Ըստ պաշտպանական կողմի, այս քրեական գործի դատական քննության ժամանակ դատարանն ամբաստանյալի՝ հակընդդեմ հարցման իրավունքը՝ որպես արդար դատաքննության անհրաժեշտ բաղկացուցիչ եւ հիմնարար իրավական արժեք, ապահովելու հնարավորություն չի ունեցել, քանի որ մեղադրական ցուցմունքներ տվողները լքել են Հայաստանի Հանրապետության տարածքը:
Անցյալ տարվա հուլիսի 26-ին Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարան մուտքագրվեց Նորայր Ղուկասյանի վերաբերյալ քրեական գործը: Վերջինիս պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:
Նորայր Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել գողության փորձի համար. «Նա պահեստարան ապօրինի մուտք գործելու եւ գողություն կատարելու դիտավորությամբ, քննությամբ չպարզված անձի հետ, 2018թ. օգոստոսի 28-ին՝ ժամը 02:50-ից 03:00-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի մուտք են գործել պահեստարան հանդիսացող «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հատուկ պահպանվող տարածք, որտեղից փորձել են գաղտնի հափշտակել զգալի չափերի՝ 125.542, դրամի ոսկի եւ արծաթ պարունակող 19.34 կգ ոսկու հանքանյութ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում, այն է՝ ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից բացահայտվելու եւ նրա բռնվելու, իսկ չպարզված անձի կողմից փախուստի դիմելու պատճառով, հանցագործությունն ավարտին չեն հասցրել:
Այսպես. 2018թ. օգոստոսի 28-ին Նորայր Ղուկասյանը, քննությամբ չպարզված անձի հետ, ապօրինի մուտք է գործել պահեստարան հանդիսացող՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊ ընկերության հատուկ պահպանվող տարածք, որտեղ 6-րդ եւ 8-րդ պահակակետերի մեջտեղում գտնվող ցանկապատից դուրս են բերել երկու պարկ՝ համապատասխանաբար 9.80 կգ եւ 9.40 կգ քաշերով ոսկու հանքանյութ, որոնք իրենց մեջ պարունակել են ընդհանուր 125.100 ՀՀ դրամի ոսկի եւ 442 ՀՀ դրամի արծաթ: Պարկերը դուրս բերելու ընթացքում 6-րդ եւ 8-րդ պահակակետերի անվտանգության աշխատակիցներ Դենիս Պետրակովը եւ Դմիտրի Ստրեգունը, նկատելով նրանց, այդ մասին հայտնել են ընկերության անվտանգության աշխատակիցներ Գենադի Շեինին եւ Դմիտրի Շվարդեգուլովին, իսկ վերջիններս ընկերության դրսի կողմից մոտեցել են նրանց, որի ընթացքում քննությամբ չպարզված անձը դիմել է փախուստի, իսկ Նորիկ Ղուկասյանը բռնվել է ընկերության անվտանգության աշխատակիցների կողմից ընկերության տարածքից 250-300 մետր հեռավորության վրա: Նշված ոսկու հանքանյութը Նորայր Դուկասյանի բռնվելու վայրից քիչ հեռու հայտնաբերվել է, իսկ վերջիններս անվտանգության աշխատակիցների կողմից հայտնաբերվելու պատճառով չեն կարողացել իրենց հանցագործությունն ավարտին հասցնել»:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 7-ին դատավոր Գրիգոր Հովհաննիսյանը հրապարակեց դատավճիռը, համաձայն որի՝ Նորիկ Ղուկասյանն արդարացվել է: Նշեմ, որ դատական տասնչորս նիստ է տեղի ունեցել:
Ըստ պաշտպանի, սույն քրեական գործով կազմված մեղադրական եզրակացությունում որպես Նորայր Ղուկասյանի մեղքը հիմնավորող ապացույցներ էին վկայակոչված նախաքննության ժամանակ հարցաքննված՝ Դմիտրի Ստերգունի եւ Դմիտրի Շվարդեգուլովի, հարցաքննության արձանագրությունները: Հիշեցնեմ, որ այս գործով վկաներ Դմիտրի Ստերգունի եւ Դմիտրի Շվարդեգուլովի նախաքննական ցուցմունքները՝ հարցաքննության արձանագրությունները, անթույլատրելի ապացույց ճանաչելու պահանջի մասին միջնորդություն էր ժամանակին ներկայացրել պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«Առավոտին» Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ այս վկաները դատարան չեն ներկայացել եւ դատարանում չեն հարցաքննվել, իսկ նախաքննության ժամանակ նշված վկաների եւ ամբաստանյալ Նորայր Ղուկասյանի միջեւ առերես հարցաքննություն չի իրականացվել:
