«Ապառաժ». ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանի վերաբացման արարողությունը: Ժամանակակից լուծումներով կահավորված լսարանը վերաբացվեց «Արմենիա Վայն» ընկերության հետ համագործակցության արդյունքում:
Թաթուլ Կրպեյանը 1987-1990 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ չորրորդ կուրսում միացել է հայ ազգային-ազատագրական շարժմանը։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը նշեց, որ ապրիլի 21-ին լրացավ Թաթուլ Կրպեյանի 60-ամյակը։
«Նա ապրել է ընդամենը 26 տարի, սակայն այդ 26 տարվա կյանքը բացառիկ օրինակ է հայրենասիրության, նվիրումի և ամենակարևորը՝ պատասխանատվության: Եթե չլիներ այդ պատասխանատվությունը, ապա հայրենասիրությունն ու նվիրումը կմնային լոկ դատարկ խոսքեր: Պատասխանատվությունն էր, որ ընդամենը 25-26 տարեկան Թաթուլ Կրպեյանին տարավ Գետաշեն և դարձրեց Գետաշենի ու Մարտունաշենի ինքնապաշտպանության հրամանատար: Այդ պատասխանատվությունը դրդեց նրան փրկելու հազարավոր գետաշենցիների կյանքեր»,- ասաց դեկանն ու ընդգծեց, որ Թաթուլ Կրպեյանի ոգեղեն ներկայությունը յուրաքանչյուրին օգնել և օգնում է լինել պատասխանատու:
Կարդացեք նաև
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ընդգծելով, որ Թաթուլ Կրպեյանի անվան լսարանն իր նոր կերպարով նոր բովանդակություն պետք է բերի, ասաց. «Թաթուլ Կրպեյանը բացառիկ հայրենասիրության օրինակ էր և առաջիններից մեկը, որ գնաց Գետաշեն և ստանձնեց տեղի սերնդին պատմություն և աշխարհագրություն դասավանդելու գործը։ Սակայն հետագա իրադարձությունները դրդեցին նրան վերցնելու զենքն ու դպրոցից անցնելու ռազմաճակատ»։
ԵՊՀ ռեկտորը շեշտեց, որ անկախ ժամանակներից, արժեքային համակարգի փոփոխությունից՝ կա «կարմիր գիծ», որը պետք է բոլոր սերունդների մեջ մնա անխախտ։
«Այդ «կարմիր գիծը» հայրենասիրությունն է՝ հայրենիքի նկատմամբ պատասխանատվությունը. հայրենասիրությունն այն է, երբ յուրաքանչյուրն իր գործն է անում՝ առանց բարձրագոչ հայտարարությունների»,- հավելեց նա:
Թաթուլ Կրպեյանի դուստր Ասպրամ Կրպեյանը հիշատակեց հոր սխրագործություններից մեկն ու պատմեց, թե ինչպես է նա զոհվել։
«1991 թ. ապրիլի 30-ին Խորհրդային միության և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ուժերով իրականացվեց պետական, ահաբեկչական, ցեղասպան գործողություն Հյուսիսային Արցախի Գետաշենի ենթաշրջանի հայկական երկու գյուղերի՝ Մարտունաշենի և Գետաշենի նկատմամբ: Գետաշենի ենթաշրջանի պաշտպանության կազմակերպիչ և հրամանատար Թաթուլ Կրպեյանն այդ օրը գործեց աննախադեպ հերոսություն. օղակը քաշած նռնակով նա կարողացավ գերի վերցնել խորհրդային բանակի 19 զինվորականների, այդ թվում՝ հատուկ գործողության ղեկավարներից մեկին՝ գնդապետ Մաշկովին, որպեսզի նրանց փոխանակի մինչ այդ պատանդ վերցված մոտ 6 տասնյակ հայ խաղաղ գյուղացիների հետ, ինչպես նաև ստիպի գործողության ղեկավարներին դադարեցնելու ահաբեկչությունը»,- ասաց Ասպրամ Կրպեյանն ու հավելեց, որ բանակցությունների գնալիս Թաթուլ Կրպեյանն ու իր մարտական ընկերները զոհվում են ադրբեջանական կողմի արձակած կրակահերթից։
«Թաթուլ Կրպեյանի սխրագործության շնորհիվ հնարավոր եղավ մարդկային նվազագույն կորուստներով ֆիզիկական բնաջնջումից փրկել մոտ 4000 հայ մարդու կյանք»,- ամփոփեց նա:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: