Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը մերժեց հեռացող Բլինքենին

Դեկտեմբեր 12,2024 12:00 Share

Բայց պաշտոնական Երեւանը պնդում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախաբանի եւ համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից` 15-ի շուրջ:

«Շարունակելու ենք երկխոսությունը թուրք գործընկերների հետ եւ իրականացնելու ենք որոշ գործնական քայլեր», պնդել է Միրզոյանը

Անցյալ շաբաթ Մալթայում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մասնակցում էր ԵԱՀԿ նախարարների խորհրդի 31-րդ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: «Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի, քանի որ մեր տարածաշրջանի ժողովուրդն արդեն շատ է տուժել արյունալի հակամարտություններից», շեշտել է նա:

Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է իր կառուցողական ներգրավվածությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցություններում։ Այնուհետեւ նա նշել է, որոշակի առաջընթաց է գրանցվել երկու երկրների միջեւ Խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ ընդգծելով. «Համաձայնության ենք եկել նախաբանի եւ համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ, եւ եթե լինի բավարար քաղաքական կամք, այն կարող է արագորեն վերջնականացվել եւ ստորագրվել»։ Նա ընդգծել է. «Ի հեճուկս բոլոր դժվարություններին, մենք հաստատակամ ենք շարունակելու մեր ջանքերը՝ հասնելու ցանկալի նպատակին։ Այս համատեքստում հայկական կողմի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» կապուղիների նախագիծը մեծ ներուժ ունի բարձրացնելու վստահությունը, ամրապնդելու վստահության մթնոլորտը եւ խթանելու տարածաշրջանի երկրների միջեւ ավելի լավ փոխգործակցություն»։

Անդրադառնալով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, ԱԳ նախարարն ասել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը կարող է լինել խաղաղության եւ կայունության կարեւոր մյուս ներդրումը տարածաշրջանում։ «Այս նպատակով մենք շարունակելու ենք երկխոսությունը մեր թուրք գործընկերների հետ եւ իրականացնել որոշ գործնական քայլեր, այդ թվում՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կամուրջի, ինչպես նաեւ Գյումրի-Կարս երկաթգծով սահմանային անցման տեխնիկական պահանջների համատեղ գնահատում», – հավելել է նա:

Ի դեպ, Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի, Թուրքիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Ուկրաինայի, Նիդեռլանդների, Անդորրայի գործընկերների հետ։ Երկու տարվա դադարից հետո Ռուբինյանն ու թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը հուլիսին հանդիպեցին Մարգարայի անցակետում: Հենց այդ հանդիպմանն էլ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել էին տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը գործարկելու համար։

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, ստեղծել նորերը, առանց որեւէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն եւ գործեն երկրի ինքնիշխանության, իրավազորության ներքո՝ հիմնված հավասարության եւ փոխադարձության սկզբունքի վրա։

Ի դեպ, ճիշտ նույն օրը հայտնի դարձավ, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման թեման քննարկվել է Թուրքիայի անվտանգության խորհրդում: «Թուրքիան ակնկալում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններում գրանցված դրական տեղաշարժը կհանգեցի խաղաղության պայմանագրի կնքման։ Տեւական խաղաղությունը բխում է մեր տարածաշրջանի բոլոր կողմերի շահերից», նշվել էր հաղորդագրության մեջ։

Բայրամովը Մալթայում մերժել է Բլինքենի միջնորդությամբ Միրզոյանին հանդիպելու ամերիկյան առաջարկը

Մինչ Միրզոյանն աշխարհին ներկայացնում էր մոտալուտ խաղաղության հաստատման հնարավորությունը` Ադրբեջանը նույն հարթակում` Մալթայում, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում, մերժել է Բայրամով-Միրզոյան հանդիպում կազմակերպելու՝ ԱՄՆ միջնորդությունը: Իսկ ադրբեջանական APA գործակալությունը ոչ ավել, ոչ պակաս ներկայացրեց մերժման պատճառը. «Այս նախաձեռնությամբ Բլինքենը մտադիր է եղել ԱՄՆ-ին կրկին ներառել խաղաղության գործընթացում։ Ադրբեջանի մասնակցության մերժման պատճառն էլ եղել է այն, որ Բայդենի վարչակազմը, ընդհանուր առմամբ, անարդար եւ կանխակալ քաղաքականություն է վարում Ադրբեջանի նկատմամբ: Այդ է պատճառը, որ Ադրբեջանը չի ցանկանում ԱՄՆ-ի մասնակցությունը խաղաղության օրակարգին, դա նպատակահարմար չի համարում»:

