Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջանալու պահը. պատերազմ, երկրաշարժ եւ ատոմակայան

Դեկտեմբեր 12,2020 13:30 Share

Անվտանգությունը միշտ եղել եւ մնալու է Հայաստանի զարգացման գրավականը։ Հայաստանի գոյության եւ զարգացման անկյունաքարը անվտանգության այնպիսի մակարդակի ապահովումն է, որը հնարավորություն կտա կասեցնել բնակչության արտագաղթը եւ ստեղծել Հայաստան վերադառնալու համար նախադրյալներ։

Հայաստանին չհաջողվեց պատվով դուրս գալ Ղարաբաղյան կոնֆլիկտից ու խուսափել հսկայական մարդկային եւ տարածքային կորուստներից։ Մեղավորների փնտրտուքը դեռ կշարունակվի, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չկարողացավ խելամտորեն օգտագործել 90-ականներին ձեռք բերված ռազմական հաջողությունները Արցախի ու բուն Հայաստանի երկարաժամկետ անվտանգության ամրապնդման համար։ Դեռ ավելին. իրավիճակը հանգուցալուծվեց մարդկային ու տարածքային այնպիսի կորուստներով, որոնց մասին մտածել անգամ անհնար էր նույնիսկ ամենավատատեսական սցենարում։ Այս ամենը ի ցույց դրեց իր ունեցած առավելությունները ի շահ անվտանգության ծառայեցնելու գործում Հայաստանի ճակատագրական բացթողումները։ Մենք վայելում էինք Արցախը դե-ֆակտո Հայաստանի կազմում լինելու փաստը, հարակից տարածքների վերահսկողությունը եւ դրանից բխող առավելությունները, բայց այդպես էլ չկարողացանք ձեւավորել իրավիճակի ճիշտ գնահատականի վրա հիմնված մոտեցումներ՝ հնարավոր ամենաշահավետ եւ երկարաժամկետ լուծում ունենալու համար։ Արդյունքում վճարեցինք շատ մեծ գին։

Ցավոք, Արցախի հիմնախնդիրը անվտանգության հետ կապված միակ հարցը չէ, որի հետ կապված մտածված քայլեր չձեռնարկելու դեպքում թվացյալ բարենպաստ իրավիճակը կարող է ավարտվել կործանարար հետեւանքներով։

Առաջինը Հայաստանի, հատկապես Երեւանի սեյսմիկ վտանգն է եւ դրանից բխող անվտանգության հարցերը։ Երեւանը, ըստ էության, նվեր է Հայաստանին։ Առանց Երեւանի ու իր ուրբան տնտեսության Հայաստանի փոքր ու գյուղատնտեսության համար ընդհանուր առմամբ անբարենպաստ տարածքը չէր կարողանա ունենալ 2,5-3 միլիոն բնակչություն։ Հայաստանին հարակից Թուրքիայի համարժեք տարածքներում, օրինակ, բնակչությունը կազմում է մոտ մեկ միլիոն։ Ու թեեւ Երեւանը իրոք կարելի է համարել ԽՍՀՄ-ից մնացած ամենակարեւոր ու թանկարժեք (քանի որ ուրբանիզացիան էժան չէ) ժառանգություններից մեկը, միջոցներ չձեռնարկելու դեպքում այն կարող է դառնալ երկրի ու պետականության կործանման պատճառ։ Սպիտակի երկրաշարժի ուժգնության երկրաշարժի դեպքում Երեւանում, ըստ միջազգային փորձագետների գնահատականի, կարող է 100 հազարից մինչեւ 250 հազար մարդ զոհվել։ Դժվար է պատկերացնել, որ Հայաստանը կկարողանա ոտքի կանգնել նման հավանական հարվածից հետո։ Սա կանխելու համար Հայաստանը պետք է ամեն գնով լուծի Երեւանի ոչ սեյսմակայուն շենքերի խնդիրը։ Խնդիրն ահռելի է, բայց երկարաժամկետում հնարավոր է լուծել պետական միջամտության եւ շուկայական գործիքակազմի համադրությամբ։ Այս խնդրին առաջնահերթություն չտալը ու պատշաճ կերպով չանդրադառնալը նման կլինի Արցախի հարցում մեր բացթողմանը, երբ առանց որեւէ հիմքի հույս էինք փայփայում, որ խնդիրը ինքն իրեն կունենա դրական լուծում։

Երկրորդը ատոմակայանի խնդիրն է, որը եւս կարող է Հայաստանին կագնեցնել անհաղթահարելի աղետի առաջ եւ սպառնալ երկրի ու պետականության բուն գոյությանը։ Ատոմակայանը եւս, ինչպես Երեւանը, կարելի է համարել ԽՍՀՄ-ից «նվեր», որը եւս ունեցել է կարեւոր դերակատարություն, հատկապես 90-ականների երկրորդ կեսին, երբ իր վերագործարկմամբ զգալիորեն թեթեւացավ երկրի էներգետիկ վիճակը։ Բայց 1995-ին ոչ ոք չէր կարող մտածել, որ 2020-ին ատոմակայանը դեռ կգործի ու նույնիսկ կկանգնի մեծ վերանորոգման երկարաժամկետ գործարկվելու նպատակով։ Այստեղ եւս ունենք մի իրավիճակ, ուր կարծես ազգովի անտեսում ենք նման հին ատոմակայանից բխող վտանգները եւ մեր «մազից կախված» լինելու փաստը։ Թեեւ ատոմակայանի փակման եւ նրա հզորությունները նորով փոխարինելու հարցը եւս մեծ ջանքեր ու միջոցներ է պահանջելու, Հայաստանը օր առաջ դա չանելու եւ վտանգը արհամարհելու իրավունք չունի։

Որպեսզի Հայաստանը կարողանա կատարել իր առաքելությունը եւ իրոք դառնալ հայ ազգի ստեղծարար դրսեւորման ու զարգացման հենարանը, պետք է ամբողջ ուժով լծվել անվտանգության այս կարեւոր խնդիրների լուծմանը։ Պետք է ամեն գնով հաղթահարել հայերի՝ երկրից հեռանալու պատճառ հանդիսացող պատերազմ-երկրաշարժ-ատոմակայան եռագլուխ վտանգը։ Դաշնակիցների` հատկապես Ռուսաստանի հետ համակարգված քայլերով պետք է նվազագույնի հասցնել պատերազմի ու դրա արդյունքում նոր մարդկային կորուստների հավանականությունը: Պետք է քայլ այլ քայլ հասնել այնպիսի իրավիճակի, որի դեպքում կբացառվի երկրաշարժի հետեւանքով մեծ մարդկային կորուստներ ունենալու հավանականությունը։ Անկախ ֆինանսական բեռից` պետք է հնարավորին արագ ստեղծել նոր էներգետիկ հզորություններ եւ փակել գործող ատոմակայանը։

Պատերազմի, երկրաշարժի ու ատոմային աղետները կանխարգելելը երկրի անվտանգության հիմքն է։ Այս խնդիրները առաջնահերթություն դարձնելու դեպքում միայն կարելի կլինի ակնկալել արտագաղթի դանդաղում եւ սփյուռքից ներհոսք։

Աղասի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031