Այս տարվա 7 ամսվա պաշտոնական տվյալներով, Հայաստանում գրանցվել է 5,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Խոսելով հրապարակվող ցուցանիշներից, անդրադառնալով նաև կառավարության ներկայացրած ծրագրում առկա կանխատեսումներին՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ֆարմանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշում է, որ, մեղմ ասած, լուրջ չի վերաբերվում ներկայացվող թվերին:
«Հարցն այն է, որ կան իրողություններ, և մենք պետք է ելնենք հենց առկա իրողություններից: Կանխատեսվող ու ակնկալվող ցանկացած տնտեսական աճի դեպքում ընդհանրապես մեկ հիմնական հիմք գոյություն ունի: Խոսքը ներդրումային աղբյուրների մասին է: Այսինքն, ցանկացած ծրագրի, ցանկացած տնտեսական աճի համար ներդրումներ են անհրաժեշտ: Այդ ներդրումները, ըստ էության, գոյություն չունեն: Ինչքան էլ հայտարարեն, թե առաջիկայում բազմամիլիարդանոց ներդրումներ են սպասվում, ինչ-որ բենզալցակայանների կառուցման հետ կապված ներդրումային հոսքեր են ակնկալվում, միևնույնն է, դրանք որակական ցուցանիշներ չեն:
Կառավարության 5 տարվա ծրագրի մեջ նշվել է մշակող արդյունաբերության ոլորտում ինչ-որ ակնկալիքների մասին, խոսք կա այդ ոլորտին 80 մլրդ դրամ հատկացնելու մասին, մինչդեռ տվյալ ոլորտի համար դա չնչին գումար է: Բացի այդ, մատնանշված չեն գերակա ոլորտները. արդյո՞ք այդ ոլորտներն են հաստոցաշինությունը, մեքենաշինությունը, որևէ բան, մեծ հաշվով, պարզ չէ: Ընդամենը գործ ունենք մի փաստաթղթի հետ, որի մեջ նշված են թվեր, բայց չկան ելակետային տվյալներ: Զուտ մասնագիտական առումով շատ բարդ է գնահատել՝ ապագայի հետ կապված ակնկալվող արդյունքներն օրինաչա՞փ են արդյոք, թե՞ ոչ: Ես կարող եմ փաստել միայն այն իրողությունները, որոնք ունենք և որոնք խաթարում են ներդրումային միջավայրը: Առաջինն անվտանգային ճգնաժամն է: Սահմանային, անվտանգային լրջագույն ճգնաժամ ունենք: Այս առումով հարկ է նշել ամենաթարմ օրինակներից մեկը՝ վերջերս թշնամու կողմից մեր ճանապարհները փակելու հետևանքը, երբ Իրանից ապրանքները չէին կարող տեղափոխվել դեպի մայրաքաղաք ու այլ բնակավայրեր: Մեծ հաշվով՝ գործ ունենք ապրանքաշրջանառության կորստի հետ»,-ասաց Հայկ Ֆարմանյանը:
Վերոնշյալ իրողությունները, որոնց թվում նաև անվտանգային ճգնաժամն է, Հ. Ֆարմանյանի խոսքով, ուղղակի և անուղղակի ազդեցություն ունեն տնտեսության վրա: «Տնտեսական զարգացումը, ակտիվությունը, տնտեսական աճը որոշակի իմաստով բիզնես տրամաբանություն ունեն: Այսինքն, երբ սովորական գործարարը, շահույթ ակնկալելով, ներդրում է իրականացնում, դա հետագայում արտացոլվում է ամբողջ տնտեսության մակարդակով: Լոկալ բիզնեսների արդյունքում տնտեսական աճ է արձանագրվում: Հիմա վերցնենք նույն անշարժ գույքի շուկան, որտեղ լճացած վիճակ է: Ինչո՞ւ անշարժ գույք չի վաճառվում այնպես, ինչպես մի քանի տարի առաջ, որովհետև մարդիկ սպասողական վիճակի մեջ են, ունենք հսկայական արտագաղթ, վերջին ժամանակաշրջանում ներմուծման ծավալները կրճատվել են: Մեծ հաշվով, հրապարակվող, նաև ակնկալվող ցուցանիշներն այդքան էլ չեն արտացոլում իրական պատկերը: Գուցե ժամանակավոր ինչ-որ արդյունքներ արձանագրվեն, բայց գոյություն ունի որակական ցուցանիշ:
Կարդացեք նաև
Ցավոք, այսօր այդ որակական ցուցանիշները չկան: Որակական ցուցանիշներ արձանագրելու համար, նույն մշակող արդյունաբերությունը զարգացնելու, տնտեսության նման այլ ճյուղեր զարգացնելու համար նախևառաջ կայունություն պետք է լինի, ինչպես նաև անվտանգային ճգնաժամի հաղթահարում և սահմանային անվտանգություն: Ոչ պրոֆեսիոնալ կարծիք հայտնողներ կան, ասում են՝ տեսեք՝ Երևան քաղաքի կենտրոնում ինչ է կատարվում, սրճարանները լիքն են: Կրկին եմ ուզում շեշտել՝ չի կարելի տնտեսական ակտիվությունը Երևանի կենտրոնի սրճարաններով չափել, որակական ցուցանիշ չէ սա:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։


















































