ԿԲ խորհուրդը նախօրեին հայտարարեց, որ 12-ամսյա գնաճն աստիճանաբար կնվազի և 2023 թ. երկրորդ կեսից կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: 2022 թ. դեկտեմբերին, ըստ ԿԲ-ի, գնաճը շարունակել է նվազել՝ տարեվերջին կազմելով 8,3 տոկոս: Ներմուծվող ապրանքների գնանկում ԿԲ-ն ևս կանխատեսում է: Անդրադառնալով նշված ցուցանիշներին՝ «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է առկա անորոշությունների մասին:
«Ընդհանուր առմամբ, 2022-ը գնաճի մասով որևէ կերպ չենք կարող որպես բարվոք տարի գնահատել: Հաշվի առնելով թե՛ ԿԲ-ի կողմից սահմանված չափորոշիչները, թե՛ գնաճի՝ անզեն աչքով բնակչության կենսամակարդակին հարվածելու հանգամանքը, 8,3 %-ով տարին փակելը որևէ կերպ չենք կարող բարվոք ցուցանիշ համարել: Կան պնդումներ, թե 2022-ին համաշխարհային գնաճը բավականին բարձր է եղել, անգամ կան գնահատականներ, որ Հայաստանն այս համատեքստում «ֆանտաստիկ» գնաճ է ապահովել, հանդիպեցի նաև պնդման, թե սա «շատ լավ արդյունք» է: Իրականում մեկնաբանության խնդիր է: Թեման զգայուն է, քանի որ սա պարզապես մակրոտնտեսական ցուցանիշ չէ: Այն վերաբերում է ՀՀ քաղաքացիներին և ուղիղ առնչություն ունի իրենց կենսամակարդակի հետ: Այս պարագայում ցանկացած նման հայտարարություն անելիս պետք է զգուշավոր լինել՝ հիմքում դնելով սեփական հանրության նկատմամբ հարգանքի էլեմենտը: Որովհետև, ըստ էության, այդ «շատ լավ ցուցանիշն» ամբողջ տարվա ընթացքում ուղիղ հարված է հասցրել մարդկանց կենսամակարդակին, ընտանեկան եկամուտներին»,-ընդգծեց փորձագետը:
Այս համատեքստում Ամիրխանյանը շեշտեց, որ 2022-ի ընթացքում սպառողական գների ինդեքսի ցուցանիշի բացվածքում հենց առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում է երկնիշ գնաճ արձանագրվել: Ինչ վերաբերում է գնաճի միտումներին, նա հավելեց. «2022-ի, ընդհուպ մինչև ամփոփիչ՝ դեկտեմբերի տվյալները դեռևս չեն վկայում դրական միտումների մասին: ԿԲ-ի կանխատեսումային ու հաշվարկային քաղաքականությունն առհասարակ միտված է հիմնականում ապագային: Գուցե այս առումով հաշվի են առնվում արտաքին աշխարհից եկող ազդակները, և այդ տեսանկյունից նվազման գուցե որոշակի միտումներ ԿԲ-ն կանխատեսում է: Բայց այստեղ երկու հարցադրում է առաջանում. նախ՝ որքանո՞վ կգրանցվի այդ նվազումը, իսկ երկրորդ հարցը վերաբերում է վերահսկողական մեխանիզմների պատշաճ գործելուն: Ինչքան էլ գնաճային երևույթների դրսևորման օբյեկտիվ պատճառներ կան նույն արտաքին աշխարհից եկող ազդակների մասով, բայց խնդիրը նաև սուբյեկտիվ կողմ ունի: Խոսքը կառավարման մասին է, ավելի հստակ՝ ոլորտում վերահսկողական մեխանիզմների պատշաճ, արագ ու արդյունավետ գործելու մասին: Մենք մշտապես բախվել ենք խնդրի, երբ տնտեսվարողների համար անհարկի գնաճային դրսևորումներով գերշահույթներ հետապնդելու, այսպես ասած, լեգիտիմ միջավայր է ստեղծվել: Այս իմաստով վերահսկողական մեխանիզմներին ուշադրություն դարձնելը կարևոր է»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































