Լրահոս
Օրվա լրահոսը

Իմոլա Լազար. Արծնապատելով հայկական հիշատակները. «Ազգ»

Ապրիլ 04,2025 10:50 Share

Իմոլա Լազարը հունգարացի նկարչուհի է, մասնագիտացած արծնապատումի (էմալապատում) մեջ: Ծնվել է Տրանսիլվանիայի (Ռումինիա) Ռեգին քաղաքում, այժմ ապրում է Բուդապեշտում: Ստացել է մանկավարժական կրթություն, այնուհետ սովորել է իրավաբանություն, իսկ ավելի ուշ՝ ինտերիերի դիզայնի դասընթացին մասնակցելիս, տիրապետել է արծնապատման արվեստին: Նրա աշխատանքները ցուցադրվել են Հունգարիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Գերմանիայի, Ավստրիայի քաղաքներում:

–Կարծում եմ, որ դուք նոր գույներ եք ներմուծել հունգարական արծնապատման արվեստ ձեր հայկական մոտիվներով՝ ավանդույթը միախառնելով ժամանակակից գեղարվեստական նորարարություններին: Հրաշալի է, որ Հունգարիայում ծնված երկու արվեստագետներ նորովի են մեկնաբանում հայ միջնադարյան գեղանկարչությունը՝ Էրմոնե Զաբել Մարթայանը՝ ապակու վրայի նկարչության, իսկ դուք՝ արծնապատման արվեստի միջոցով: Հայկական թեմայով ի՞նչ գործեր եք ստեղծել մինչ այժմ:

-Դպրոցում նախ միայն փոքրիկ կախազարդեր ու զարդեր էինք ստեղծում: Իմ առաջին նշանակալից աշխատանքը կատարեցի երկրորդ տարում, երբ Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունն ինձ հանձնարարեց ստեղծել հայերեն Աստվածաշնչի արծնապատված պատկեր: Լինելով հայազգի` սիրով ընդունեցի մարտահրավերը, որի արդյունքում կայացավ հիսուն արծնապատված նկարներից բաղկացած մի շարք: Այդ ժամանակից ի վեր հավատարիմ եմ այս գեղարվեստական ուղղությանը: Հայերեն Աստվածաշնչի իմ պատկերներից մեկը գտնվում է Ս. Էջմիածնի թանգարանում, մեկն էլ՝ Վատիկանում: Ավելի ուշ ստեղծեցի արծնապատված հայոց այբուբենը, որն այժմ պահվում է Սեչենյիի Ազգային գրադարանում: Իսկ դրան հաջորդեցին հայ թագավորների եւ հայկական քաղաքների զինանշանների արծնապատված աշխատանքները:

–Դուք նշեցիք, որ հայկական ծագում ունեք: 1848 թվականի հունգարական հեղափոխության հերոսներից էր Վիլմոշ Լազարը: Դուք նրա գերդաստանի՞ց եք:

-Այո՛: Գնդապետ Վիլմոշ Լազարը եւ գեներալ-լեյտենանտ Էռնո Կիշը, երկուսն էլ նահատակված 1848 թվականի Արադի հեղափոխության ժամանակ, զարմիկներ էին: Ես այդ երկուսի շառավիղն եմ: Նրանք Տրանսիլվանիայի Լազար հայ ազնվական տոհմից էին: Ի թիվս այլ գործերի, մեր ընտանիքի շնորհիվ է կառուցվել Գյորգյոզենտմիկլոշի հայկական եկեղեցին: Եկեղեցու պատին այսօր էլ կարելի է տեսնել մեր տոհմի զինանշանը:

–Երբեք չեմ մոռանա, թե ինչպես երբ մենք առաջին անգամ զրուցեցինք տեսազանգով եւ ես մեր պատուհանից ցույց տվեցի Արարատ լեռը, դուք չկարողացաք զսպել ձեր արցունքները: Չտիրապետելով հայոց լեզվին, չլինելով հայադավան, չունենալով հայկական անուններ, սովորություններ, դուք՝ հայկական արմատներով հունգարացիներդ, այնուամենայնիվ, դեռ պահպանում եք պատմական հիշողությունը: Ինչպե՞ս է հնարավոր ուծացման փուլ մտնելուց հետո դարեր անց պահպանել որոշակի հայկական ինքնություն:

-Վերոնշյալ նախնիներս իմ մայրական տատիկի՝ կոմսուհի Մարիա Լազարի կողմից են: Մանկությանս տարիներին նա ինձ շատ է պատմել հայերի մասին: Երբ մի անգամ տատիկիս ցույց տվեցի իմ նկարած խաղողի վազերն ու բույսերի մոտիվները, նա ժպտաց եւ ինձ ցույց տալով նույն ձեւավորումներով մի ասեղնագործություն՝ ասաց. «Պատահական չէ, դա քո արյան մեջ է», որից հետո սկսեց պատմել հայկական պատմություններ: Նույնիսկ նրա պատրաստած ուտեստները հայկական համ ունեին: Եթե կարող եմ այսպես ասել, ապա մենք ճաշակել ենք ուրիշների համեմատ տարբեր՝ տրանսիլվանա-հունգարա-հայկական համեր:

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930