Սկիզբը՝ այստեղ:
Սումգայիթի ջարդերի տարելիցի օրը Բաքվում` «Շեհիդների ծառուղի» ու Հեյդար Ալիեւի շիրմին այցելող, գլուխ խոնարհող, ծաղկեպսակ դնող Լավրովը ՀՀ իշխանության «խղճին» թողեց կեղծ մեկնաբանությամբ հայտարարություններ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով Ադրբեջանում էր։ Այցի օրակարգում տարածաշրջանային եւ միջազգային արդիական խնդիրներն էին։
Ալիեւը Լավրովի այցը օգտագործեց, որպեսզի ի ցույց դնի Բաքվի «կառուցողական» դիրքորոշումը: Ալիեւի խոսքով` 2023թ. բեկումնային տարի կլինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում, եւ Ռուսաստանը հատուկ դերակատարում կունենա այս գործընթացում: Ալիեւը շնորհակալություն հայտնեց ՌԴ իշխանություններին եւ անձամբ Լավրովին՝ այդ գործընթացում մասնակցության համար. «Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր ընկեր, դաշնակից եւ հարեւան, հատուկ դերակատարություն ունի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում»: Ապա, նա հավելեց. «Ընդունվել են փաստաթղթեր, որոնք սահմանում են ապագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը: Մասնավորապես, երկու երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը, ինչը հաստատվել է նախորդ տարվա հոկտեմբերին Պրահայում եւ Սոչիում ընդունված փաստաթղթերով, այն հիմքն է, որը եւ կարող է օգտագործվել խաղաղության պայմանագրի հասնելու համար»: Ալիեւն ամփոփեց. «Մենք դրական եւ կառուցողական ենք տրամադրված աշխատելու հայկական կողմի հետ եւ ռուսական կողմի հետ՝ որպես մեր բարեկամ եւ հարեւան, որպեսզի հնարավորինս շուտ շրջենք թշնամության այս էջը եւ խաղաղություն վերադարձնենք Հարավային Կովկաս»:
Կարդացեք նաև
Առավել քան ուշագրավ էին Լավրովի՝ Բաքվում արած հայտարարությունները: Մի կողմից նա նշել է, թե Ռուսաստանը կողջունի այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված կլինեն հայ-ադրբեջանական կարգավորմանը եւ տարածաշրջանում գործակցությանը, այնուհետեւ նկատել է, որ շատ միջազգային գործընկերներ, այդ թվում նրանք, «որոնք հեռու են տեղակայված այս տարածաշրջանից` հետաքրքրություն են ցուցաբերում հարցին, որպեսզի նպաստեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման ուղղությամբ առաջընթացին»: Լավրովը Բաքվում Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հարկ է համարել հիշեցնել, որ Բրյուսելը չարաշահում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ իր հարաբերությունները՝ այդ թվում, առաջ մղելով մի շարք հարցեր առաջացնող իր առաքելությունը Հայաստանում: «Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն ակնհայտորեն չարաշահում է իր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ: Այդ թվում՝ առաջ խցկելով լեգիտիմության տեսանկյունից լուրջ կասկածներ առաջացնող իր առաքելությունը Հայաստանի տարածքում, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ դրա մանդատի, գործունեության, շարունակականության եւ այն ավելացրած արժեքի տեսանկյունից, որն այդ առաքելությունը կարող է ունենալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման ջանքերում»,- ասել է Լավրովը:
Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից պետության ԱԳ նախարարը ինքնիշխան Հայաստանի որոշումը` կապված իր երկրի անվտանգության, տարածքային ամբողջականության պահպանման վերաբերյալ, Բաքվում ամենահարմար վայրն է ընտրել կրկին Հայաստանից դժգոհելու համար: Ըստ Լավրովի` «այդ առաքելությունը շատ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ իր գործառույթների, մանդատի, տեւողության եւ այն հավելյալ արժեքի տեսանկյունից, որ կարող է ապահովել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերում»։ Շնորհակալ պետք է լինել, որ ՌԴ ԱԳ նախարարը գոնե այսքանն էլ է ասել. «Բայց դա կողմերի ինքնիշխան իրավունքն է՝ ում հետ համագործակցել, իսկ ում հետ՝ ոչ»։