Այսպիսով, ադրբեջանական պետական քարոզչամեքենան Բայդենի վարչակազմին մեղադրել է «անարդարացի եւ կանխակալ քաղաքականություն» վարելու մեջ, եւ այդ իսկ պատճառով Ադրբեջանը չի ցանկանում, որ Վաշինգտոնը մասնակցի խաղաղության օրակարգին: Իսկ ահա Մոսկվայի միջնորդության վերաբերյալ պաշտոնական Բաքուն մի քանի անգամ հրապարակային դրական է արտահայտվել` ներկայացնելով Մոսկվային որպես վստահելի միջնորդի:

«Փաստացի խաղաղություն է հաստատվել», վստահեցնում է Բայրամովը

Նույն հավաքում ելույթ էր ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, եւ նշել էր, թե Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո փաստացի խաղաղություն է հաստատվել, ինչը նոր հնարավորություններ է բացել Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման համար»,- ասել էր նա։ Բայրամովի խոսքով՝ ուղիղ երկխոսության արդյունքում Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են իրենց սահմանների մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը։ Բացի այդ, առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի տեքստի մշակման գործում։

«Սահմանային համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության մասին վերջերս ուժի մեջ մտած կանոնակարգը կապահովի սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի իրականացումը։ Այս ձեռքբերումները ցույց են տալիս, որ երկկողմանի ուղիղ բանակցությունները լավագույն տարբերակն են կարգավորման գործընթացն առաջ մղելու համար»,- ասել էր Բայրամովը։

Նա հավելել էր, թե չնայած ձեռք բերված առաջընթացին՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհին դեռեւս կան չլուծված խնդիրներ։ «Խաղաղությունը եւ բարիդրացիական հարաբերությունները չեն կարող կայուն եւ անշրջելի լինել, եթե Հայաստանի սահմանադրությամբ կասկածի տակ դրվի Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ճանաչումը, եւ խաղաղության պայմանագրի կատարումը կախված է Հայաստանի ներքաղաքական կամ իրավական իրավիճակից։

Այս վճռորոշ պահին, երբ Ադրբեջանն ու Հայաստանը պատմական հնարավորություն ունեն շրջելու առճակատման էջը եւ հաստատել բարիդրացիական հարաբերություններ, բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին։ Ադրբեջանի վճռականությունն այս հարցում մնում է անփոփոխ, եւ մենք Հայաստանից ակնկալում ենք փոխադարձ քաղաքական կամք եւ պատասխանատվություն»,- ասել էր նա։

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել էր, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում չվնասելու ընթացող խաղաղ գործընթացին, զերծ մնալու սադրիչ գործողություններից եւ լարվածության աճից։ Այնուհետեւ նա նշել էր, թե անհրաժեշտ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ հարակից կառույցները։

«Պատմական հնարավորություն կա շրջելու առճակատման էջը եւ հաստատել բարիդրացիական հարաբերություններ», սակայն Բաքուն շարունակում է Երեւանին պահանջներ ներկայացնել, զիջումներ կորզել, օրակարգ թելադրել: Բաքուն չի դադարելու այդպես վարվել, չի փոխելու գործելաոճը:

Ըստ ամենայնի, Ալիեւը` «առճակատման էջը շրջելու պատմական հնարավորությունը» պատկերացնում է բացառապես Ռուսաստանի միջնորդությամբ:

Իսկ թե ի՞նչ կարժենա Ալիեւին` թեկուզ հեռացող ամերիկյան վարչակազմին մերժելը, հարցը մնում է բաց…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 11.12.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031