-14թթ. համերգաշրջանում, ինչը մասնագետների շրջանում տարաբնույթ խոսակցությունների առիթ դարձավ: Առաջին լեգեոներներից էր իսկապես բարձրարվեստ ֆլեյտահարուհի Սառա Ուրենյա Կաբրերան, որին 2016-17թթ. համերգաշրջանում հանդիպեցինք արդեն որպես հյուրախաղորդ երաժիշտ: Երեւույթին դեմ արտահայտվողները ընդամենը մի հիմնավորում ունեն՝ ինչո՞ւ ոչ մերը, այլ «դրսինը»: Ի վերջո, պետք է հասկանալ, որ այդ խնդիրը, մեծ հաշվով, ազատ շուկայական հարաբերություններ է կարգավորում, որտեղ իմ ու քո լինել չի կարող: Պետք է վերջապես ընդունել, որ դասական արվեստները համընդհանուր նվաճում են եւ ոչ զուտ ազգային: Եվ մի կարեւոր հանգամանք՝ որոշում կայացնողը մեկն է՝ կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարը: Մի թյուր կարծիք էլ է շրջանառվում, թե Երեւանում հայտնված լեգեոներները իրենց երկրում աշխատատեղ չունեն: Բայց, օրինակ՝ հենց Սառա Ուրենյա Կարբերան իր երկրում՝ Իսպանիայում ճանաչված երաժիշտ է եւ ժամանակին մեզ հետ զրույցում նա հայտնել էր, որ դեռեւս Մադրիդում նվագախմբում աշխատելիս բազմաթիվ հրավերներ ուներ այլ նվագախմբերից եւս:

«Առավոտը» հանդիպեց ֆիլհարմոնիկ նվագախմբի ընթացիկ համերգաշրջանում Իսպանիայից լեգեոներ երաժիշտ, բաս տրոմբոնահար Սանտյագո Դիաթի հետ: 27-ամյա երաժիշտն ավարտել է Սարագոսայի կոնսերվատորիան, երկու տարի աշխատել Գրան Կանարիայի ֆիլհարմոնիկ նվագախմբում, հետո վերադարձել ծննդավայր եւ աշխատել երաժշտական դպրոցում: Հետաքրքրությանը, թե ինչպես, թեկուզ ժամանակավոր, դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկի երաժիշտ, Սանտյագոն պատասխանեց. «Արդեն տեւական ժամանակահատված Հայաստանի ֆիլհարմոնիկում ստեղծագործող հայրենակիցս՝ տրոմբոնահար Խուան Պարդոն, անցյալ տարվա սկզբին ինձ ասաց, որ ֆիլհարմոնիկը փնտրում է երաժիշտներ: Պետք է խոստովանեմ, որ Հայաստանի մասին ոչինչ չգիտեի, բացի Արամ Խաչատրյանից: Բայց Խուանը այնպես պատկերավոր էր ներկայացրել ձեր երկիրը, մարդկանց, որ առանց վարանելու մաեստրո Թոփչյանին ուղարկեցի կատարումներիս տեսագրությունը, OK ստանալուց հետո օրեր անց հայտնվեցի Երեւանում: Դիտարկմանը՝ դժվար չէ՞ր նման որոշում կայացնելը, երաժիշտն ասաց. «Հեշտ էլ չէր, բայց տեսագրությունների միջոցով նախ պատկերացում կազմեցի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին, իսկ երբ դարձա կոլեկտիվի անդամ, առնչվեցի մարդկային այնպիսի որակների հետ, որ այսօրվանից արդեն մտածում եմ պայմանագրիս ավարտին ինչպես եմ թողնելու այդ ամենը: Հիացած եմ ոչ միայն հայաստանցի կոլեգաներիս մարդկային որակներով, այլ ընդհանրապես ձեր ժողովրդի: Իսկ մաեստրո Թոփչյանն ուշադիր է յուրաքանչյուր երաժշտի, նաեւ լեգեոներներիս հանդեպ: Մաեստրոյին հուզում է ամեն ինչ՝ սկսած իր արտիստի կենցաղից»:
Հետաքրքրությանը՝ Իսպանիայում բացի նվագախմբի արտիստ լինելուց, դասավանդել եք դպրոցում եւ ասում են, որ մտադրություն ունեք մասնագիտանալ նաեւ դիրիժորական արվեստում, չե՞ք կարծում, որ դա կարող եք ձեր աշխատանքին զուգահեռ իրականացնել Երեւանի կոնսերվատորիայում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Սարագոսայում ղեկավարել է սիրողական փողային նվագախումբ, հիմա էլ, տեղի կոնսերվատորիայում դիրիժորության կուրս է անցնում: «Անկասկած, մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ շատ կուզեի հաճախել դասընթացների, բայց այդ մասին ես նրան դեռ չեմ հայտնել»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Զրույցի ընթացքում Սանտյագո Դիաթը նշեց, որ առաջիկայում իրեն կհանդիպենք ֆիլհարմոնիկի տրոմբոնահարներից կազմված կվարտետի ելույթին եւ մտադրություն ունի հայերենին քիչ թե շատ տիրապետելուց հետո դասավանդել երեւանյան դպրոցներից մեկում: «Քանի որ սիրում եմ մանկավարժությունը եւ տեղեկացված եմ, որ ֆիլհարմոնիկն արդեն շուրջ տասը տարի երեխաների հետ անցկացնում է վարպետության դասեր, կուզեի ինքս էլ մասնակցել դրանց եւ շփվել հայ երեխաների հետ»,- հավելեց տրոմբոնահարը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

01.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728