Վերջին շրջանում հայ երաժշտասերներին ավելի հաճախ են ներկայանում արտասահմանում ապրող ու ստեղծագործող մեր հայրենակիցները, նրանցից շատերը՝ առաջին անգամ:
Մոսկվաբնակ կոմպոզիտոր Արման Ղուշչյանի արվեստն առայժմ ավելի ծանոթ է հայ մասնագետների շրջանում, թեպետ ստեղծագործողի երկերը նախկինում 1-2 անգամ կատարվել են Երեւանում: Մայիսի 23-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, 28-ին՝ Կամերային երաժշտության տանը, Assonance անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Արամ Հովհաննիսյան), այլ կոմպոզիտորների գործերի թվում, կհնչեցնի նաեւ հայազգի հեղինակի երկերը:
«Առավոտի» հետ զրույցում Արման Ղուշչյանը հայտնեց, որ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում անվանի պրոֆեսոր Ռոման Լեդենյովի դասարանում ուսանելուց հետո, 2006թ. մեկնել է Շվեյցարիա, որտեղ Բազելի երաժշտական ակադեմիայում կատարելագործվել է Ռոլանդ Մոզերի եւ Գեորգ Ֆրիդրիխ Հաասի ղեկավարությամբ: «Այնուհետեւ հիմնականում կոմպյուտերային երաժշտության ոլորտում խորանալու նպատակով դիմեցի Դրեզդենի հայտնի երաժշտական օջախներից Կարլ Մարիա Վեբերի անվան դպրոց: Այստեղ կատարելագործվեցի կոմպոզիտոր Մարկ Անդրեի դասարանում, իսկ կոմպյուտերային երաժշտության գիտելիքներով «հարստացա» Ֆրանց Մարտին Օլբրիշի մոտ: Այս ժամանակահատվածներում հասցրել եմ մանկավարժական գործունեություն ծավալել Մոսկվայի կոնսերվատորիայում: Իսկ 2013-ից ազատ արվեստագետ եմ. համագործակցում եմ ոչ միայն ճանաչված երաժիշտների, այլեւ ինչպես մոսկովյան, այնպես էլ Լատվիայի եւ Լիտվայի պետական դրամատիկական թատրոնների հետ: Իրականացնում եմ նաեւ միջազգային նախագծեր: Օրինակ՝ 2017թ. մեծ փառատոն եմ կազմակերպել, որի համերգները կայացել են մոսկովյան լավագույն դահլիճներում՝ մասնակցությամբ անվանի երաժիշտների, այդ թվում՝ ամերիկացի կոմպոզիտոր Ալվին Լուսյերի…»,- հակիրճ ներկայացրեց մեր զրուցակիցը:
Հետաքրքրությանը, թե որեւէ հայ երաժշտի հրավիրե՞լ է իր փառատոնային համերգների, կոմպոզիտորը պատասխանեց. «2017-ին հրավիրեցի ֆրանսահայ կոմպոզիտոր Քրիստոֆ Եզնիկյանին (երաժիշտը 2018թ. մասնակցել է «Խաչմերուկներ. ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնին.- Ս.Դ.): Երբ 2013-ից սկսեցի նաեւ նախագծեր իրականացնել, ծրագրել էի Մոսկվայում հնչեցնել Մանսուրյանի ստեղծագործությունները: Բայց այն ժամանակ դեռ անփորձ էի…»: Դիտարկմանը՝ հիմա, կարծում ենք, այդ գործում թրծվել եք, դարձել պրոդյուսեր… Երաժիշտը տեղեկացրեց, որ առաջիկայում Մոսկվայում կկայանա Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Ինչ վերաբերում է պրոդյուսերի աշխատանքին, ասաց. «Ես կոմպոզիտոր եմ: Այո՛, իրականացնում եմ նաեւ նախագծեր, բայց ոչ հաճախ: Իսկ մտահղացածս ցանկացած միջոցառում ինձ հոգեհարազատ երաժշտական գաղափարների արտահայտությունը պետք է լինի»:ծ
Հայաստանցի ձեր կոլեգաները, հավատացնում ենք, մինչ օրս էլ հիացմունքով են արտահայտվում ժամանակին հատկապես դաշնակահար Արթուր Ավանեսովի եւ շվեյցարական Pre-Art անսամբլի մեկնաբանմամբ ձեր ստեղծագործությունների մասին եւ նշում, որ դրանցում թեպետ լսելի են հայկական ելեւէջները, բայց կարծես քողարկված լինեն: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Արման Ղուշչյանը նախ հիշեց, որ երբ ուսանողական տարիներին այցելում էր Երեւան, անպայման շփվում էր Մանսուրյանի հետ ու, համոզված է, որ հենց Մասուրյանն իր մեջ սեր ներարկեց Կոմիտասի եւ ընդհանրապես հայ երաժշտության հանդեպ: Հետո էլ մանրամասնեց. «Անկեղծ ասած, չեմ ջանում հայկականը «ներարկել» իմ գործերում: Այն, ինչ երեւում է իմ արվեստում, դա այնքան բնական է, որ գործընկերներս, նույնիսկ ունկնդիրներիցս ոմանք քանիցս ասել են. «Մենք քո գործերում կոմիտասյան ելեւէջներ էլ ենք լսում: Յուրի Բաշմետն էլ է ասել այդ մասին…»: Ի վերջո, ո՞րն է իր ստեղծած երաժշտության ուղղությունը հարցին արվեստագետը պատասխանեց. «Նախընտրում եմ սինթեզել տարբեր երաժշտական մտածելակերպ: Ինձ հետաքրքիր է համատեղել եվրոպական երաժշտական ավանգարդի, ամերիկյան էքսպերիմենտալ երաժշտության եւ պոստմոդեռնիստական տարածությունը երաժշտության մեջ որպես մշակութային տեքստ»:
Զրույցի ընթացքում հետաքրքրվեցինք՝ իր կարծիքը ժամանակակից հայ կոմպոզիտորական դպրոցի մասին, եթե այն, իհարկե, պահպանվել է:
«Կա մշակույթ, որը հասունանում-հասունանում է, բայց, ի վերջո, ծերանում՝ շնորհիվ իր «փակ լինելու» արտաքին ազդեցություններից: Նման մշակույթի վերջը ճգնաժամն է: Մշակույթ էլ կա, որը ապրում ու զարգանում է «բաց լինելու» եւ քննադատական ինքնագիտակացության, ինչպես սեփական, այնպես էլ օտար արվեստների շնորհիվ:
Համոզված եմ, որ այսօր, հանձին Երեւանի կոնսերվատորիայի նոր ղեկավարության եւ այստեղ դասավանդող երիտասարդ գործընկերներիս՝ տասնամյակներով եկած դասականին, որքանով տեղեկացված եմ, գումարվում է նաեւ եվրոպական մտածողությունը: Սա նշանակում է, որ արդեն հնարավորություն է ընձեռվել հայ կոմպոզիտորական դպրոցը «սնել» ինքնադրսեւորման նոր գաղափարներով»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
23.05.2019