Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին նվաստացումներից քիչ ժամանակ հետո կփոշիանա նաև արցախյան մշակույթի ողջ գենոֆոնդը. Բաց նամակ Արցախի նախագահին

Նոյեմբեր 11,2023 17:46

Բաց նամակ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին 

Հարգարժան նախագահ, երևի կարիք չկա անդրադառնալու վերջին ամիսների իրադարձություններին ու քաղաքական դիսկուրսին՝ գոնե այն պարզ պատճառով, որ մենք բոլորս գնալով ավելի ենք հեռանում իրականությունից ու ճշմարտությունից։

Ես շարքային հայ բանաստեղծ եմ, գիտնական, մտավորական, որ ծնունդով Արցախից է։

Մարդկայնորեն հասկանում եմ Ձեր վիճակը, մաղթում եմ առավել կամք ու սթափություն։
Անձամբ Ձեզ չեմ ճանաչում, ոչ մի բողոք, անհամաձայնություն, պահանջ չունեմ։ Անգամ համոզված եմ, որ Ձեզ հիասթափեցրել են դիմումներն ու բողոքները։

Այսուհանդերձ.

Ասում են, որ երբ Անդրանիկ Զորավարը հոգնել էր պատերազմներից, միգուցե՞  դավաճանություններից, կամ՝ չգնահատվելուց, գալիս է Էջմիածին, հանձնում է իր թուրը կաթողիկոսին, իր ձիու համար խնդրում է մի պարկ գարի, ու ճամփա է ընկնում դեպի Բուլղարիա՝  շարունակելու իր պայքարը։

Ճիշտն ու հնարածը ես չգիտեմ, լեգենդ է, ինչ որ տեղ սիրուն ու մտածելու։
Դուք Անդրանիկ Զորավարը չեք, ես էլ՝ կաթողիկոս չեմ։
Գիտեմ նաև, որ Նժդեհը կռվեց մինչև վերջ, չհանձնվեց, ու պահեց Լեռնահայաստանը։
Հնարավո՞ր էր նույն կերպ պահել Արցախը, երբ նա մեն մենակ մնաց քաղաքակիրթ աշխարհի ու բռնապետությունների դաշինքի դեմ։ Հավատացե՛ք, ես էլ  համոզված եմ, որ՝ ոչ։

Արցախի (թող չճանաչված) Հանրապետության վերջին հենասյուները այսօր փշրվում են մեր աչքերի առաջ։
Հայրենիք կորցրած մարդկանց՝  վերջին նվաստացումներից քիչ ժամանակ հետո կփոշիանա նաև արցախյան մշակույթի ողջ գենոֆոնդը. դա առաջին հերթին մարդիկ են, որ կաղոտանան հեռավոր ռուսական կայարաններում, կամ էլ կխառնվեն երևանյան աշնան խաշամին ու  փոշուն։

Մեր լեզուն, ապրելաձև-կեցութաձևը կվերածվի առասպելի։
Ես Ձեզ թախանձագին աղերսում եմ, դիմեք խնդրանքով աշխարհի առաջադեմ պետություններին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, անգամ ՝ ՀՀ Հանրապետության Ազգային Ժողովին՝ թող աջակցեն՝ աշխարհի ցանկացած ծայրամասում մեր ՝ Արցախի ազգաբնակչության համար հատկացնելու մի քանի հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ սիմվոլիկ մշակութային ինքնավարությամբ։

Պատերազմները սկսվում և վերջանում են, կործանվում են ինչպես թույլերը, այնպես էլ ուժեղները. պատմության համար մի քանի տասնյակ տարիները, անգամ հարյուրամյակները ոչինչ են, կարևորը այլ բան է, մարդկային հազարամյակների կուտակած կոլեկտիվ փորձի, մշակույթի ու լեզվի պահպանումն ու փոխանցումը։

Ձեր սուրը ինչ-որ մեկին հանձնելուց առաջ
Դուք դա կարող եք  անել,
Դուք դա դեռ կարող եք անել։

Հարգանքներով ՝

Սլավի-Ավիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930