Հղում կատարելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասին, նա ասաց. «Ըստ կոնվենցիայի՝ «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետեւյալ նվազագույն իրավունքները. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության»:
Լիպարիտ Սիմոնյանն ասում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, կիրառելով եւ մեկնաբանելով «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (դ) ենթակետը, եկել է այն ընդհանուր հետեւության, որ եթե մեղադրյալին դատավարության որեւէ փուլում հնարավորություն չի տրվել հարցեր ուղղելու իր դեմ ցուցմունք տված անձին, ապա նա զրկվում է արդար դատաքննության իրավունքից («Ունտերպերտինգերն ընդդեմ Ավստրիայի գործով» ՄԻԵԴ 1986 թվականի նոյեմբերի 24-ի վճիռ, գանգատ թիվ 9120/80, 31-33-րդ կետեր):
ՄԻԵԴ-ի նշված գործով եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, ըստ Ն.Ղուկասյանի պաշտպանի, ոչ թե կոնկրետ գործի փաստերով պայմանավորված դատողություններ են, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային պրակտիկայի արտահայտություն, որոնք բազմիցս վերահաստատվել ու կիրառվել են:
Մարզի դատարանում պաշտպանը հղումներ է կատարել ՄԻԵԴ-ում ընդունված որոշումներին, մասնավորապես, «Հուլկի Գյունեշն ընդդեմ Թուրքիայի գործով» ՄԻԵԴ 2003 թվականի հունիսի 19-ի վճիռ, գանգատ թիվ 28490/95, 53-54-րդ կետեր, «Գոսսան ընդդեմ Լեհաստանի գործով» ՄԻԵԴ 2007 թվականի հունվարի 9-ի վճիռ, գանգատ թիվ 47986/99, 54-55-րդ կետեր, «Բալսիտե-Լիդեիկյենեն ընդդեմ Լիտվայի գործով» ՄԻԵԴ 2008 թվականի նոյեմբերի 4-ի վճիռ, գանգատ թիվ 72596/01, 86-րդ կետ, «Չական ընդդեմ Ալբանիայի գործով» ՄԻԵԴ 2009 թվականի դեկտեմբերի 8-ի վճիռ, գանգատ թիվ 44023/02, 102-րդ կետ:
«Մեջբերված քրեադատավարական բազմաթիվ նորմերի, ինչպես նաեւ առերես հարցաքննության անցկացման կարգը սահմանող այլ դրույթների համադրված վերլուծությունից ակնհայտ է, որ առերեսումը քննչական գործողություն է, որի առաջնային նպատակը ապացույց ձեռք բերելն է այն պայմաններում, երբ առկա են էական հակասություններ երկու անձանց ցուցմունքների միջեւ: Մյուս կողմից, սակայն, առերեսումը նախաքննության փուլում միակ դատավարական միջոցն է, որի օգնությամբ վարույթն իրականացնող մարմինը կարող է հնարավորություն տալ անձին վիճարկել իր դեմ տրված ցուցմունքները՝ դրանով իսկ ապահովելով պաշտպանության կողմի՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (դ) ենթակետով երաշխավորված իրավունքը: Այլ խոսքով՝ առերես հարցաքննությունն իրականացվում է ոչ միայն գործով ճշմարտությունը բացահայտելու նպատակով, այլեւ հանդիսանում է նախաքննության փուլում մեղադրյալի պաշտպանության իրավունքի ապահովման միջոց»,-ասում է Լ.Սիմոնյանը:
Պաշտպանական կողմը դատարանին հայտնել էր, որ սույն գործով հարցաքննված բոլոր վկաների ցուցմունքների համար հիմք է հանդիսացել Հայաստանը լքած վկա Ստերգունի հայտնած փաստական տվյալները, ուստի դրանք մեղադրական դատավճռի հիմքում դրվել չի կարող, քանի որ հակառակ դեպքում դատարանը թույլ կտա «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի եւ ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի խախտում, ինչն էլ կհանգեցնի ամբաստանյալի` արդար դատաքննության եւ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի չեզոքացմանը:
Դատարանում վկայակոչված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «ապացույցները ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք, դրսեւորվելով մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կամ սույն օրենսգրքի որեւէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ կամ որեւէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.-Լիպարիտ Սիմոնյանից «Առավոտը» տեղեկացավ, որ այս տարի ունեցել է երեք արդարացման դատավճիռ, երկու ծանր քրեական գործ էլ կարճվել է:
«Առավոտ» օրաթերթ
11.12.2020


















































