Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե վաղը բուժօգնությունը դառնա վճարովի, սա կլինի մարդու իրավունքների սահմանափակում, որը հնարավոր չի լինի գնահատել ՍԴ-ում»․ Անահիտ Սիմոնյան

Մարտ 03,2023 22:44

«ՍԴ հիմնական դիմողներն իրավաբանական և ֆիզիկական անձինք ենք։ Այս փոփոխությունների արդյունքում այն սուբյեկտները, որոնք հանդիսանում են ՍԴ հիմնական դիմողները, զրկվել են սոցիալական մի շարք իրավունքների կապակցությամբ վիճարկման հնարավորությունից, ինչպես նաև ՄԻՊ-ը»,- սոցիալ-տնտեսական իրավունքների սահմանադրական կարգավորումների վերաբերյալ քննարկման ժամանակ փաստեց Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը։

Քննարկումը կազմակերպեցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը:

Անահիտ Սիմոնյանը, հղում կատարելով 2022-ի վիճակագրությանը, ասաց․ «ՍԴ մուտքագրվել է 168 դիմում։ Ըստ սուբյեկտների, թե ովքեր են եղել, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը, դատավորների կողմից 10 դիմում, ՄԻՊ-ի կողմից 4 դիմում, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից՝ 120 դիմում։ Միշտ դիմողների մեծ մասը ֆիզիկական և իրավաբանական անձինք են եղել»։

Անահիտ Սիմոնյանը նշեց՝ միևնույն ժամանակ պատգամավորների մեկ հինգերորդի, նախագահի, կառավարության և դատավորների պարագայում ՍԴ դիմելու իրավունքը պահպանվում է։ Նա այս առիթով պարզաբանեց․ «Ըստ այդ փոփոխության ստացվում է, որ խնդիրը ոչ թե հենց վիճարկման մեջ է, ՍԴ դիմելու մեջ է, այլ թե ովքեր կարող են և ովքեր չեն կարող դիմել ՍԴ։ Նման մոտեցումը խտրական է և որևէ իրավաչափ հիմնավորում չունի»։

Խոսելով այս փոփոխությունների հետևանքների մասին՝ Անահիտ Սիմոնյանն ասաց․ «Եթե վաղը որևէ սոցիալական իրավունքի տեսանկյունից մենք ունենանք սահմանափակում, բուժօգնությունը դառնա վճարովի, սա կլինի մարդու իրավունքների սահմանափակում, որը հնարավոր չի լինի գնահատել ՍԴ-ում։ Մենք այս պահին գտնվում ենք մի համակարգում, որտեղ սոցիալական իրավունքների իրացումն ու պաշտպանությունը կախված են օրենսդիր և գործադիր մարմինների կամքից ու հայեցողությունից։ Սրա արդյունքում խաթարվում է էական մի սկզբունք, որի պահպանումը յուրաքանչյուր ժողովրդավար երկրի համար անկյունաքարային է։ Դա զսպումների և հակակշիռների մեխանիզմն է, որի գործնականացումը  խաթարվում է, ինչը հարիր չէ իրեն ժողովրդավար հռչակած պետության համար»։

Ըստ Անահիտ Սիմոնյանի՝ այս փոփոխությունները նաև հանգեցնում է ՍԴ արդարադատական պրակտիկայի էական խաթարման։

Հ․գ․ Նյութի սկզբնական տարբերակի անճշտությունները շտկվել են։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031