Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ իմանում ես ովքեր են Երեւանի կենտրոնական այգիների սրճարանների տերերը, մտածում ես՝ էս երկրից էլ ի՞նչ կարելի էր սպասել». Տիգրան Արզումանյան

Փետրվար 02,2019 16:58 Share

Վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական այգիներում եղած սրճարաններին՝ ասաց. «Լսեցի գործընկերներիս ասածները: Քաղաքը ապրող օրգանիզմ է, որն անընդհատ ենթակա է փոփոխման: Բոլորս էլ ժամանակին ցավով նշել ենք, որ քաղաքի կենտրոնում կանաչ տարածքները չարաշահվում են: Ես երեկոները կենտրոնում շատ եմ շրջում: Տեսնում եմ, որ այն ասես մի տաք տուն լինի այդ սրճարաններով: Երեւանցիներն ու արտասահմանցի զբոսաշրջիկներն այնտեղ շատ են: Սակայն համամիտ եմ ինձնից առաջ ելույթ ունեցած գործընկերներիս հետ, որ դրանք պետք է լինեն ժամանակավոր, սեզոնային, քանդովի փոքր կոնստրուկցիաներ:

Անթույլատրելի է, որ կառուցապատել եւ գնացել են արդեն  Օպերայի մոտ: Դրանք պետք է քանդվեն: Այդ սրճարանները չափն անցել են, չափի զգացողությունը բոլոր ասպարեզներում ենք կորցրել: Ուզում եմ խոսել նաեւ Գլխավոր պողոտայի, Օղակաձեւ այգու, Հյուսիսային պողոտայի եւ մյուս փողոցների վիճակի մասին: Այսօր Կորյունի փողոցով որ անցնում ես, չես զգում այնտեղ շենք կա՞, թե չե: Բոլոր օբյեկտները գավառային ձեւով 4-5 մետր առաջ են եկել: Թումանյան փողոցով կարո՞ղ եք հանգիստ քայլել: Առեւտրականները մայթերի ¾-ով զավթել են: Հիմա այգիներ են կառուցվում: Այս տարի երկուսը կշահագործեն՝ Գլխավոր պողոտայի՝ թունելից եկող հատվածը եւ Կոմայգին:

Երկուսի սեփականատերերն էլ զբոսնելու ամբողջ հատվածը սալապատել են: Այո, գազոն պահելը դժվար է: Բայց մեր քաղաքին կանաչ գոտիները չեն բավականացնում: Թունավոր արտանետումները հետո անձրեւի ու ձյան միջոցով գալիս են եւ պետք է ներծծվեն հող: Իսկ սալահատակները դրանք անդրադարձնում են: Պետք էր, որ նախագծողներից պահանջեին՝ կանաչ գոտիները այդ զբոսայգիներում ավելի շատ լինեն: Հիմա քաղաքապետարանը քայլեր է անում շատ բաներից ազատվելու համար, եւ ես դա շատ ողջունում եմ: Ես լավ եմ հիշում, երբ Ռոբերտ Քոչարյանը քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ասաց. «Փողի վրա նստած՝ ինձնից փող եք ուզում»:

Մյուս քաղաքապետերն այդ ակնարկը շատ լավ ընկալեցին եւ մայրաքաղաքն այսպես այլանդակվեց: Ամենաարտառոցը Թամանյանի արձանի դիմացի «Սանտա Ֆե» սրճարանն է: Դրա սեփականատերը այգու ամբողջ տակը փորեց, ու մեկ-երկու տարում հարյուրամյա ծառերը սկսեցին չորանալ: Հետո երբ հետաքրքրվում ու իմանում ես՝ ով է սեփականատերը, մտածում ես՝ էս երկրում էլ ինչ ես ուզում»:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե սրճարանների տերերը ասում են՝ ինչպես է, որ Հյուսիսային պողոտայում կանաչ տարածք չկա ու ոչ-ոք չի մտածում այդ մասին: Մասնավորապես, ներկայիս քաղաքապետի տան առջեւ որ այդտեղ է, մի ծառ անգամ չկա ու այդ մասին չի մտածում, ի՞նչ է ուզում մեր աշխատատեղերից, բանախոսները պատասխանեցին, որ այո Հյուսիսային պողոտան նույնպես պետք է կանաչապատված լիներ: Թամանյանի նախագծով այն Կասկադի նման էր: Այսօր Հյուսիսային պողոտայի տակն ամբողջովին խանութներ են, հող չկա: Բայց դրանք տարբեր հարցեր են: Հիմա հույս ունեն, որ նոր քաղաքապետարանը, ոչ միայն այդ սխալները չի կրկնի, այլեւ շատ բաներ կուղղի: Եվ իրենք պաշտպանում են ցանկացած քայլ, որը բխում է Երեւանի ընդհանուր շահերից:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Վերջապես հատ ու կենտ սկսեցին մասնագետների կարծիքներ հնչել: Դե որ քաղաքապետը Տարոն Մարգարյանը լինի իր հոգևոր հայրերի հովանավորությամբ և նպատակն էլ դրամ վաստակելը՝ զարմանալու ի՞նչ կա: Ի՞նչ Թամանյան, ի՞նչ Օպերա, ի՞նչ կանաչապատում – միայն ՓՈՂ: Փառք Աստուծո, որ գոնե Օպերայի գլխին ռեստորան չեն կառուցել: Տեսեք ի՞նչ վիճակում է Մոնումենտի այգին: Հուսանք սելը տեղից կշարժվի.

Պատասխանել Քաղաքացի

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728