Հայաստանից դժգոհելու թեմային ձայնակցել է Լավրովի ադրբեջանցի գործընկեր Բայրամովը, նշելով, թե Հայաստանը` «փորձում է ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի եւ Ադրբեջանի վրա՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի պատճառով», ըստ նրա` Հայաստանը «շարունակում է սաբոտաժի ենթարկել խաղաղության պայմանագրի բանակցությունները»։ Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը քննադատել է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը՝ նշելով, որ դիտորդների երկարաժամկետ խմբի տեղակայումը Բաքվին չի կարող չմտահոգել։ «Առաջին (երկամսյա) առաքելության մեկնարկից ի վեր հայկական կողմի դիրքորոշումները բանակցային պրոցեսի բոլոր ուղիներով ավելի ապակառուցողական դարձան։ Ինչ վերաբերում է այդ առաքելության՝ սահուն կերպով երկարաժամկետի վերածվելուն, ապա այստեղ մեր կարծիքն այն է, որ դա տեղի է ունեցել այն պրոցեդուրաների եւ պայմանավորվածությունների խախտմամբ, որոնք ձեռք էին բերվել հոկտեմբերին Ժնեւում։ Երբեմն հայկական կողմից, նաեւ մասնակից երկրներն են այդ մասին խոսում, մտքեր են հնչում, թե այդ առաքելությունը Ադրբեջանի հետ որեւէ կապ չունի, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում։ Բայց մենք դա չենք ընդունում, քանի որ դա վերացական ինչ-որ առաքելություն չէ, դա առաքելություն է, որ տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանին, այն շոշափում է Ադրբեջանի լեգիտիմ շահերը։ Բացի այդ, այն հանգամանքը, որ առաջին առաքելության տեղակայումը քննարկվել է Ադրբեջանի հետ, եւս մեկ ապացույցն է այն բանից, որ դա ընդունում էին բոլոր կողմերը»,- նշել է Բայրամովը։
Փաստացի, Մոսկվան ու Բաքուն միահամուռ կերպով ընդդիմանում են ՀՀ ինքնիշխան տարածքում գործող առաքելության գոյությանը, ավելին` այդ առաքելության ներկայությունը մատնանշելով, նրանք արդեն իսկ ակնարկում են, թե դա պատճառ է, որով Հայաստանը խափանում է բանակցային գործընթացը: Կարելի է արդեն կանխատեսել, որ հեռու չեն ժամանակները, երբ այսօրինակ շեշտադրումներին կհետեւի Մոսկվայի ու Բաքվի մեղադրանքները, թե` «Արեւմուտքն է Հայաստանին դրդել հրաժարվել Մոսկվայի հետ եռակողմ բանակցություններից»:
Ապա Լավրովը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ անցկացնելու ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում, այնուհետեւ հավելել է, որ Հայաստանը դեռ վերջնական որոշում չի կայացրել Մոսկվայում կայանալիք արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ։ «Չեմ կարծում, որ մենք չափազանց համառ կլինենք մեր ծառայություններն առաջարկելու հարցում, բայց երկու կողմերն էլ քաջատեղյակ են դրանց մասին»,- ասել է Լավրովը։
Միեւնույն ժամանակ Բաքվում Լավրովը Ադրբեջանի հետ հարաբերությունները արժեւորելու հարցում բավականաչափ պերճախոս է գտնվել, շռայլել է խոսքեր, որոնք հատուկ են «խորը եւ համապարփակ» հարաբերություններ ունեցող երկրների իշխանություններին: Լավրովը վստահեցրել է, որ ՌԴ-ն ու Ադրբեջանը վստահում են միմյանց` «Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ազնիվ հարաբերություններ են հաստատված», երկու երկրների միջեւ «ապրանքաշրջանառության ռեկորդային ծավալ է սպասվում»: Այնուհետեւ նա շեշտել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել հետպատերազմյան ադրբեջանական տարածքների վերականգնմանը, եւ որ Ռուսաստանը կօգնի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում խորհրդակցություններին:
