Լրահոս
Օրվա լրահոսը

«Օդից կախված լուրեր կան, որ Հ3-ը ձեռք են բերելու Նիկոլ Փաշինյանին մոտիկ, հավատարիմ բիզնեսմենները, արդեն գնում են բանակցություններ»

Օգոստոս 08,2019 15:30 Share

Ըստ Աղասի Ենոքյանի, հեռուստաընկերությունների «գողությունը» մի գիշերում չի լինում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին երբ օրերս հարց ուղղեցինք՝ ձեր կարծիքով, իսկապե՞ս մամուլը հիմա ազատ է, քան երբեւէ, ինչպես ասում է վարչապետը, որովհետեւ կան մարդիկ, որ խոսում են մամուլի նկատմամբ ճնշումների մասին՝ այսպիսի պատասխան էր տվել. «Իսկապես, մամուլը շատ ավելի ազատ է, համենայնդեպս, իշխանությունների միջամտություններից, քան նախորդ տասնամյակների ընթացքում, ես դրանում համոզված եմ ու կարող եմ խոսել փաստերի լեզվով: Հայաստանում երբեւիցե չի եղել, որ իշխանությունը փոխվի եւ չփոխվեն հեռուստաընկերությունների սեփականատերերը, բայց ոչ թե այսպես ընդդիմադիրների մեջ առուվաճառքը տեղի ունենա, այլ շատ հստակ էր՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք «Ա1 պլյուսը» փակելուց հետո բոլոր հեռուստաընկերությունները հասկացան, որ եթե հլու-հնազանդ չծառայեն իրեն, կարժանանան նույն ճակատագրին, ինչ «Ա1 պլյուսը»: Նիկոլ Փաշինյանի օրոք մենք չենք տեսել, որ այդ իշխանությանը շրջապատող բիզնեսմենները հավակնեին ձեռք բերել այդ հեռուստաընկերությունները, կամ որ իշխանությունը ստիպած լիներ: Ասենք, «Արմնյուզը» դուրս էր եկել վաճառքի, ըստ Հայաստանում եղած տրամաբանության, դա պետք է գնեին իշխանամերձ բիզնեսմենները, այլ ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչները՝ «Քառյակ մեդիան», խոսքը նաեւ Հ3-ի առուվաճառքի մասին է, որտեղ կառավարությունը, իշխանությունները որեւէ միջամտություն չունեցան, եւ «Արմենիան»… Որեւէ մեկը թող չփորձի այս ոլորտում ասել, թե Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի ժամանակ ավելի լավ էր, քան Նիկոլ Փաշինյանի, ովքեր այդպես են ասում, միտումնավոր թյուրիմացության մեջ են գցում հասարակությանը, կամ քաղաքական պատվեր են կատարում, ինչի մասին մենք շատ լավ գիտենք»:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը հերքեց Աշոտ Մելիքյանի փաստարկները: Նախ նա ասաց. «Մամուլը ազատ է, թե ոչ՝ ես դա չեմ կարող ասել: Դրա համար պետք է լուրջ աշխատանք տարվի, ուսումնասիրություն կատարվի: Հետո եկեք հիշենք՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ քանի՞ հեռուստաընկերություն կար՝ 2-3: Երբ իշխանափոխություն եղավ Ռոբերտ Քոչարյանից Սերժ Սարգսյան, ո՞ր հեռուստաընկերությունների սեփականատերերը փոխվեցին, մենք ասում ենք ռոբասերժական համակարգ, չէ՞, դա նույն համակարգն էր, ի՞նչ պետք է սեփականատեր փոխվեր, սա՝ մեկ: Երկրորդը՝ հիմա խոսում ենք այն մասին, որ ոչ թե սեփականատեր է փոխվելու, այլ պարզապես փակվելու են այդ հեռուստաընկերությունները, հասկանո՞ւմ եք, շատ ավելի կոշտ սանկցիաներ են լինելու հեռուստաընկերությունների մասով: Որ ասում են՝ իշխանամերձ բիզնեսմենները չեն առել՝ ժողովուրդ, հեռուստատեսային բիզնես որեւէ մեկը պատկերացնո՞ւմ է, թե դա ինչ ներդրումներ է նշանակում: Որոշակի օդից կախված լուրեր կան, որ Հ3-ը ձեռք են բերելու Նիկոլ Փաշինյանին մոտիկ, Նիկոլ Փաշինյանին հավատարիմ բիզնեսմենները, արդեն գնում են բանակցություններ: Ես երբեք չեմ ասել, թե հիմա մամուլն ավելի ճնշված է, քան նախկինում, ես ասել եմ, որ դժվար է գնահատել, բայց ասել, որ հիմա մամուլն աննախադեպ ազատ է…… Նախկինում ազատ չէ՞ր, Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում՝ գրում էր իր թերթում, էդպես չէ՞ր, ճնշվա՞ծ էր Նիկոլ Փաշինյանն իր թերթում հրապարակումներ անելուց, չէ, չէ՞»:

