«Մեկ տարի է անցել՝ մենք բռնի տեղահանված ենք համարվում, բայց չունենք որեւէ կարգավիճակ: Ունենք ՀՀ անձնագիր, բայց ՀՀ քաղաքացիներ չենք: Արցախից տեղահանվել ենք, չունենք բնակարաններ, չունենք ընդհանրապես ապագայի հանդեպ ինչ-որ տեսլական: Այսինքն, մնացել ենք օդում կախված»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ գործադիր տնօրեն Մարգարիտա Քարամյանը, որը ցույց էր անում կառավարության շենքի մոտ:
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր կառավարության շենքի առջեւ էին հավաքվել Արցախից տեղահանված բնակիչները:
Մարգարիտա Քարամյանի խոսքով՝ առջևում ձմեռ է եւ Արցախից տեղահանվածները մտահոգված են՝ որտե՞ղ են պահելու իրենց երեխաներին. «Եթե մինչ այս դեռ պանսիոնատներում, հյուրանոցներում իրենց տեղավորել էին ժամանակավոր, հիմա մարդկանց խնդրում են, որ լքեն այդ ապաստարանները: Էլ ո՞ւմ դիմենք, պարզ է, որ պետք է դիմենք Հայաստանի կառավարությանը, որովհետեւ ՀՀ կառավարությունն է տնօրինել մեր ճակատագիրը: Իրենք են որոշել, որ մենք պետք է այսօր այս վիճակում լինենք, ու դրա համար բոլոր հարցերն ուղղված են կառավարությանը: Գլխավոր հարցը բնակարանային հարցն է: Մենք տարբեր առաջարկներ ենք անում կառավարությանը, մարդիկ պահանջում են՝ կա՛մ տալ փոխհատուցում իրենց կորցրած տների, ունեցվածքի դիմաց, որ կարողանան գոնե այստեղ մի կերպ ապրեն: Արցախում ոչ այդքան բնակարաններ կան, ոչ այդքան պայմաններ կան, բոլորը չեն կարող ծայրամասային գյուղերում ապրեն: Մարդիկ կան, որոնք արդեն 2-րդ, 3-րդ անգամ են կորցնում իրենց տները: Ունենք Հադրութի շրջանից դեպորտացիայից հետո նորից գյուղ գնացած, նորից դեպորտացված հայրենակիցներ, ունենք Բաքվից, Սումգայիթից, Շահումյանից: Մենք հո այսպես քոչվոր չե՞նք դառնալու ամբողջ կյանքներս: Պետք է վերջապես պետության առջեւ հարց դնենք: Հո մենք չե՞նք գնալու Եվրոպա: Հայաստանը մեր երկիրն է, մենք տարբերություն չենք դնում»:
Կարդացեք նաև
Մարգարիտա Քարամյանը հիշեցրեց՝ «Արցախը Հայաստանն է» ու հավելեց. «Մենք հիմա մեր երկրում ենք, դրա համար չենք կարող ստանալ փախստականի կարգավիճակ: Մենք բռնի տեղահանվածներ ենք՝ ժամանակավոր ապաստանած Հայաստանում: Դրա համար առաջարկում ենք կառավարությանը, որ կարողանան գոնե ժամանակավոր ինչ-որ թաղամաս կառուցեն Երեւանի արվարձաններում, կամ այլ բնակավայրերում, որտեղ հիմա գտնվում են Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից տեղահանվածները: Մինչեւ տեսնենք ինչ ենք անում: Մենք միեւնույն է, պայքարելու ենք հետ գնալու համար: Ինչքան էլ որ դժվար լինի, ինչքան էլ որ այսօրվա գեոպոլիտիկ զարգացումները մեր օգտին չլինեն, դա չի նշանակում, որ վաղը մեր օգտին չեն լինելու: Մենք ձեռքներս ծալած չենք ուզում նստել ու բեռ դառնալ ՀՀ կառավարության, ՀՀ ժողովրդի հասանելիքի վրա: Մենք մեզ համար հանգիստ ապրում էինք, մեր ապրուստը հետպատերազմյան 30 տարվա ընթացքում ստեղծել էինք, ուղղակի մնում էր, որ պետությունը մի քիչ ավելի խոհեմ լիներ, մի քիչ ավելի լավ ուսումնասիրեր, թե ինչ զարգացումներ էին տեղի ունենում աշխարհում, մեր տարածաշրջանում:
Ինձ համար հիմա շատ վիրավորական է, որ մեր բանակին ինչ-որ խեթ բառ են ասում, որովհետեւ հայ տղամարդիկ 30 տարի խրամատում մեր երկիրը պաշտպանել են ու այսօր իրենց մեղքը չէ, որ կառավարությունը չի կարողացել մեր բանակին ապահովել այնպիսի զինամթերքով, հանդերձանքով, որ այսօր այսպիսի փախստականի վիճակում չհայտնվենք: Մենք մեզ փախստական չենք համարում, մենք մեր երկրում ենք, բայց մենք չունենք մեր տունը:
Եթե չունես քո տունը, անտուն մարդ ես: Եթե մինչ այս ստանում էին հյուրընկալության ինչ-որ գումարներ, նվազագույն աշխատավարձի չափով՝ 68 հազար դրամ աջակցություն: Եթե դրանք չլինեն, մարդիկ հայտնվելու են փողոցում: Շատերը վարձով են ապրում, մինչեւ ե՞րբ են կարողանալու այդ վարձերը մուծել: Ձմեռ է գալիս, կոմունալ ծախսերն են ավելանալու: Մի տարին արդեն լրանում է, մարդիկ դեռ շոկի մեջ էին, այդքան էլ չէին գիտակցում իրենց ծանր վիճակը: Հիմա գնալով ավելի շատ է խորանում սթրեսը ու անորոշությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































