Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ նախագիծը մարզերն անշնչացնելու ու տոտալ անգրագիտություն տարածելու միտում ունի»․ ՇՊՀ դասախոս

Հոկտեմբեր 10,2024 20:22 Share

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծով փակվում են նաև մարզային բուհերը։ Ըստ նախագծի, կդադարեն գործել այն բուհերը, որոնք 4000-ից պակաս ուսանողներ կունենան։

Քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանն այս նախագիծը համարում է հայաթափման ծրագիր, որն արվել է դիտավորյալ, որպեսզի ապահովվի Նիկոլ Փաշինյանի «իդեա ֆիքսը»՝ ակադեմիական քաղաքի գործունեությունը։

«Նույնիսկ օպտիմալացման դեպքում ոչ մի մարզային բուհ չի կարող 4000 ուսանող ունենալ։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծում 4000 թիվն է նշված, որը պատահական չէ։ Օրենքի նախագիծը հեղինակած անձինք շատ լավ հաշվարկներ են կատարել և այնպիսի թիվ են առաջ բերել, որ ոչ մի մարզային բուհ, չկարողանալով 4000 ուսանող ունենալ, փակվեն։

Այս պահին ՀՀ-ի մարզերում սովորող բուհերի ուսանողների թիվը միասին վերցրած կազմում է մոտ 9 հազար։ Ամենաշատ ուսանող ունեցող մարզային քաղաքը Գյումրին է, որտեղ գործում է 90-ամյա Շիրակի պետական համալսարանը և երևանյան 5 բուհերի մասնաճյուղեր։

Շիրակի պետական համալսարանի և այդ բոլոր բուհերի մասնաճյուղերի ուսանողների թիվը միասին վերցրած չի հասնի 4000-ի, 3000 կամ 3200 կլինի։

Այսինքն մյուս մարզերի պարագայում ավելորդ է գումարում, հանում անել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, հանուն ակադեմիական քաղաքի, զոհաբերում են Շիրակի, Վանաձորի, Գորիսի, Գավառի համալսարանները, որոնք շունչ են տալիս տվյալ տեղանքներին, ապահովում մասնագետներով ու աշխատատեղերով։

«Գործող իշխանությունները փոխանակ ապահովեն կրթության մակարդակը, ապահովեն դասախոսների բարեկեցությունը, ընկել, բուհեր են փակում մարզերում՝ շատ լավ հասկանալով, որ մարզային բուհերի փակումը բերելու է հայաթափման, մարդիկ թողնելու ու հեռանալու են այստեղից»,- ասում է մեր զրուցակիցը։

Նա համոզված է, որ օրինակ՝ մոտ 450 աշխատակից ունեցող Շիրակի պետական համալսարանից քչերը կկարողանան աշխատել ակադեմիական քաղաքում։ Բոլոր վարչական աշխատակիցները կդառնան գործազուրկներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի 90-95 տոկոսն էլ առանց աշխատանքի կմնա։

Ըստ նրա, քչերն են, որ կկարողանան գնալ մայրաքաղաք, տներ վարձակալել ակադեմիական քաղաքի մոտ կամ ամեն օր տրանսպորտով կգնան Երևան ու կվերադառնան։ Իսկ այս ամենը նաև դեմոգրաֆիկ խնդիրներ է ստեղծում․ Գյումրիում կրթություն ստացող անձը, որը մտադիր է իր քաղաքում ապրել, զրկվում է այդ իրավունքից, ու եթե ուզում է ուսանող դառնալ, լքելու է Գյումրին։ Իսկ սա,Գագիկ Համբարյանի համոզմամբ, աղետ է լինելու Շիրակի մարզի համար․ մայրաքաղաք գնացող ուսանողների 80-85 տոկոսը չի վերադառնում մարզեր։

Ըստ մեր զրուցակցի, Շիրակի պետական համալսարանը, գտնվելով Գյումրու ծայրամասային թաղամասերից մեկում՝ Անիում, ապահովում է նաև բուհի հետ կապ չունեցող ոլորտների աշխատանքը, 2000-ից ավել ուսանողներ օգտվում են տրանսպորտից, հարակից խանութներից։

«ՇՊՀ-ն միայն բուհ չէ, այլ խոշոր կառույց է, որն ապահովում է բուհի հետ չառնչվող մարդկանց եկամուտը։

Իսկ այս նախագծի օրենքի ուժ ստանալու դեպքում մենք կստանանք մի շերեփուկ՝ մեծ գլխով , շատ թույլ մարմնով։Եվ կրկին ամեն ինչ արվելու է Երևանը գերբեռնելու համար։ Ինչ է նշանակում ակադեմիական քաղաքը Երևանի կողքն են կառուցում, ինչի՞, թող բերեին, Գյումրիի կողքը կառուցեին, թող ակադեմիական քաղաքը կառուցեին Սպիտակ քաղաք մոտ, որը Գյումրիի և Վանաձորի արանքում է, ինչ կլիներ որ։ Ու դրանով փորձեին ապացուցել, որ գերբեռնված Երևանն այսպես ասած թեթևացնում են։

Երևանն այդպես են ազատո՞ւմ, միայն Երևանի կենտրոնն են թեթևացնում, միևնույնն է Երևանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ակադեիմական քաղաք են կառուցում։

Ես գտնում եմ, որ այս օրենքի հեղինակները հակահայեր են, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի մարզերի բնակիչները պակասեն», -ասում է Գագիկ Համբարյանը։

Ըստ նրա, Լենինականում 90 տարի առաջ մանկավարժական ինստիտուտ բացելը պատահական չի եղել, բուհի հիմնադիրները հաշվարկել են, որ այն մանկավարժներով ապահովելու է ողջ տարածաշրջանը․ ոչ միայն Շիրակի դաշտավայրի դպրոցները, այլ Լոռու, Արագածոտնի, Ջավախքի։ Իսկ այժմ, ակադեմիական քաղաքից են խոսում, առանց հաշվի առնելու մարզերի բնակիչների սոցիալական վիճակը։

«Սա մարզերը բնակչությունից զրկելու ծրագիր է, մարզերում տոտալ անգրագիտություն տարածելու ծրագիր է»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031