Երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Թրամփը, նա հայտարարեց, որ ռուս-ուկրաինական պատերազմն իր միջնորդությամբ կավարտվի 24 ժամում, սակայն կյանքը ցույց տվեց, որ դրանք դատարկ խոսքեր են, քանզի արդեն այդ հայտարարությունից հետո անցել է մեկ տարուց ավելի, իսկ այդ պատերազմը կանգ առնելու նշան անգամ չկա:
Այս պահի դրությամբ ռուսները գրավել են Դոնբասի, Լուգանսկի, Խերսոնի տարածքների 70 տոկոսից ավելին եւ Ռուսաստանին ձեռք է տալիս հրադադար կնքել, իսկ Ուկրաինան՝ ի դեմս Զելենսկու, ոչ մի կերպ չի համաձայնում դրա հետ եւ մի շարք պատճառներով շարունակում է պատերազմը եւ ոչ մի կերպ չի համակերպվում այդ տարածքների կորստի հետ: Եվրամիության երկրները եւ Մեծ Բրիտանիան, բացի Հունգարիայից ու Սլովենիայից, թեւ ու թիկունք են կանգնել Ուկրաինային եւ իրենց ֆաշիստական կեցվածքով ատամներով պաշտպանում են Ուկրաինային եւ ոչ մի կերպ թույլ չեն տալիս, որպեսզի հրադադար կնքի Ռուսաստանի հետ:
Շատ պարզ պատճառ կա, որի հետեւանքով նրանք չեն ուզում, որպեսզի պատերազմը վերջանա եւ խաղաղություն տիրի: Նախագահ Բայդենի օրոք ԱՄՆ-ը մոտ 350 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել Ուկրաինային, որի առյուծի բաժինը հայտնի չէ, թե ինչպես է ծախսվել, քանզի ոչ մի հաշվետվություն չի տրվել ԱՄՆ-ին: Այդ գումարները Ուկրաինայի հետ միասին ծախսել են Եվրամիության երկրները, հետեւաբար, նրանց համար դժվար է ձեռք քաշել այդ կարգի մեծ գումարներից:
Փաստորեն, ԵՄ-ի երկրներին եւ Ուկրաինային ձեռնտու չէ հաշտվել վերը նշված տարածքների եւ այդ մեծ գումարների կորստի հետ: Իսկ Թրամփի հայտարարությունը՝ կապված այդ պատերազմի ավարտի հետ, դատարկ հայտարարություն է դառնում, քանզի ԱՄՆ-ը բոլոր ուժերը չի ներդնում այդ պատերազմն ավարտին հասցնելու համար: Իրականում, Թրամփի հայտարարությունն այդ պատերազմն ավարտին հասցնելու համար, դառնում են զուտ դատարկ խոսքեր եւ այն անորոշ ժամանակով կերկարի:
Կարդացեք նաև
Փաստացի, ԵՄ երկրները եւ Ուկրաինան ֆաշիստական մոտեցում են հանդես բերում Ռուսաստանի նկատմամբ եւ եթե ավելացնենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը նաեւ Իսրայելի հետ պատերազմում են Իրանի հետ, պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը չի կարող միաժամանակ ռեալ խառնվել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորմանը, որը բերում է այդ հակամարտության անորոշ ժամկետով ձգձգմանը: Այս լարված պայմաններում ԱՄՆ-ը չի կարող ռեալ միջամտություն անել այդ պատերազմի խաղաղ կարգավորմանը, մյուս կողմից էլ՝ եւ ԵՄ-ին, եւ Ուկրաինային կապող շատ ամուր բան կա՝ մեծ գումարների անվերահսկելի կուտակում, որը երկու կողմերին էլ շատ ձեռնտու է:
Ստեղծվել է մի իրավիճակ, որ եւ ԵՄ-ն, եւ Ուկրաինան մեծ գումարներ են գռփում, նրանց ձեռք չի տալիս Ռուսաստանի կողմից գրավյալ տարածքները թողնել նրան, իսկ ԱՄՆ-ն էլ Իրանի հետ մեծ պատերազմի մեջ է, որի պատճառով չի կարողանում միջամտել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը: Մյուս կողմից էլ՝ Թրամփը շարունակաբար հայտարարում է, որ սա Բայդենի պատերազմն է եւ ինքը չի փորձում մեծ ջանքեր գործադրել այս պատերազմի ավարտի համար:
Փաստացի, վերջին մի քանի ամիսներին երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի համաձայնությամբ փորձ արվեց եռակողմ ֆորմատով հասնել խաղաղության, բայց բոլոր դեպքերում էլ այն լուրջ արդյունքներ չտվեց եւ դրանք ձախողվեցին: Այս պահի դրությամբ այդ բանակցությունները փակուղի են մտել եւ հույսեր չկան դրանք դեպի ավարտ հասցնելուն: Փաստորեն, ռուս-ուկրաինական պատերազմը գնալով էլ ավելի է թեժանում եւ ամենայն հավանականությամբ այն ոչ թե արագ կավարտվի, այլ կվերաճի նոր համաշխարհային պատերազմի սկսմանը, որը հավանաբար կլինի միջուկային եւ սկիզբ կդրվի աշխարհի կործանմանը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
11.04.2026


















































