Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Առաքելյան. «Ինստիտուտում հակավիրուսային դեղամիջոցների հետազոտություններ են անում, դրանք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով»

Հուլիս 01,2020 15:05

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն այս պահին կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության համար սպասում է առողջապահության նախարարության պատասխանին: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում այս մասին ասաց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը: Նա ասաց, որ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, որն իրականացնում է անկախ փորձարկումները, դրանք արդեն եզրափակել է, արդյունքներն ուղարկել է առողջապահության նախարարություն: Նախարարությունն արդեն երեկ գրությունն առաքել է ինստիտուտ, եւ ինչպես պարոն Առաքելյանն ասաց, հետո սկսվելու է թեստերի տրամադրումը նախարարությանը, որն էլ պետք է թեստերը բաշխի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիաներին:

Ինստիտուտը հայտարարել էր, որ կարող է օրական 2 հազար թեստ արտադրել, բայց եթե լինի անհրաժեշտություն, ապա ինստիտուտն ավելին կարտադրի: Ինստիտուտի տնօրենն ասաց, որ արդեն 6 հազար թեստ ունեն պահեստավորված. «Ու ընթացքում էլ փորձարկում ենք արտադրական ծավալների հետ կապված խնդիրները»:

Ինչ փորձարկումներ են անցել թեստերը, արդյոք դրանք չեն զիջում ներկրվածներին, այս հարցին ի պատասխան Արսեն Առաքելյանն ասաց՝ պաշտոնական փորձարկումների արդյունքները կհրապարակեն, լաբորատոր փորձարկումների ժամանակ, համեմատած ներկրված թեստերի, ստացել են 98-ից մինչեւ 100% ճշգրտություն՝ տարբեր փորձարկումների ընթացքում:

Թեստերի արտադրության ընթացքում ինստիտուտը համագործակցում է Շվեյցարիայի եւ Չինաստանի գործընկերների հետ, եւ ինչպես ասաց ինստիտուտի տնօրենը, թեստերի արտահանման հարց այս պահին չեն քննարկում, քանի որ դրանք պետք է անցնեն սերտիֆիկացիայի եւ գրանցման բավական երկար փուլ, իսկ դրա համար օրենսդրությունը ՀՀ-ում չի գործում:

Արսեն Առաքելյանն ասաց, որ ինստիտուտում այս պահին մեծ ծավալի աշխատանքներ են իրականացնում ուրիշ գիտական կազմակերպության մշակած սարքավորումների եւ պարագաների ուղղությամբ փորձարկումներ. «Օրինակ՝ մեզ մոտ անցել են փորձարկում Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի օզոնային եւ ուլտրամանուշակային ախտահանիչ սարքերը: Երեկ ավարտվեցին Աշտարակի եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտների համատեղ մշակված դիմակների փորձարկումները, դրանք պատված էին նանոմասնիկային շերտով, որն ավելի պաշտպանիչ դեր ունի»:

Բացի սրանից, ինստիտուտն, ըստ պարոն Առաքելյանի, մեծ քանակի հետազոտություններ է իրականացնում հակավիրուսային դեղամիջոցների կամ միացությունների հայտնաբերման ուղղությամբ, որոնք կարող են օգտագործվել կորոնավիրուսի բուժման նպատակով. «Դրանք կրում են տեսական բնույթ, այն կարող է ինչ որ պահի անցնի փորձարարական փուլ: Դրանք դեռեւս գիտական հետազոտություններ են: Լաբորատորիան, որը դրանով զբաղվում է, ինստիտուտի հակավիրուսային մեխանիզմների ուսումնասիրության գիտական խումբն է, որի ղեկավարը Հովակիմ Զաքարյանն է: Արդեն կարողացել են իդենտիֆիկացնել մի քանի շատ հետաքրքիր միացություններ, որոնք ունեն լավ խնամակցություն վիրուսի սպիտակուցների հետ, ինչը թույլ է տալիս եզրակացնել, որ այդ միացությունները կկարողանան ճնշել վիրուսի ներթափանցումը բջիջ, բայց դեռ արդյունքից մինչեւ կիրառություն եկար ճանապարհ կա, որը դեռ անցած չէ»:

Արսեն Առաքելյանը տեղեկացրեց, որ թեստերի արտադրության հետ կապված աշխատանքները սկսվել էին մարտին կեսերին, աշխատանքը սկսվել է գիտական գրականությունների եւ առկա ուղեցույցների վերլուծությունից եւ հնարավոր տարբերակների մշակումից. «Բուն ֆիզիկական թեստերի մշակման աշխատանքները սկսվեցին մայիսի 14-ից, երբ ժամանեց մեզ անհրաժեշտ նյութերի խմբաքանակը: Մենք նյութերի համար կառավարությունից ստացել ենք 250 հազար դոլար, որպեսզի մատակարարենք 100 հազար թեստ: Հավելյալ ֆինանսավորում չենք ստացել, այդ աշխատանքներն իրականացվում են գիտական հետազոտությունների համար տարեկան մեզ տրամադրվող բազային ծրագրի շրջանակներում: Եթե այլ ծախսերն էլ ավելացնենք՝ մեկ թեստի արժեքը 2.75 դոլարը չի անցնի: Ինչ վերաբերում է 500 հազարին, որի մասին հայտարարվել է, ապա, այո, այս պահին մենք օգտագործել ենք դրա մի մասը: Այսինքն, եթե կարիք լինի՝ հաջորդ մոտ 100-120 հազար թեստերը կապահովվի մնացած գումարով»:

Արսեն Առաքելյանն ասաց, որ Հայաստանի եւ այլ երկրների շուկաների ուսումնասիրությամբ պարզել են, որ մեկ թեստի վաճառքի միջին արժեքը մոտ 10 դոլար է, եւ ըստ էության, ինստիտուտի արտադրած թեստի արժեքը մատչելի է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Արմենպրեսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031