Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է 4 միավոր Սու-30ՍՄ կործանիչների գնման գործարքը։ Razm.info-ն անդրադառնում է պարոն Բագրատյանի հնչեցրած փաստարկներին։
Գրառման բովանդակությունից ակնհայտ է, որ պարոն Բագրատյանը բավականին մակերեսային է պատկերացնում ժամանակակից կործանիչ ավիացիայի հնարավորությունները, խնդիրները։ Այսպես, օրինակ՝ նա և գրառման մեջ, և գրառման մեկնաբանություններում ծավալված բանավեճում մի քանի անգամ ընդգծում է «կործանիչ» բառը և հարց բարձրացնում, թե այդ ի՞նչ են կործանելու Սու-30ՍՄ-երը։
Հայերենում «կործանիչ» բառը ռուսերեն «истребитель» բառի պատճենումն է, քանի որ մեր ռազմական տերմինաբանությունը սերում է ռուսականից։ «Истребитель» անվանումը 20-րդ դարասկզբին այդ դասի ինքնաթիռները ստացել են, քանի որ նրանց խնդիրն էր օդային մարտում թշնամու ինքնաթիռների ոչնչացումը, կործանումը։ Սակայն դա 20-րդ դարի առաջին կեսի իրողություն էր։ Նույն դարի երկրորդ կեսից կործանիչ ավիացիայի գործառույթները սկսեցին ընդլայնվել ու առանձնացան կործանիչների ենթադասեր՝ կալանիչ-կործանիչներ (истребитель-перехватчик), ռմբակոծիչ-կործանիչներ (истребитель-бомбардировщик), ռազմաճակատային կործանիչներ (фронтовые истребители) ևն։
Կործանիչ ավիացիայի «նոր մասնագիտությունների» յուրացման այս գործընթացի վերջնարդյունքը եղավ երկնքում բազմաֆունկցիոնալ կործանիչների (многофункциональный истребитель) հայտնվելը։ Սրանք, ինչպես դժվար չէ ենթադրել անվանումից, նախատեսված են շատ ավելի լայն սպեկտրի խնդիրների լուծման համար, քան զուտ թշնամու ինքնաթիռներ ոչնչացնելը։ Ուստի զուտ «կործանիչ» բառից ելնելով այս դասի ինքնաթիռների վերաբերյալ ինչ-որ դատողություններ անելը սխալ է։ Անհրաժեշտ է նայել, թե ինչ ֆունկցիոնալություն է տրամադրում կոնկրետ զինատեսակը։ Առաջ անցնելով պատասխանենք նաև պարոն Բագրատյանի հարցին, թե ինչ է կործանելու Սու-30ՍՄ-ը։ Եթե կարճ՝ այդ ինքնաթիռը ի վիճակի է կործանել գրեթե ամեն ինչ և՛ օդում, և՛ ցամաքում։
Կարդացեք նաև
Ի դեպ, հպանցիկ նշենք, որ անգլերենում կործանիչները ստացել են «fighter», այսինքն՝ «մարտիկ» անվանումը։ Պատճառը նույնն է․ ի սկզբանե այդ ինքնաթիռները նախատեսված էին օդային մարտի համար․ օդային մարտիկներ էին։ Ու եթե մեր ռազմական տերմինաբանությունը ծագեր ոչ թե ռուսական, այլ ամերիկյան տերմինաբանությունից, արդյո՞ք մենք հիմա այդ զինատեսակի գնման նպատակահարմարության հարցում քննարկելու էինք «մարտիկ» բառը։
Անցնենք առաջ։ Պարոն Բագրատյանը պնդում է, որ Սու-30ՍՄ կործանիչները «ոչ նոր են» ու «4+ տեխնոլոգիայով» են։
Նախ՝ Սու-30ՍՄ-երն ամենաժամանակակից ու ամենալավ կործանիչներից են, ավելին՝ ծանր կործանիչների դասում նաև կոմերցիոն ամենահաջողակ մեքենաներն են։ Իսկ ֆինանսական և քաղաքական պատճառներով մեզ հասանելի ինքնաթիռներից լավագույնն են։ Մեր համար հնարավոր այլընտրանքներն են ռուսական/խորհրդային ՄիԳ-29, ՄիԳ-29ՍՄՏ, ՄիԳ-35, Սու-27, Սու-30Մ2, Սու-35Ս, չինական FC-1, J-11 ինքնաթիռները։ Նշված տարբերակներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին կարելի է համեմատել և համոզվել, որ օպտիմալ տարբերակը հենց Սու-30ՍՄ-ն է։
Բացի այդ չկա նաև «4+ տեխնոլոգիա» հասկացություն։ Կա ռեակտիվ կործանիչների սերունդ հասկացություն։ Այս պահին դրանք 5-ն են։
Վերադառնալով Հրանտ Բագրատյանի պնդմանը՝ ասենք, որ Սու-30ՍՄ կործանիչը 4++ սերնդի ինքնաթիռ է։ Իրականում Սու-30 անունը կրող տարբեր ինքնաթիռներ կան, ինչը որոշակի խառնաշփոթ կարող է առաջացնել։ Սու-30-ը մեկ ինքնաթիռ չէ, այլ՝ ինքնաթիռների ընտանիք, որի առանձին ներկայացուցիչներն իրարից էապես տարբերվում են։ Ուստի «վակուումում սֆերիկ Սու-30-ի» մասին խոսակցություններն անիմաստ են։ Անհրաժեշտ է միշտ կոնկրետացնել, թե հատկապես որ մոդելի մասին է խոսքը․ Սու-30, Սու-30Մ2, Սու-30ՄԿ, Սու-30ՍՄ ևն։ Մեր դեպքում խոսքը Սու-30ՍՄ տարբերակի մասին է, որն այս ընտանիքի լավագույն ներկայացուցիչն է։
Այժմ անդրադառնանք պարոն Բագրատյանի հնչեցրած այլ փաստերին՝ մասնավորապես ադրբեջանական զինանոցի մասին տվյալներին։ Նախ նշենք, որ ադրբեջանցիների զինանոցը թերագնահատելու որևէ նպատակ չունենք, ավելին՝ մենք ուշադիր հետևում ենք Ադբրեջանի սպառազինվելու գործընթացին և պարբերաբար անդրադառնում այդ խնդրին։
Բայց պարոն Բագրատյանի ներկայացրած թվերի կեսն իրականության հետ կապ չունեն։ Օրինակ՝ Ադրբեջանն ունի ոչ թե 2000 միավոր ԲՏՌ ու ԲՄՊ, ինչպես պնդում է Հրանտ Բագրատյանը, այլ՝ 870–900։ Իսկ եթե հարավաֆրիկյան Matador ու Mauruader զրահամեքենաներն էլ հաշվենք, ապա 1050–1080։ Ադրբեջանն ունի 52 մարտական ինքնաթիռ, ոչ թե 120, և ունի 127 ուղղաթիռ, ոչ թե 150։ Իրականությանը մոտ է նշված տանկերի քանակը 450 (մեր տվյալներով՝ 480–530), սակայն բոլոր Տ-72-ներն արդիականացնելու մասին պնդումը սխալ է։ Մյուս կողմից, պարոն Բագրատյանը թերագնահատել է ադրբեջանական հրետանին՝ նշելով 700 միավոր, մինչդեռ դրանց քանակը 850-900 է՝ չհաշված քարշակվող ականանետները։
Ամեն դեպքում սա շատ պատկառելի զինանոց է։ Սակայն այս փաստերի թվարկումը «ի՞նչ պիտի անեն սրանց դեմ 4 Սու-30-ը» հարցի կոնտեքստում արդեն կոռեկտ չէ, որովհետև կործանիչ ավիացիան մենակ չի գործելու։ Թշնամու նկատմամբ օդային գերազության հասնելու դեպքում կործանիչները ոչ միայն իրենք են հարվածներ հասցնում արդեն ցամաքային թիրախներին, այլև ապահովում են հենց ցամաքային զորքերի գործողությունների ավելի բարձր արդյունավետություն։ Ու հենց սա է ընկած Սու-30ՍՄ-երի գնման տրամաբանության հիմքում, ոչ թե զուտ այն, որ օդ բարձրանան, «ճնճղուկի պես» խփեն թշնամու ՄիԳ-29-երը ու վերջ։
Ի դեպ, անդրադառնանք նաև «ճնճղուկի պես» խփելու հարցին։ Այստեղ ևս պարոն Բագրատյանը սխալվում է, հավանաբար ելնելով Ղարաբաղյան պատերազմի փորձից, երբ մեր ՀՕՊ ուժերը բարեհաջող չեզոքացնում էին ադրբեջանական ավիացիան։ Ներկայումս իրավիճակն էականորեն փոխվել է։ Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական ավիացիան գործում էր առավելապես անկախաբար, առանձին հարվածներ հասցնելու ու փախնելու տրամաբանությամբ։ Եթե հայկական ավիացիան էլ ապագա պատերազմում այդպես վարվի, իհարկե, կտապալվի։ Մինչդեռ լավ պատրաստված օդաչուներ ունենալու և գրագետ պլանավորված գործողությունների դեպքում ավիացիան կանխավ առավելություն ունի համեմատելի պատրաստվածության ցամաքային ՀՕՊ միջոցների նկատմամբ։ Գրագետ պլանավորված գործողությունները ենթադրում են համատեղ, կոմբինացված հարվածներ ավիացիոն, ցամաքային և կիբեր միջոցներով։
Սակայն Հրանտ Բագրատյանը ճիշտ է, որ ընդամենը 4 կործանիչը քիչ է։ Մեզ անհրաժեշտ է առնվազն ևս 4, իսկ ցանկալի է՝ 8 մեքենա՝ լիարժեք էսկադրիլիա կազմելու համար։ Ու լավ է, որ Պաշտպանության նախարարությունը պլանավորում է գնել լրացուցիչ կործանիչներ։
Ասվածը չի նշանակում, թե կործանիչների գնումը ռիսկեր չի պարունակում կամ այլ զորատեսակների պետք չէ ուշադրություն դարձնել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


















