Հայաստանյան քննարկումներում անհասկանալի հրճվանք էր առաջացրել Լավրովի մի հայտարարությունը կապված Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծման հարցին: «Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, պատասխանը հեշտ չէ. դրա ռեժիմը, դրա գործունեության ռեժիմը պետք է լիարժեք համապատասխանի ամենաառաջին եռակողմ հայտարարությանը՝ թվագրված 2020թ. նոյեմբերի 9-10-ին, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների եւ քաղաքացիական անձանց համար: Այնտեղ որեւէ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ»:
Նախ` նոյեմբերի 9-ի փաստաթղթում այսպիսի պահանջ գոյություն չունի` «անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ բացառապես քաղաքացիական հումանիտար բեռների եւ քաղաքացիական անձանց համար», ինչը նշանակում է ոչ մի սահմանափակում մարդկանց եւ բեռների վրա: Սա բավական սկզբունքային հարց է, եւ Լավրովի կողմից դիտավորյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության աղավաղումը մտորելու թեմա է:
Հաջորդը, իսկ Ռուսաստանը 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված իր մյուս պարտավորությունները կարողանո՞ւմ է իրացնել ու ապահովել: Հետեւաբար, ի՞նչն է խանգարելու Մոսկվային հիմա հայտարարել, թե` «հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ», իսկ երբ Բաքուն տեղադրի դրանք` լռելյայն «հաշտվի» այդ նոր իրողության հետ: Եվ, ի դեպ, Լավրովը Բաքվում չի բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը` նշելով հետեւյալը. «Որեւէ հսկիչ անցագրային կետերի ստեղծում այնտեղ նախատեսված չէ, բայց առկա կասկածները, թե արդյոք միջանցքն օգտագործվում է, ինչպես հարկն է, տեխնիկական միջոցներով փարատելու հնարավորություն գոյություն ունի»։
Լավրովի այցի ընթացքում Հայաստանի վերաբերյալ հաջորդ ուշագրավ դրվագներից մեկն էլ այն էր, երբ մամլո ասուլիսում ադրբեջանցի լրագրողներից մեկը Լավրովին խնդրեց մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերագրվող «հայտարարությունը», լրագրողի հետեւյալ մեկնաբանությամբ` «Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի ապահովում ՀՀ անվտանգությունը, ընդհակառակը` սպառնալիք է հանդիսանում ՀՀ անվտանգությանը»: «Ձեր կողմից մեջբերված Հայաստանի ղեկավարի այդ հայտարարությունները ամբողջությամբ թողնում եմ նրա խղճին», – Բաքվում լրագրողի վերոնշյալ մեկնաբանությանն ի պատասխան՝ հայտարարել է Լավրովը։
Վատ է, որ գերտերության արտգործնախարարը, Լավրովի մասշտաբի պաշտոնյան «մեկնաբանում» է ադրբեջանցի լրագրողի հարցը, դիտավորյալ չխորանալով մատնանշված դեպքի, կոնկրետ հայտարարության կոնտեքստին: Իսկ վերոնշյալ հարցի ենթատեքստը լիովին այլ էր: Խոսքը վերաբերում է հունվարի 10-ին հրավիրված Փաշինյանի մամուլի ասուլիսին, երբ նա հայտարարեց. «Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետեւյալ կերպ։ Ասում է, որ՝ մենք մտավախություններ ունենք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, եւ մենք, ահա, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»: Ապա Փաշինյանը հավելել էր, թե բոլորը գիտեն, որ աբսուրդ է այդ մասին խոսելը, բայց Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, եւ Ադրբեջանը հենց այդ նպատակով է այս խոսույթը զարգացնում Արեւմուտքում: «Եվ մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց ըստ էության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում Հայաստանի անվտանգությունը, այլ ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար: Մենք այս փաստերից հետեւություններ չենք անում, մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը»,- պարզաբանել էր Փաշինյանը։
