Լրահոս
Օրվա լրահոսը

Շրիշակից անդին

Մարտ 03,2021 13:30

Միանգամայն ակնհայտ է` ներկա քաղաքական իրավիճակը ճգնաժամային է: Հայտնի է դրա բուն պատճառը՝ պատերազմում լիակատար պարտությունը:

Այս ամենով հանդերձ չենք ուզում հասկանալ մի պարզ ճշմարտություն. պարտությունը դաս է, որը կարող է ավելի շատ բան սովորեցնել, քան հաղթանակը: Հաղթանակի փորձությանը չդիմացանք եւ տանուլ տվեցինք: Ժամանակն է հասկանալ պարտության պատճառները՝ դրանք չկրկնելու, առաջ գնալու համար:

Բայց ինչո՞վ ենք զբաղված:

Ե՛վ իշխանությունը, ե՛ւ իրենց ընդդիմություն համարողները միմյանց արժանի են, նույն մակարդակի են. գործով զբաղվելու փոխարեն տրվել են անպտուղ «բացահայտումների», ամեն ինչ վերածել ֆարսի: Իշխանությունը չի ուզում տալ ինքն իր գնահատականը, իր բազմաթիվ բացթողումները, անարդյունավետ գործունեությունը, իսկ ընդդիմությունը՝ իր ինքնագնահատականը: Երկուսն էլ փնտրում են մեղավորներ, խանգարողներ, ինքնարդարացումներ: Երկուսն էլ իրենց համարում են ճիշտ, իսկ մեղավորները միայն մյուսներն են:

Երկուսն էլ տառապում են նույն հիվանդությամբ, առաջնորդվել են եւ շարունակ առաջնորդվում նույն կարգախոսով՝ «Մերժում», «Հեռացում»: Հայտնի ճշմարտություն է, եթե ուզում ես իմանալ ով է քո թշնամին՝ նայիր հայելի՛:

Ե՛վ հները, ե՛ւ նորերը՝ բոլոր նախկին ու ներկա իշխանավորները անդադրում խոսում են իրենց կատարած քաջագործությունների, մեծամեծ ձեռքբերումների, անձնազոհ, նվիրված աշխատանքի, բայց ոչ երբեք իրենց ապաշնորհության, իրենց չարածի մասին: Բայց ոչ մեկը չի պատասխանում մի պարզունակ հարցի. եթե այդքան լավն եք, ինչո՞ւ ենք հայտնվել ճահճում:

Ի դեպ, ընդդիմություն կոչվածը չի ուզում հասկանալ, որ եթե այսօր դեռ կան նիկոլականներ, դա իր շնորհիվ է։ Մարդիկ ոչ թե նիկոլական են, այլ զգուշանում են ընդդիմությունից եւ վերածվում նիկոլականի, որպես չարիքներից փոքրագույնը։

Այսօր «մեյդանում» հայտնված բոլոր փրկիչները՝ թե՛ պաշտոնյա, թե՛ անպաշտոն, մի չափանիշով են առաջնորդվում. իրենք իրենց համար ընտրում են մի ապաշնորհ մեկի եւ եզրակացնում, որ իրենք դրա համեմատ շատ ավելի խելոք են, ավելի գործունյա եւ կարող են ավելի լավ կառավարիչ լինել, քան այդ ապաշնորհը: Եվ պատրաստվում են դառնալ վարչապետ, նախարար եւ չգիտեմ՝ էլ ինչ զահրումար: Դրանցից ոչ մեկը իրեն չի ուզում համեմատել ասենք՝ Բիսմարկի, դը Գոլի, Չերչիլի, Ռուզվելտի, Տիգրան Մեծի, Տրդատ Ա-ի հետ, Թետչերի ու Մերկելի հետ: Բոլորը տառապում են բոնապարտիզմով, բայց չարժեն Բոնապարտի եղունգն իսկ:

Այսօր մեզ բոլորիս անհրաժեշտ են այնպիսի գործիչներ, որոնք ունակ են առաջարկել ճգնաժամից դուրս գալու հստակ քայլեր, ծրագիր՝ առաջիկա ամիսների, մի քանի տարվա, ապա նաեւ հնգամյա եւ երկարատեւ հեռանկարում անհրաժեշտ գործողությունները, անելիքները ներքին եւ արտաքին քաղաքականության ոլորտներում։

Վերջին երեք տասնամյակում, իմ համոզմամբ, ունեցել ենք երկու-երեք քաղաքական գործիչ, որոնք ի վիճակի են երկիրը հանել ճահճից, բայց նրանք այսօր մնացել են ստվերում: Բոլորս ճանաչում ենք նրանց, բայց նրանք իրենց թույլ չեն տալիս հրապարակ դուրս գալ, թերեւս հասկանալով այն բեռի ծանրությունը, որ պետք է իրենց ուսերին կրեն: Պետք է նրանց հրավիրել ասպարեզ:

Ժամանակը չի սպասում:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
27.02.2021թ.

«Առավոտ» օրաթերթ
02.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031