Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանում այսօր կորոնավիրուսը, ըստ թալիշ և լեզգի վերլուծաբանների, բնիկ ժողովուրդներին ենթարկեցնելու գործիքներից մեկն է դարձել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 22,2020 08:32

Մեր երկրի դեմ ագրեսիա սանձազերծած Ադրբեջանում երեկ հաստատվել է 331 վարակման նոր դեպք, և կորոնավիրուսից 4 մահվան դեպք: Եվ թեպետ 8 մլն-անոց բնակչությամբ երկրի համար այս թիվը մեծ չէ, սակայն հոկտեմբերի 19-ից փակ են Բաքվի մետրոն, դպրոցները, բուհերը։ Իշխանությունները պահանջել են առանց հատուկ անհրաժեշտության փողոց դուրս չգալ:

Իհարկե, հիշում ենք, որ կորոնավիրուսի թվերը ոչ միայն առողջապահական ցուցիչներ են աշխարհում, այլև՝ քաղաքական, տնտեսական ու հասարակական գործոններ. տարբեր երկրների իշխանությունները կորոնայով են պայմանավորել բողոքի ակցիաների արգելքները, զբոսաշրջիկներին ընդունելը կամ երկրի սահմանները փակելը, երկրի որոշ հատվածներ փակելը կամ կարանտինային ռեժիմ սահմանելը և այլն: Հասարակական գործիչները բազմիցս դժգոհել են, փաստարկներ են ներկայացրել նմանատիպ որոշումների՝ քաղաքական հիմք ունենալու մասին, իսկ ոստիկանները ցրել են հավաքները, տուգանել մասնակիցներին: Եվ ահա Ադրբեջանում այսօր կորոնավիրուսը, ըստ թալիշ և լեզգի վերլուծաբանների, բնիկ ժողովուրդներին ենթարկեցնելու գործիքներից մեկն է դարձել մարտադաշտում հազարավոր սպանվածների համար բողոքի ցույցերից խուսափելու համար:

Ինչպես երկու օր առաջ նշել էր լեզգի քաղաքական-հասարակական գործիչը «Վոլնա Կասպիա» ալիքով հեռարձակված իր կոչում, Ադրբեջանում արդեն իսկ սկսվել է լեզգիների ցեղասպանություն: Վերլուծաբանները նշում են, որ բնիկ ժողովուրդներին իրավազուրկ պահելը, իսկ պատերազմի ժամանակ առաջնագիծ ուղարկելու մասին բարձրաձայնողներին լռեցնելը Ադրբեջանում այս հանրույթներին փակուղային վիճակում դնելու հստակ քաղաքականություն է: Թալիշ քաղաքական վերլուծաբանն էլ կանխատեսել է, որ կփակվեն իրենց բնակավայրերը, և նույնիսկ պատերազմի ավարտից հետո տևական ժամանակ իրենք հնարավորություն չեն ունենա գնալ Բաքու և բողոքել. նրա տեղեկություններով՝ անանուն եղբայրական գերեզմանոցներում դիերը «կորցնելը» ավանդույթ է դեռ 90-ականների պատերազմից, և թերևս հենց այդ նպատակով են արդեն իսկ փակվել Բաքվի շրջակա բնակավայրերը, ուր թույլ են տալիս մտնել միայն շտապ օգնության աշխատակիցներին և տեխնիկա տանող մեքենաների վարորդներին:

Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031