Հիմա Լավրովի` «հայտարարությունը թողնում եմ» Փաշինյանի «խղճին», արտահայտությունից ի՞նչ հասկանալ… Որ պաշտոնական Բաքուն կեղծիք է տարածում, ապա ադրբեջանցի լրագրողը կեղծ բովանդակությամբ հարց է ուղղում Լավրովին` չասված հայտարարություն վերագրելով Փաշինյանին, իսկ Լավրովն էլ շտապում է մեկնաբանել կեղծիքի վրա հիմնված արձանագրումը` լիովին այլ մեղադրանք դնելո՞վ Փաշինյանի վրա:
Եվ առհասարակ, Ռուսաստանին Հայաստանի հետ երկկողմ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների հարցում անգործության մեջ մեղադրելու, ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ստորաբաժանումների ներխուժման առիթով Մոսկվայի «խորհրդավոր» լուռ կեցվածքից զարմանք ապրելու եւ արձանագրելու առիթով, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ամենեւին էլ չի երաշխավորում ՀՀ անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, պաշտոնական Մոսկվայի համար հիմա ավելի հեշտ է դարձել «հակադարձել» այսպե՞ս` «հայտարարությունը թողնում ենք նրանց խղճին»:
Մինչդեռ, ճիշտ կլիներ, եթե ՌԴ ԱԳ նախարարը վստահեցներ, թե ՌԴ-ն պայմանագրային այս ու այն կետերով կատարում է Հայաստանի առջեւ ստանձնած պարտավորությունները, իսկ նոյեմբերի 9-ի փաստաթղթով` արցախցիների նկատմամբ ստանձնած պարտավորությունները:
Ու ընդհանրապես, ցանկացած հարցում Հայաստանին մեղադրելու Մոսկվայի ու Բաքվի կուռ միությունն արդեն վաղուց անտանելի է դարձել, եւ որքան դա շուտ գիտակցեն Մոսկվայում, այնքան լավ: Որքան շուտ հիշեն, որ Ադրբեջանն է պարտավոր բացել Լաչինի միջանցքը, այնքան լավ: Մոսկվային ու Բաքվին հիշեցնենք 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի 6-րդ կետը. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ», «Ադրբեջանը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների երթեւեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով»:
Հայաստանի իշխանության «խղճին» չասված հայտարարություններ թողնելով, Բաքվում Լավրովը Բայրամովի հետ համատեղ ասուլիսում մեկ այլ հետաքրքրական միտք էլ է արտահայտել, ասելով` Ռուսաստանը Հարավային Կովկասում առաջնորդվում է «մի՛ վնասիր» սկզբունքով, բայց ոչ բոլոր խաղացողներն են կիսում այդ մոտեցումը:
Սա ասել է մի պետության պաշտոնյա, որը հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաողբերգական ու հրեշավոր էջերից մեկի՝ Սումգայիթի ջարդերի 35-ամյակի օրերին` փետրվարի 27-28-ն էր որոշել ժամանել Բաքու, որտեղ էլ այցելել է «Շեհիդների ծառուղի», ծաղկեպսակ է դրել ու գլուխ խոնարհել Ադրբեջանի ժողովրդի առաջնորդ Հեյդար Ալիեւի շիրիմին, այնուհետեւ «Նահատակների ծառուղում» հարգանքի տուրք է մատուցել` «Ադրբեջանի ազատության եւ ինքնիշխանության համար պայքարում իրենց կյանքը տված հայրենիքի հերոս զավակների հիշատակին», ծաղկեպսակ դրել` «Անմար կրակի հուշարձանին»։
Այս խորհրդանշական քայլն էլ մենք թողնենք «փայլուն» դիվանագետի խղճին:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 02.03.2023


















































