Հայկական սփյուռքը ողբերգության հետեւանքում առաջացած մի ուժ է, որն անցնելով իր ուրույն ճանապարհը, դարձել է, գուցե պատահաբար, քաղաքական մի հզոր կառույց, որի հետ հաշվի պետք է նստել։ Սփյուռքահայերը երբեմն մոռանում են, թե ինչ հեղինակություն են ձեռք բերել ներգործելու համար Հայաստանին վերաբերող քաղաքականության վրա։
Դժբախտաբար, երբեմն սփյուռքահայությունը գործել է իր շահերի դեմ։ Օրինակ` համայնքների որոշ հատվածներ, որոնք քաղաքական համախոհներ ունեն հայրենիքում, այնտեղի տարաձայություններն ու բեւեռացումները տեղափոխել են սփյուռք` բողոքելով հայրենի պաշտոնական անձանց օտար երկրներ այցելությունների դեմ։
Նման գործողությունը հասել է այն աստիճանի, որ քարկոծել են ՀՀ վարչապետի ավտոշարասյունը օտար երկրի մայրաքաղաքում` մինչ ազատ ճանապարհ բացելով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի ավտոշարասյան համար։ Վերջինիս օտար երկրներ այցելությունները մեծամասամբ եղել են առանց մարտահրավերի։
Անցնելով առաջ նշենք, որ այդուհանդերձ իրադարձությունները, կարծես, Հայաստանի օգտին են շրջվում վերջերս` պահանջելով մեզանից առավել զգոն լինել եւ օգտվել նոր հնարավորություններից։
Կարդացեք նաև
2020-ի քառասունչորսօրյա պատերազմի ամբողջ ընթացքում միջազգային համայնքի մեծ չափերի հասնող պասսիվությունը կամ անտարբերությունը հետեւանք չէր միայն նախագահ Դոնալդ Թրամփի անփույթ արտաքին քաղաքականության, այլ նաեւ այն պատճառով, որ Ադրբեջանը լուրջ քարոզչություն էր կատարել` հավատացնելով, որ իր գործողությունները ռազմատենչ բնույթ չէին կրում, այլ պարզապես Հայաստանի կողմից ,բռնազավթվածե պատմական տարածքների վերանվաճումն էին հետապնդում։
Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ միջոցները երբեք էլ չեն կարող հավասարվել Ադրբեջանի միջոցներին։ 2018-ին Եվրոխորհրդի խորհրդարանական համաժողովի (PACE) 13 պատգամավորներ արտաքսվեցին կազմակերպությունից Ադրբեջանից նվերներ եւ կաշառք ընդունելու համար։ «Կազմակերպված հանցագործության եւ կաշառակերության զեկուցագիրը» բացահայտեց, որ 2012-ից 2014 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը 2,9 միլիարդ դոլար էր լվացել Եվրոմիության քաղաքագետներին վճարելու համար։ Բոլորս գիտենք, որ Ալիեւը 3 միլիարդ դոլար ներդրեց Հունգարիայում` համոզելու համար այդ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանին, որ ազատ արձակի Գուրգեն Մարգարյանին 2004-ին կացնահարող ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, որ Գուրգենի նման նույնպես մասնակցում էր ՆԱՏՕ-ի զորավարժություններին։
Այս բոլորն անշուշտ քաղաքական շրջանակներում բարեհաճ վերաբերմունք ձեռք բերելու Ադրբեջանի սառցալեռ կազմող անօրինական գործողությունների միայն երեւացող գագաթն է։
Լավ լուրն այն է սակայն, որ Հայաստանի դեմ սանձազերծված վերջին շրջանի ագրեսիան եւ տարածքային ներթափանցումը այլեւս միեւնույն հանդուրժողականությամբ չեն դիտարկվում, եւ Ադրբեջանը կորցնելով իր ժողովրդավարության կեղծ դիմագիծը՝ օրեցօր ավելի է պիտակավորվում որպես «պարիա» (իրավազուրկ թշվառական), որպիսին ինքը իրականում է՛։
Այնպես որ, ժամանակն իրոք եկել է, որ հայ ժողովրդի եռանդուն գործիչները հակահարված տան, հատկապես համակարգելով սփյուռքի մեր քաղաքական ուժերը։ Հնարավորություններ կան եւ մեզ են սպասում։
Մինչ այդ մենք պետք է աչալուրջ լինենք եւ բացահայտենք նորանոր հնարավորություններ, դաստիարակենք մեր համայնքները եւ ուղղորդենք նրանց քաղաքականապես։
Հայերս ընդհանրապես սովոր ենք ֆինանսական օժանդակություն ցուցաբերել հայրենիքին մեր խիղճը հանգստացնելու համար։ Սակայն վտսահորեն կարելի է ասել, որ քաղաքական ակտիվությամբ մենք շատ ավելի լավ արդյունքների կհասնենք։ Համահարթեցման ներկա պայմաններում զանգվածներին նպատակաուղղորդելը հեշտացել է, բայց մենք պետք է նախ գտնենք քաղաքական ղեկավարության այն կորիզը, որը կկարողանա առաջնորդել շարժումը եւ ուղերձներ հղել աշխարհի բարձրագույն ատյաններին։
Հակառակ իր սահմանափակ ակտիվությանը, սփյուռքը այնուամենայնիվ կարողացել է Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը գրավել։ Դա էլ արդարացնում է հետագա առավել համախմբված գործողությունների իրականացումը` ի պաշտպանություն անցյալի եւ ներկայի հայկական բոլոր հարցերի։
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:


















































