Երեւանի քաղաքացիական դատարանը՝ ՔՊ-ական նախկին մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի հայցն՝ ընդդեմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի, որոշել է մերժել: ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը պահանջում էր, որպեսզի Ավետիք Իշխանյանը հերքի, իբրեւ զրպարտություն պարունակող տվյալները: Տրդատ Սարգսյանը նաեւ պատճառված նյութական վնասի փոխհատուցում էր պահանջում:
Ավետիք Իշխանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Նախշքարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ որոշման մանրամասներին, ուստի, ավելի ուշ կանդրադառնա դրանց, բայց անչափ ուրախ է նման որոշման համար, որն արտացոլում է իրականությունը:
«Հայցի երկու դրվագներով էլ դատավորը գտել է, որ Ավետիք Իշխանյանը գնահատողական դատողություններ է արել, ոչ թե զրպարտության եւ հերքման առարկա փաստեր է ներկայացրել, որի սահմանադրական իրավունքն ունի յուրաքանչյուր ոք»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, պատասխանողն ամբողջությամբ մերժում էր հայցը:
Հիշեցնենք, հայցվորը, դատարանում իբրեւ ապացույց ներկայացրել է նաեւ Ավետիք Իշխանյանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ին Aravot.am-ին տված հարցազրույցը։
Հիշեցնենք նաև, որ ՔՊ-ական նախկին մարզպետի ընկալմամբ, իրավապաշտպանը զրպարտել է իրեն ՝ ֆեյսբուքյան իր գրառմամբ:
Հայցը վերաբերվում է անցյալ տարվա հուլիսի 27-ին Ավետիք Իշխանյանի կատարած գրառման հետևյալ հատվածին․ «Այսօր մահացավ 2019 թ․ ՔՊ-ականների կողմից դաժան ծեծի ենթարկված և չորս տարի կոմայի մեջ տառապող փոխգնդապետ Արա Մխիթարյանը։ Արա Մխիթարյանը ՔՊ-ական ռեժիմի առաջին զոհերից էր։ Եվ ոչ մի ընդվզում, բողոք։ Փոխգնդապետի ծեծի ու մահվան պատասխանատու ՔՊ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է և վայելում է նույնպես ՔՊ-ական ցոփ ու շվայտ կյանքը»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ




















































Շնորհավորում եմ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին սկզբունքային հաղթանակի համար։