Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառման սկզբունքով

Հոկտեմբեր 10,2019 10:00

Հաջորդ տարի Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, որոնք խոստանում են դրամատիկ լինել, քանի որ երկրորդ հայկական հանրապետությունում թե՛ քաղաքական իրավիճակը եւ թե՛ օրենքը գրեթե բացառում են ներկայիս իշխանության վերարտադրությունը: Ինչ էլ ասենք «Արցախի ներքին գործերին չխառնվելու» մասին, 2020 թվականին ձեւավորվող իշխանությունը պետք է սերտ եւ արդյունավետ համագործակցության մեջ լինի Հայաստանի ղեկավարության հետ:

Այսօրվա մեր իշխանության հետ դժվար թե ներդաշնակ լինեն գեներալներ Սամվել Բաբայանը եւ Վիտալի Բալասանյանը: Վերջինիս քննադատությունը Փաշինյանի կառավարության հասցեին՝ գնալով ավելի ու ավելի կոշտ է դառնում եւ, ըստ էության, կրկնում է 28 տարվա ընթացքում բոլոր ընդդիմադիրների ասածները՝ վայ, կործանվում ենք, վայ, անդունդի եզրին ենք, կան նաեւ արտահայտություններ, որոնք, ցանկության դեպքում, կարելի է մեկնաբանել որպես սպառնալիք: Այդ քննադատությանը պատասխանելու «բեռը» դարձյալ իր վրա է վերցրել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նորից կրկնեմ. բարձրաստիճան պետական այրերի եւ քաղաքական գործիչների խոսքը, իմ կարծիքով, պետք է ավելի զուսպ եւ հավասարակշիռ լինի, քան սոցցանցերի «սովորական բնակիչներինը»: Վստահ եմ, որ ԱԽ քարտուղարը, ինչպես նաեւ վարչապետը պետք է օրինակ ծառայեն շարքային «ֆեյսբուքահայերի» համար՝ զերծ մնալով «աղբանոց» (ոչ ուղիղ իմաստով) կամ, ասենք, «վնգստալ» (մարդկանց հանդեպ կիրառությամբ) բառերից:

Ինչ մնում է Սամվել Բաբայանին, ապա նա, կարծես, ԼՂՀ նախագահ դառնալու հավակնությունների մասին պաշտոնապես չի հայտնել, բայց եթե հայտնի, չեմ կարծում, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը դրանից շատ կուրախանա: Սակայն անկախ այս բոլոր հանգամանքներից, նախկին դաշտային հրամատարների ժամանակը ՀՀ եւ ԼՂ պետական բարձր պաշտոններում, ըստ իս, անցել է. պատերազմի ժամանակ շատ բաներ «կարելի էր», իսկ հիմա, պետության տեսանկյունից, հակացուցված է:

Հայտնի թեկնածուներից մնացին Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը: Բայց Արցախի նախկին վարչապետը բիզնեսմեն է, ոմանք ասում են նաեւ, ԼՂ մասշտաբով՝ օլիգարխ: Անկախ նրանից, թե որքանով են նրա բիզնեսի մասին պատմությունները ճիշտ կամ սխալ, գործարարները հայկական պետություններում չափազանց խոցելի են եւ զուտ քաղաքական դաշտում միանշանակ չեն ընկալվում:

Մասիս Մայիլյանի առաջադրումը շատերին, այդ թվում նաեւ ինձ, ուրախացրել է: Դաշտային հրամատար չի, գործարար չի, մյուս կողմից՝ պետական համակարգից է, դիվանագետ է, այս պահիս՝ արտգործնախարար: Բացի ամեն ինչից, դա նաեւ երաշխիք է, որ պարոն Մայիլյանը նախընտրական թոհուբոհի մեջ «ավելորդ բաներ» չի խոսի՝ ի տարբերություն նույն գեներալների: Իսկ իր «թեկնածուական հայտում» նա նշել է. «Եկել է համազգային օրակարգի, ինչպես նաև Արցախում արմատական բարեփոխումների ծրագրերի քննարկման և ընդունման նպատակով հանրության առողջ ուժերի լայն համախմբմանն ուղղված ակտիվ ու վճռական քայլերի ժամանակը»։ Դրա հետ, հավանաբար, բոլորը համաձայն են:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «…Ինչ մնում է Սամվել Բաբայանին, ապա նա, կարծես, ԼՂՀ նախագահ դառնալու հավակնությունների մասին պաշտոնապես չի հայտնել,…»
    30 հազար ստորագրություն, որից ընդունելի է համարվել, 20.000-ը, հավաքելու իմաստը ո՞րն էր, եթե ոչ այդ հավակնություն արտահայտելը: Ընդամենը սպասում է, որ թույլ տան պաշտոնապես հայտարարել:

  2. Alfred says:

    եթե վարչապետը բիսեդեկայի մակարդակի սպառնալիքներ է տալիս էլ ինչ կարելի էր սպասել իր ենթականերից

  3. Ruben says:

    Ինչո՞ւ է Փաշինյանը իրականացնում Հեյդար Ալիևի ծրագիրը:

    «Բաքու № 171 03 սեպտեմբերի 1993թ.
    Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Ա.Ջալիլովին բանակցություններ վարել Ադրբեջանի և ԼՂՀ բարձրագույն ղեկավարների հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ:
    Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ [ստորագրություն] Հեյդար Ալիև»:

    Ադրբեջանի ի՞նչ ֆինանսա-տնտեսական ծրագրերի իրականացման համար է անհրաժեշտ երկխոսությունը Արցախի հետ այսօր:

    1994թ. Բիշքեկյան արձանագրության ստորագրումը և 1994թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև անժամկետ զինադադարի կնքումը (որին միացավ նաև Հայաստանը` որպես հակամարտության մեջ «ներքաշված» կողմ) ու՞մ և ի՞նչ տվեցին: Ո՞ր կողմը շահեց:

    Այսօր Փաշինյանը կրկնում է (իրականացնում է) Լևոն Տեր Պետրոսյանի «բութ» քաղաքականությունը:
    «Դուխով» տիկնիկների թատրոնի հերթական թատերական ներկայացում և սցենարիստների լավագույն մրցանակ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031