Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկշաբաթյա հրադադարը փխրուն է, Իրանն ապացուցեց, որ կարող է աշխարհի տնտեսության վրա մեծ ազդեցություն գործել»

Ապրիլ 13,2026 13:30 Share

«Երկու կողմերն էլ իրենց հաղթող են հայտարարել, բայց կարելի է ասել՝ եթե դիտարկում ենք ռազմավարական, գլոբալ առումով, Իրանը հաղթող է դուրս եկել»,- «Առավոտի» հարցին՝ Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմից հետո Ձեր կարծիքով՝ Իրա՞նն է այժմ ավելի ուժեղ, թե՝ ԱՄՆ-ն եւ Իսրայելը, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Մյուս կողմից իրանագետը նշեց, որ Իրանը լուրջ նյութական, տնտեսական վնասներ է կրել, մեծ է զոհերի թիվը. «Այս դեպքում կարելի է ասել՝ Իսրայելը եւ ԱՄՆ-ն են Իրանին ինչ-որ տեղ հաղթել։ Բայց ռազմավարական առումով երկու կողմերն իրենց նախնական նպատակներին, որ հայտարարել են, չեն հասել։ Իսկ եթե չեն հասել, ուրեմն գլոբալ առումով չեն հաղթել»։

Հիշեցնենք՝ Իրանը եւ ԱՄՆ-ն երկշաբաթվա հրադադար հաստատելու մասին համաձայնության են եկել։ Իրան-ԱՄՆ բանակցությունները սկսվել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում ապրիլի 10-ին՝ Թեհրանի 10 կետանոց առաջարկի հիման վրա։

Այս համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ զերծ է մնում իրանական քաղաքակրթության ոչնչացման սպառնալիքից եւ երկու շաբաթով «կկասեցնի» Իրանի վրա հարձակումները։

Թրամփը նշել է, որ զինադադարը կախված է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի «լիակատար, անհապաղ եւ անվտանգ բացմամբ»։ Հորմուզի նեղուցը նեղ ջրային ճանապարհ է, որը կապում է Պարսից ծոցը Արաբական ծովի հետ եւ որի միջով է անցնում համաշխարհային նավթի մատակարարման մեկ հինգերորդը։

Իրանի կողմից նեղուցի մասնակի փակումը խաթարել է համաշխարհային առեւտուրը՝ բարձրացնելով նավթի գները եւ առաջացնելով վառելիքի պակաս ամբողջ աշխարհում։

Մեր հիշեցմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում գերազանցել են իրենց բոլոր ռազմավարական նպատակները եւ առաջընթաց ունեն ու հարցին՝ ինչի՞ է հասել ԱՄՆ-ն, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «ԱՄՆ-ն հաղթել է այն առումով, որ ըստ իրենց՝ բոլոր հեռահար բալիստիկ հրթիռների արդյունաբերությունը, նավթաքիմիական արդյունաբերությունը, միջուկային օբյեկտները, երկրի ռազմաքաղաքական առաջնորդներից հիսուն հոգու վերացրել են։ Բայց նրանք հույս ունեին՝ քանի որ Իրանը համարում են բռնապետական երկիր, այդ քայլով, երկրի գլուխը վերացնելով՝ կլինի իշխանափոխություն։ Բայց այդպիսի իշխանափոխություն Իրանում չի եղել, պարզապես փոխարինվել են զոհված, ահաբեկված ղեկավարները»։

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է Իրան-ԱՄՆ-Իսրայել պատերազմի պատճառով ԹՐԻՓՓ նախագիծը հետաձգվի կամ փոփոխությունների ենթարկվի, իրանագետը պատասխանեց. «Կարող է հետաձգվել։ Ասեմ, որ շատ փխրուն է այս երկշաբաթյա հրադադարը, որովհետեւ այդ փաստաթղթում եւ Իրանի կողմից ներկայացված պահանջներում, որոնք հրադադարի հիմք են, նշված է, որ պետք է հրադադար լինի լիբանանյան ճակատում, բայց ընդամենը մեկ օր առաջ այնպիսի հանկարծակի հրթիռ է ուղարկվել Բեյրութի կենտրոն, որ ավելի քան 200 զոհ եւ հազարից ավելի վիրավորներ կան, անգամ մեծ Բրիտանիան է պաշտոնապես հայտարարել, որ պետք է Լիբանանի ճակատում եւս հրադադար լինի։ Այդ մասին խոսել է նաեւ Իսպանիան, եվրոպական այլ երկրներ»։

Հարցին՝ ի՞նչ զարգացումներ եք ակնկալում, հրադադարը կպահպանվի՞, թե նոր էսկալացիա կարող է լինել, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «ԱՄՆ-ն շահագրգիռ է, որ վերջ դրվի այս պատերազմին։ Հատկապես Թրամփի հեղինակությունը բավականին ընկել է, պատերազմի հակառակորդներն ավելի շատ են՝ հատկապես ինչպես տեսանք՝ Իրանն ապացուցեց, որ կարող է աշխարհի տնտեսության վրա մեծ ազդեցություն գործել։ Պատերազմից առաջ, երբ սպառնում էին Իրանին, Իրանը հայտարարում էր, որ փակելու է Հորմուզի նեղուցը եւ ինչ ասել էր, այդպես էլ արել է։ Դա է հիմնական գործոնը, որ հրադադար են առաջարկել»։

Նշենք, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը պնդում է, որ իրանական 10 կետից բաղկացած խաղաղության առաջարկի երեք կետերը բացահայտ եւ աներկբա խախտվել են։ Ըստ նրա՝ նման իրավիճակում երկկողմանի հրադադարը կամ բանակցություններն անխոհեմ են: Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ այդ առաջարկի մեջ ներառվել է Լիբանանը, սակայն Սպիտակ տունն ու Իսրայելն այն մերժել են: Նա նաեւ հիշատակել է Իրանի Հարավային Ֆարս նահանգ ներխուժած անօդաչու թռչող սարքի մասին: Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները, սակայն, BBC-ին հայտնել են, որ իրենց ոչինչ հայտնի չէ նման միջադեպի մասին:

Էմմա Բեգիջանյանը նաեւ շեշտեց՝ Իրանը հայտարարել է՝ քանի որ Լիբանանում շարունակվում է պատերազմը, ինքն առայժմ չի բացի Հորմուզի նեղուցը։ Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին, ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանն իր տեսակետը չի փոխել. «Բոլոր դեպքերում Իրանի համար ընդունելի չէ այն տեսքով, ինչպես կա այդ նախագիծը։ Հենց այս պատերազմն էլ ապացուցեց, որ դա Իրանի համար շատ կարեւոր է, քանի որ Իսրայելի՝ Իրանը մասնատելու նպատակը տեսանելի է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.04.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930