Մեր դիտարկմանը, որ «ազատ» է ասելով՝ նկատի ունի նաեւ այն, որ նախկինում հեռուստաընկերություններն իրենցով էին արել, հիմա բավականին շատ ընդդիմադիր հեռուստաընկերություններ կան՝ Աղասի Ենոքյանն արձագանքեց. «Հիմա քայլ առ քայլ այդ հեռուստաընկերություններն իրենցով են անում: Օրենք են ընդունում, որ հեռուստաընկերություններն ընդհանրապես վերացնեն, երկրորդը՝ կամաց-կամաց Հ3-ն են փորձում առնել, հետո դա որոշակի մախինացիայով կմտցնեն նոր օրենքով սահմանված 5 հեռուստաալիքներից մեկի մեջ: Էս տիպի քայլեր արվում են: Դա հո մի գիշերում չի՞ լինելու հեռուստաընկերությունների գողությունը: Սա պրոցես է, չէ՞: Ախր այն է ամբողջ խնդիրը, որ Նիկոլ Փաշինյանը շատ է շտապում: Փոխանակ նա հերթով դատարաններն իրեն ենթարկեցներ, նա ուզում է մի գիշերվա մեջ կախարդական փայտիկի իր սկզբունքով դատարաններն իրեն ենթարկեցնել»:

Աղասի Ենոքյանը նաեւ օրինակ բերեց «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններին. «Նայեք ամենառեյտինգային հեռուստաընկերությունները՝ «Շանթը» եւ «Արմենիա թիվին», որոնք ասում են, թե իրենք սեփականատերը չեն, բայց այդ հեռուստաընկերություններով երբեւէ քննադատական խոսք չենք լսել գործող իշխանության նկատմամբ: Սա նշանակում է, որ կա՛մ այնուամենայնիվ ինչ-որ գործարքի մեջ են իշխանությունների հետ, կա՛մ հեռուստաընկերությունները հասկացել են, որ իրենց գոյության երաշխիքը դա լոյալությունն է իշխանությունների հետ: Իսկ ինչ վերաբերում է նախկինում մամուլի ազատությանը, ես կարող եմ ասել, որ երկար ժամանակ գլխավորել եմ «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան բյուրոն եւ մենք բավականաչափ ազատ ենք եղել մեր արտահայտման մեջ՝ չնայած լինում էին իշխանության ճնշումներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Այն որ լրատվության 90% տոկոսը նախկինների ձեռքին է, դա Ձեզ չի հուզում, դա նորմալ եք համարում, իսկ այն որ դեռ “լուրեր են պտտվում”, Ձեզ արդեն անհանգստացնում է։ Մեկ ալիք էլ թող Փաշինյանը ունենա, ինչ խնդիր։ Ով չի ցանկանա, չի նայի։ Հասարակության գերակշռող մասը Ձեր ալիքները ընդհանրապես չեն նայում՝ մարդիկ խնայում են իրենց նյարդերը։ Այս երկրում ապրել են, երեխա են մեծացրել և կրթել, բանակ են ուղարկել, դատարան են ըմբոշխնել՝ ասել կուզեմ, ամեն ինչից տեղյակ են։ Այսօր Ձեր ալիքները չեն, որ պիտի մեր աչքերը բացեն։ Թուլացեք և վայելեք խոսքի ազատությունը, որի մասին այդքան բարձր գոռգոռում եք հեղափոխությունից հետո։

Պատասխանել Քաղաքացի

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031